пятница

Սղոցված ծառի անհայտ ճակատագիրը



Դեռեւս հոկտեմբերին Արագած ճեմափողոցում գտնվող այս ծառի ներքեւի հատվածի մի մասը  սղոցել էին, սակայն ծառն ամբողջությամբ չէին կտրել: Թե ով էր սղոցել, մինչեւ հիմա էլ պարզ չէ. բնակիչներն ասում են, որ փողոցի շինարարությանն էր խանգարել, դրա համար էլ փորձել էին ծառը կտրել:
Նոյեմբերի 16-ին «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը ահազանգ էր ստացել, որ Արագած ճեմափողոցի այդ ծառը կտրում են: Տեղում մեզ ասացին, որ այն էտել են անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի ծառը շուռ չգա, քանի որ ներքեւի մասից արդեն սղոցված էր: Այսպես հավաստիացրեց մեզ ճեմափողոցում գտնվողներից մեկը: Զրուցակիցս, ով չցանկացավ ներկայանալ եւ տեսանկարահանվել, հավաստեց, որ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը տեղյակ է տեղի ունեցածից եւ առանց քաղաքապետարանի գիտության իրենք ոչինչ չէին ձեռնարկի: Տեղում այդ պահին շինարարների չհանդիպեցինք, ուստի դիմեցինք քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանին:
Նա պարզաբանեց, որ անհայտ անձը նախկինում սղոցել էր ծառի մի հատվածը, եւ ոստիկանությունը չի հայտնաբերել, թե ով է եղել սղոցողը: Քաղաքապետարանը, իրոք, տեղյակ է այդ ամենից եւ եթե ծառը չէտեին, ուժեղ քամու դեպքում այն կարող էր շրջվել: Իսկ հետագայում ի՞նչ ճակատագիր է սպասում ծառին, հարցրեցինք Զ.Եգանյանին: «Լավ կլինի, որ հետագայում այն ամրանա»,-ասաց նա:
Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն առավոտյան եղել է Արագածի ճեմափողոցում, ծառի էտումն էլ, իր կարծիքով, նորմալ կերպով է տեղի ունեցել: Հնարավո՞ր էր, որ առանց էտելու ծառը հետագայում չշրջվեր, հարցրեցի Գ.Պետրոսյանին: «Հստակ չեմ կարող ասել, ծառի մի հատվածն արդեն հատվել էր եւ հնարավոր է հետագայում ծառը չորանա»,- նշեց զրուցակիցս:
Անահիտ Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий