воскресенье, 30 марта 2014 г.

Վիքիակումբը գործում է ողջ թափով

Սախարովի կենտրոնի «Գյումրու ԻնֆոՏուն» տեղեկատվական կենտրոնի նպատակն է քաղաքացիների համար դառնալ տեղեկատվություն ստեղծող և սփռող մատչելի միջավայր, որտեղ կենտրոնացված են ինֆորմացիա ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային ներուժ և տեխնիկական միջոցներ: «Գյումրու ԻնֆոՏուն» տեղեկատվական ռեսուրս կենտրոնը՝ կիսելով ազատ գիտելիքի և բովանդակության անհրաժեշտության ու հանրության համար դրանց հասանելիության գաղափարները, իր աջակցությունն է հայտնել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ին՝ Գյումրիում 2014թ. փետրվարից ձևավորված «Վիքիակումբին», որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակությունը: Ըստ նախագծի կազմակերպչիների այս ձևով հայերեն Վիքիպեդիան էլ ավելի մասսայական կդառնա և մարդիկ ավելի շատ հայերեն լեզվով հոդվածներ կկարողանան կարդալ կայքում: Ինչ լավ կլիներ, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն մեկ հայերենով խմբագրված հոդված տեղադրեր hy.wikipedia.org կայքում: 
ԵՎ Վիքիակումբն սկսել է իր աշխատանքները, իսկ արդյունքն ակնհայտ է.  «Մեկ հայ, մեկ հոդված» նախագծում մեր երիտասարդները «չափը անցել են»` մեկի տեղ 10, 20, 30, …100 հոդվածներ են գրում-տեղադրում /շուտով Գյումրու Վիկիակումբը կանցնի 1000-ի սահմանը/: Կեցցե'ք երիտասարդներ, ավագ սերունդը պետք է օրինակ վերցնի: Այս պահին Գյումրու ինֆոտանը Վիկի ակումբի մի խումբ «առաջամարտիկներ» խմբագրում են Վիկիպեդիա հանրագիտարանի «Քաղաքացիական լրագրություն», «Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինա-կան», «Մարկ Տվեն», «Գյումրու Սև բերդ /Սև ղուլ/ և այլն» հոդվածները: Աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են և բավական բարձր է դրված «նշաձողը», այս պարագայում ջանք-եռանդ չեն խնայում Գյումրի Վիկիակումբի ղեկավար Կարեն Տերտերյանը, փորձագետներ Մհեր Բեքարյանը, Վաչագան Ղռաթյանը: 
Արշավին արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ և ուղղակի սրտացավ հայեր: Եթե ցանկանում եք մասնակցել «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին և չգիտեք ինչպես, կարող եք դիմել Գյումրի Վիքիակումբին: Ի դեպ, Ֆեյսբուքում բացված է Գյումրիում հիմնված Վիքիակումբի գործունեության համակարգման, փոխօգնության աշխատանքային խումբ, կարող եք հեռակա ակտիվ մասնակցություն ունենալ և մասնակցել առկա քննարկումներին` ք.Գյումրի, Մ.Մկրտչյան 38 ա/1:

воскресенье, 9 марта 2014 г.

Արա Պապյանը հյուրընկալվեց «Վիկտորիա» պատմաբանների ակումբ

Մարտի 8-ին  Գյումրի Ինֆոտանը տեղի ունեցավ «Վիկտորիա» պատմաբանների ակումբի հերթական հանդիպումը:  «Վիկտորիա» ակումբի հյուրն էր դիվանագետ, պատմաբան, հասարակական գործիչ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Հանդիպմանը ներկա էին Պատմաբանների ակումբի անդամները, հասարակական կազմակերպությունների և հայանքների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 
Հանդիպման ընթացքում ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը. հնարավորություններ և հիմնախնդիրներ» թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց. ներկաները կիսվեցին իրենց մտորումներով և հարցերով:Իսկ ակումբի գրադարանը համալրվեց ևս մի քանի արժեքավոր գրքերով:

понедельник, 3 марта 2014 г.

Վիքիակումբ Գյումրի

Պատկերացրու աշխարհը, որտեղ մարդկության ողջ գիտելիքները հասանելի են յուրաքանչյուրին... Պատկերացրեցի՞ր... Սա Վիքիմեդիա Հայաստանի տեսլականն է և մենք ցանկանում ենք, որ այդ գիտելիքները հասանելի լինեն հայոց լեզվով և ողջ աշխարհում: Իսկ դո՞ւ...

«Վիքիակումբ Գյումրի» ծրագրի նպատակն է Հայաստանի երկրորդ քաղաքում ձևավորել ակումբային ձևաչափով գործող ակտիվ վիքիհամայնք ու միջավայր, ուր ընդգրկված մասնակիցները կնպաստեն ազատ գիտելիքի ու բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը:
Դրան հասնելու համար դասընթացը հնարավորություն է ստեղծում ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն ինքնուրույն գործունեություն ծավալել:

Դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, շաբաթական երկու առկա հանդիպում պարբերականությամբ, ինչպես նաև դրանց միջև ընկած օրերին՝ առցանց խորհրդատվության ու հանձնարարությունների տեսքով: Առաջին հանդիպումը լինելու է մարտի 8-ին: Հաջորդ հանդիպումները կորոշվեն ընտրված մասնակիցների հետ համաձայնեցնելով:

Թեմաները մատուցվելու են պրեզենտացիաների տեսքով, լինելու է փորձի ներկայացում, քննարկումներ, նյութի ինքնուրույն ու խմբային ուսումնասիրություն, դրանց տեքստային ու մեդիա նախապատրաստում: Յուրաքանչյուր տեսական նյութ ամրապնդվելու է գործնական աշխատանքով (ռեալ իրավիճակներ նմանակող վարժություններ, առցանց փորձարկումներ, թարգմանություններ, իրական գործողություններ և ներդրում): Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:


Մասնակիցներն ընտրվելու են Շիրակի մարզից (ավագ դպրոցների սաներ, ուսանողներ, 18-30 տարեկան երիտասարդներ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ)` իրենց մոտիվացիայի, փորձի և առկա զբաղվածության ու հետաքրքրությունների հիմքով:
Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 5-ը, ժամը 23:59 լրացնել էլեկտրոնային այս դիմում-հայտը:

Ցավոք, տեղերը սահմանափակ են և կատարվելու է ընտրություն: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մեկ օրվա ընթացքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (095) 132-540 հեռախոսահամարով:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագիրն իրականացնում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Գյումրի Ինֆոտուն» ռեսուրս կենտրոնի աջակցությամբ: