понедельник

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում:
Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած  բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում, ինչ բաժին հասներ, նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր  նրանց բախտը:
Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում:

Նախկինում այս տոնը շատ մեծ շուքով և ուխտագնացություններով էր նշվում այն պարզ պատճառով, որ Սուրբ Սարգիսն իր բազմաբնույթ  գործառույթներով առանձնանում է հայ սրբերի շարքում: Սուրբ Սարգիսն այժմ համարվում է սիրո բարեխոս կամ սիրահարների սուրբը միայն, մինչդեռ նախկինում նա եղել է  ընտանիքի պաշտպան սուրբը (այս առումով նա նույնանում է Արա Գեղեցիկին և մեռնող ու հառնող աստվածներին): Ամուլ կանայք դիմել են նրա բարեխոսությանը, հղի կանայք հայցել են նրա օգնությունը՝  դյուրին ծննդաբերելու համար, ճամփորդները խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը, հատկապես փրկել քամիներից, կայծակներից և գայլերից, նույնիսկ խաղաղեցնել փոթորկոտ ծովը, հավատում էին, որ նա իր արագընթաց սպիտակ ձիով կհասնի ամենուր և կօգնի բոլորին: Սիրահար երիտասարդները, հավատալով նրա արդար դատաստանին, դիմել են նրա միջնորդությանը` բռնի ամուսնությունները խափանելու համար, կամ փախած ամուսնական զույգը նրա զորությամբ ցանկացել է մեղմացնել ծնողների զայրույթը: Տարբեր հիվանդությունների ժամանակ դիմել են սրբի օգնությանը: Պատերազմի ժամանակ նրա հովանավորությամբ գնացել են կռվի դաշտ և գերիների ազատման համար հավատացել նրա ամենազորությանը:
Պատմական Հայաստանի տարածքում Սուրբ Սարգսի անունով շատ սրբատեղիներ կան, եկեղեցիներ, մատուռներ, նույնիսկ լեռներ: Պատահական չէ, որ նրան անվանել են ցանկություններ կատարող սուրբ: Տոնի նախօրյակին պահք կամ ծոմ են պահել, ապա ուխտի գնացել սրբի ուխտավայր, մատաղ արել և տոնախմբություններ կազմակերպել:
Վերջապես, տոնի առիթով սովորություն է եղել շնորհավորել Սարգիս անունը կրողներին, իսկ սկեսուրները նվերներով և քաղցրեղեններով գնացել են հարսնացուների մոտ:
Աղի բլիթ
1 բ. ալյուր
1 ճ. գ. աղ
ջուր
Հունցել աղի խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:
Փոխինձի գնդիկներ
1 բ. փոխինձ
1/2 բ. դոշաբ (կամ մուրաբայի հյութ)
50 գ կարագ
Փոխինձը և դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:
Բաղարջ
Առանց թթխմորի և աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ  դրամ կամ  պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:
Խաշիլ
1 բ. փոխինձ
1 ճ. գ. յուղ
1 բ. թան
աղ
Ջուրը եռացնել, ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին ավելացնել յուղ և թան:
Խավիծ
Ջուրը եռացնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ մատուցել տաք վիճակում:
Կլոնդակ
Փոխինձը շաղել յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:
Թթվասերով հալվա
1/2 բ. թթվասեր
1 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
դարչին
Սարի թարմ թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ, հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:
Հալվա
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
1/2 բ.  տահին
1/2բ. գետնանուշ
1 թ.գ. դարչին
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել:  Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:

Комментариев нет:

Отправить комментарий