среда, 20 января 2016 г.

«Բարձր լարում»

Ներկայացնում է Լուսինե Զաքեյանը 

Հունվարի 16-ին «Գյումրի jazz» ակումբում տեղի ունեցավ Արմինե Բոյաջյանի «Բարձր լարում» գրքի շնորհանդեսը: Վեպը գրվել է` 2015 թվականի  ամռան ամիսներին էլէկտրաէներգիայի  սակագնի  թանկացմանն ուղղված խաղաղ ցույցերի դեպքերի հիման վրա: Գրքի մեջ նաև իր տեղն է գտել Գյումրիում իրականացված թեժ պայքարի դրվագները: Հեղինակը հենց գյումրվա բարբառով է ներկայացրել այդ հատվածը.

 «Մեծ Ջահը անցնում էր փողոցներով: Պատուհաններից երևում էին բազում անտեղյակ աչքեր: Էդ աչքերից շենքերը ավելի քարանում, դամբարաններ էին դառնում: Շենքերը կորցրել էին արձագանքը, ապրեցնող հույսի քաղաքը տխրել էր:
- Էս ինչի եք Էսքան անտարբեր,- հարցրեց Քաղաքը
- Մեջը բան չի փոխվե,- ասաց մի կարճլիկ, սովետից մնացած մի հինգ Հարկանի։
-Իսկ էն, որ ես ձեր մեջ եմ, դուք՝իմ, դա էլ բան չի՞ փոխել,-ասաց Քաղաքը։
Հինգ Հարկանին կարմրին տվեց ու սսկվեց։
-Էս ե՞րբ էսպես լռակյաց դարձաք,-հարցրեց քաղաքը։
-Սթափվե՜ք․․․
Չորս կողմերից հնչում էր մի ձայն։
-Ինչի՞ կբոռաս, ինչի՞ կբոռաս, քիչ մը ռեալիստական խաղանք,-արձագանքնեց  Հին օրերի երգը։
Ու էդ աղմուկի մեջ քչերն էին լսել Քաղաքի իրական բղավոցը, որը եղել էր հենց սկզբից՝ Ջահի քայլքից էլ առաջ։
-Սթափվե՜ք․․․»։
Հեղինակը նշեց որ` գիրքը կազմված է երկու սյուժեից: Մեկը Բաղրամյան դեպքերի մասին է, մյուսը գյուղի ու գյուղացու: Նաև խոսվեց գրքի կազմի մասին. կազմին պատկերված է ճանճ, որը սերտը կապ ունի և´ գյուղի, և´ Բաղրամյանի դեպքերի հետ:
 - Ճանճը մի դեպքում գյուղում փչացնում է մեղրը` ընկնելով նրա ամանի մեջ, իսկ մյուս դեպքում ճանճերը  մեր  կյանքում են, որ խանգարում են մեզ ապրել, ինչպես մեր շատ պաշտոնյաները,- ասում է Արմինե Բոյաջյանը:

Հեղինակը նշեց, որ ստեղծագործության վրա սկսել է աշխատել սեպտեմբեր ամսից, իսկ ավարտին հասցրել երեք ամիս անց: «Բարձր լարում -ը բաղկացած է 113 էջից, նախնական տպագրվել է  200 օրինակ`  2500 դրամ արժեքով: Հեղինակի խոսքերով՝ գրքի պահանջարկը մեծ է, այդ իսկ պատճառով լինելու է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը:   

Комментариев нет:

Отправить комментарий