2021թ. դեկտեմբերի 15-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը կայացավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում փորձագետ Ղարիբ Հարությունյանը, և օգնականներ Թամարա Խաչատրյանն ու Անուշիկ Ղազարյանը ներկայացրեցին «Ամասիա համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի վերլուծություն» զեկույցը: Հանդիպմանը մասնակցում էին Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակազմի և Ամասիա համայնքի ՔՀԿ ներկայացուցիչներ, Գյումրու տարբեր ՀԿ-ներ ներկայացնող աշխատակիցներ և Գյումրու տնտեսագիտական համալսարանի ուսանողներ:
Բանախոսները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը: Առավել մանրամասն անդրադարձ եղավ Ամասիա համայնքի ընդհանուր բնութագրին ու սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությանը, Ամասիա համայնքի զբաղվածության և կրթական մակարդակի վերլուծությանը, Ամասիա համայնքի 2017-2021թթ․ հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի ծախսային ցուցանիշների վերլուծությանը:
Առավել կարևորվեցին հետազոտողների կողմից հնչած եզրակացություններն ու առաջարկությունները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Ներկաների կողմից հնչեցին բազմաբովանդակ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Հանդիպման երկրորդ մասում Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան համակարգող Լուիզա Զաքեյանը ներկայացրեց Ինֆոտան կողմից ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացված այլ գործողությունների մասին: Խոսվեց «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման, դրանցում երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին:
Հանդիպման վերջում ներկաներին բաժանվեցին «Ամասիա համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի վերլուծություն» զեկույցի տպագիր օրինակներ և Սախարովի կենտրոնի Գյումրի Ինֆոտան գործունեությունը լուսաբանող թերթոններ:
Սույն հետազոտությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն
հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների
ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման
կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել
հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների
գործընթացում: