среда

«Աշակերտները շատ ավելի հանդուրժող են, քան մեծերը». Հարցազրույց «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ


«Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյան 

-     -  Պարոն Ղազարյան, Կո՞ղմ եք արդյոք համընդհանուր ներառականությանը, թե՞ ամեն դեպքում ճիշտ էր մի քանի ներառական դպրոցներ ունենալը:
-         Նախ, ողջունում եմ համընդհանուր ներառական կրթության իրականացումը, սակայն ըստ իս մի փոքր շտապողականություն է ցուցաբերվել համընդհանուր ներառման անցնելու հարցում: Արդյո՞ք մարզի բոլոր դպրոցներն են պաստրաստ դրան և արդյո՞ք աջակցության խմբում ներգրավված մասնագետների խնդիր չկա մարզում: Կարծում եմ, կա և ավելին․ շատ դպրոցներ դեռևս ապահովված չեն տարրական պայմաններով ներառական կրթություն իրականցնելու համար, հարմարեցված պայմաններ ԿԱՊԿՈՒ աշակերտների համար, ռեսուրս-սենյակներ, հարմարեցված սեղան, աթոռ, հարմարեցված սանհանգույց և այլն, իհարկե, նշված խնդիրները մեր դպրոցում առկա են: Կողմ եմ համընդհանուր ներառմանը, սակայն ցանկալի կլինի, որ համընդհանուր ներառման անցնելուց առաջ ավելի մանրամասն մշակվեին բոլոր այն դրույթները, որոնցով պետք է առաջնորդվեն ուսուցիչները, տնօրենները: Օրինակ՝ գնահատման չափորոշիչներ, համընդհանուր ներառման միջավայրի ձևավորում:

- Ի՞նչ եք կարծում, ուսուցչի օգնականի ինստիտուտը կայացա՞ծ է դպրոցներում: Ինչքանո՞վ են ուսուցիչները, ուսուցչի օգնականները պատկերացնում իրենց գործառույթները: Ինչո՞վ են օգնելու, ինչ գործառույթներ են կայացնելու ուս. օգնականները:
- ԿԱՊԿՈՒ սովորողներին մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մանկավարժական աշխատողներն ունեն իրենց պարտականությունները, այդ թվում նաև ուսուցչի օգնականները: Ուսուցչի օգնականի ինստիտուտը հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում, որի հիմնական նպատակը բոլոր սովորողների համար որակյալ կրթության ապահովմանը աջակցող մանկավարժական դիսցիպլինար (առարկայական) որոշակի խնդիրների շուրջ համապատասխան ծառայությունների տրամադրումն է: Ուսուցչի օգնականի պարտականությունները հստակեցված են համապատասխան փաստաթղթով: Նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը, օժանդակում է ուսուցիչներին, այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում, մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին, մասնակցում է դպրոցի մեթոդմիավորումների աշխատանքներին: Մեր դպրոցում և ուսուցիչները  և ուսուցչի օգնականը տիրապետում են իրենց գործառույթներին և համատեղ կազմում են դասի աշխատանքային պլանը, աշակերտի ԱՈՒՊ-ը որը շուրջտարյա գործընթաց է:

вторник

«Գիրք կարելի է նվիրել ամեն օր, գիրք պետք է կարդալ ամեն օր»


«Գիրք կարելի է նվիրել ամեն օր, գիրք պետք է կարդալ ամեն օր» հանդիպում-քննարկումը Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը՝ կայացավ...
Գրքի մասին խոսել-քննարկելու համար հավաքվելը ճապոնական թեյախմության պես մի բան է: Հոգևոր ներսդ լցվում է մի հաճելի ջերմությամբ, ինքդ քեզանից հեռանում ես ու մոտենում, զգացականդ նորոգվում է, միտքդ սավառնում՝ հեղինակից հեղինակ մի նոր թափով: Քննարկում էինք գիրքը՝ իր ներս ու դրսով, իր անշոշափելի նյութականությամբ, իր ապրած-չապրածով, իր ասած-լռածով, լավ ու վատով, ձևով ու բովանդակությամբ: Երկու բառով ասած՝բացում էինք գրքի ակնահաճո ու սրտահաճո երեսները: Ու զրույցը շիկանում էր հենց նման հակասությունները քննարկելիս, մտքերի բախման արդյունքում, որն առաջնորդում էր դեպի մեկ այլ գրքավիճակի, մեկ այլ բացապարզման: Այդ շիկացումն այնքա՜ն նման էր բաժակի մեջ կրկին տաք թեյ լցնելուն:

Հ.Գ. Ես չէի դիմանա, եթե կատակով չասեի, թե ինձ համար հայտնաբերել եմ, որ գրադարանի գիրքը նման է ուրիշի կնոջ. վերցնում ես, զգուշությամբ կարդում, խուսափում ես որևէ հետք թողնել ու պիտի վերադարձնես սահմանաված ժամանակին, աչքդ դեռ կարոտ նրան՝ թերթ առ թերթ: Այստեղ տղամարդ ներկաներն ընդվզեցին, նշելով, որ ուրիշի կինը, այնուամենայնիվ շա՜տ անուշ է…

Եվս մեկ Հ.Գ. Ինչքան էլ խոսես, գրքի թեման միշտ կիսատ կմնա, թերևս նրա ֆենոմենն ու դեպի իրեն կրկին ձգելու մոգականությունն հենց դրանում է՝ ամբողջանալու ձգտման մեջ: Ուստի մասնակիցների խնդրանքով և պնդմամբ որոշվեց, որ նման հանդիպում-քննարկումները լինելու են ավելի հաճախակի ու շարունակական…

Մի վերջին Հ.Գ. Իսկ այս կենտրոնում զրույցներն ավարտվում են ինտելեկտուալ հարցերով, մրցանակային հաճելի անակնկալներով...

Գրառումը՝ Լուսինե Աղաջանյանի