вторник

Մարդկային պատմություններ. Բայց բոլոր դրական ակնկալիքներս հօդս ցնդեցին...

 2004 թվականին ամուսնանալուց հետո  պետք է տեղափոխվեինք ապրելու Արցախ, քանի որ ամուսինս զինվորական էր և ծառայում էր ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի գյուղ Սրխավենդում:

Որևէ պատկերացում չեմ ունեցել ու երբևէ չէի մտածում, որ Արցախ եմ գնալու և առավել ևս ապրելու եմ այնտեղ: Այդ ամենն անակնկալ և հապճեպ ստացվեց.  նույնիսկ չէի հասցրել այդ մասին երկար մտածել: Արցախի մասին առաջին անգամ լսել էի դպրոցական տարիքում, երբ Արցախյան պատերազմն էր ու միշտ դրական կարծիքներ էի լսել: Ըստ դրանց, ինքս իմ մեջ պատկերացրել եմ, որ գնալու եմ իմ քաղաքի`Գյումրու նման ինչ-որ քաղաք ապրելու:

Գյումրուց մինչև Ստեփանակերտ ամբողջ ճանապարհին հորդառատ անձրև էր գալիս: Եվ երբ հասա Արցախ, մի քանի օր պետք է մնայինք Ստեփանակերտում: Ճիշտն ասած ես զարմացել էի, որ քաղաքը պատերազմից հետո այդպես արագ վերականգնվել էր և ուներ գեղեցիկ, բարեկարգ տեսք: Պատկերացումներս Ստեփանակերտում արդարացված էին, բայց երբ հասանք այն վայրը, որտեղ հիմնական  բնակություն էինք հաստատելու՝ Կիչան, բոլոր դրական ակնկալիքներս հօդս ցնդեցին:

Պատերազմն ավարտվել էր տասը տարի առաջ, բայց զգացվում էր պատերազմի շունչը, քանի որ առաջնագիծը եղել էր մեր բնակարանից մեկ կմ հեռավորության վրա: Այդ օրն առավոտից առատ ձյուն էր գալիս, որը տվյալ ամսվա և տվյալ վայրի համար տարօրինակ էր: Այն մնաց շուրջ մեկ ամիս և երկար ժամանակ չհալվեց: Այստեղ չկային ապրելու համար տարրական պայմաններ: Առաջին և երկրորդ օրերը ստիպված էի տաքանալ արդուկով, քանի որ չկար գազօջախ։

Հիշում եմ, երբ հասանք այն տունը, որտեղ ապրելու էինք, ես մեքենայից իջեցրեցի իմ բոլոր գեղեցիկ կոշիկները: Եվ շատ զարմացա, որ ամուսնուս քեռին ասաց. «Աղջիկ ջան, իզուր ես այսքան կոշիկներ բերել, քեզ այստեղ ընդամենը մեկ զույգ ռեզինե, հարմարավետ, երկար կոշիկներ են պետք, կալոշ»:

Տպավորիչ էր նաև, որ դուրս եկա բակ, տեսա մի քանի գոմեշ և վայրի խոզեր, որոնք ես նախկինում տեսել էի միայն նկարներում և հեռուստացույցով: Իսկ տեղի բնակիչների համար դա սովորական էր`ամենօրյա երևույթ: Բավականին դժվար էր նաև կապ հաստատել Հայաստանի իմ բարեկամների հետ, քանի որ բջջային հեռախոսով  զանգելու համար անհրաժեշտ էր բարձրանալ մոտակա սարը և փորձել կապ հաստատել, և դա ոչ այդքան հաճախ էր սատցվում: Իսկ այնտեղ ապրող մարդիկ միմյանց հետ խոսում էին պատշգամբից պատշգամբ գոռալով: Չնայած այդ դժվարություներին, Արցախի յուրօրինակ բնությունը և պատմամշակույթային բացառիկ կոթողները, տարածաշրջանի բոլոր թերությունները վերածում էին հիացմունքի ու զարմանքի:

Այն ճամփորդելու համար հիասքանչ վայր է, որը մեծ հետաքրքրություն և զարմանք կառաջացնի  զբոսաշրջիկների մոտ: Մարտակերտի շրջանը կհիացնի զբոսաշրջիկներին իր պատմամշակույթային գեղեցիկ կոթողներով՝ Գանձասարով, Վանքասարով, Տիգրանակերտի ամրոցով։

Մեկ տարի ապրելուց հետո, ես և ամուսինս որոշեցինք վերադառնալ Հայաստան: Մեզ հաճախ են ասում, թե որ այնտեղ մնայինք, ամուսինս բարձր պաշտոնի կհասներ և միգուցե ուրիշ կարգավիճակով կգայինք Հայաստան, բայց այդ պահին մեզ համար կարևորը մեր առաջնեկ երեխան էր, նրա ապագան և բարեկեցիկ մանկությունը, իսկ պաշտոնը և այլ կարգավիճակը երկրորդական էին:

Ճիշտ է, 44-օրյա պատերազմից հետո մեր գյուղը շարունակում է մնալ Արցախի տարածքում, բայց ցավում եմ, որ մի շարք հին հայկական պատմամշակույթային կոթողներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այդ ամենով հանդերձ, ուրախ եմ, որ ունեցել եմ հնարավորություն ապրելու և իմ աչքերով տեսնելու այդ հիասքանչ տարածաշրջանը:





Նյութի հեղինակ՝ Լիլիկ Ամիրխանյան
Հոդվածը ստեղծվել է Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան՝ «Լրագրության ժամանակակից տենդենցներն ու մարտահրավերները» դասընթացի արդյունքում:

пятница

Մարդկային պատմություններ. Ու մենք ապրում ենք, ապրում՝ ամեն մեկս մեր սրտում մի վիշտ փաթաթած...

Առավոտ էր, բայց ոչ սովորական ու հանգիստ առավոտներից մեկը։
Արթնացա հեռուստացույցի ու տանեցիների բարձր ձայներից։
Դեռ կիսաքուն, աչքերս հազիվ բացելով՝ գնացի հյուրասենյակ, հյուրեր ունեինք, աղոտ եմ հիշում նրանց խոսակցությունը, միայն մի բառ էր տպավորվել իմ մեջ այն էր՝ պատերազմ։ Տեղումս քարացա, շուրջս ամեն ինչ փոխվեց, հետո սիրտս արագ-արագ խփեց, թվում էր՝ պատերազմ է գոռում։
Ինչ քաոս, ինչ լաց ու անհանգստություն էր պաշարել բոլորին։
Մեկը՝ որդի, մյուսը՝ ամուսին, եղբայր, լավ ընկեր և կամ սիրած էակ ունեին սահմանին։
Ես էլ սկսեցի մտածել մտերիմներիս մասին, ովքեր սահմանին էին։
Ախր շատ էին նրանք, այնքան շատ...
Հերթով մտաբերում էի նրանց անունները՝ ինքս ինձ անվերջ կրկնելով, որ լավ է լինելու։

Մի օր էլ քայլում էի, պատերազմի մասին շշուկները քաղաքից հավաքելով, և հանկարծ հիշեցի հին ու բարի ընկերներիցս մեկին՝ Հրայրին։
Հրաշալի մարդ էր, իսկական ընկեր, սրտացավ և հոգատար, կամեցող և բարի, հայրենիքին նվիրված զավակ։
Հետը խոսել ուզեցի, վաղուց չէինք զրուցել, կարոտ զգացի, ցավոք չկարողացա կապ հաստատել։
Այդ պահին  ինձ պաշարեցին այն մտքերը, որ նա էլ է առաջնագծում, երկբայեցի, ախր Քառօրյային առաջնագծայիններից էր եղել, ինչևէ, կասկածներս մեջս թաղելով՝ շարժվեցի առաջ։
Օրերը լուսանում ու մթնում էին աղոթքներով՝ ամեն վայրկյան բոլորից լավ լուրեր սպասելով։
Դժոխային օրեր էինք ապրում, բայց բոլորս հավատով սպասում էինք, որ վերջապես կավարտվի։
Անհանգիստ էի, չնայած եղբայրներս զանգել էին, գիտեինք՝ լավ էին։ Երեկոյան իմացանք վատթարագույնը. Հրայրս զոհվել էր։
Լուրն իմանալուն պես ներսս փոթորկվեց, զգացի ծանր ու դառնացած կարոտ, չհասցրի խոսել, պիտի խոսեի...
Ապրիլյանը նրան խնայեց, բայց այս պատերազմում հերոսաբար ընկավ։
Ամենածանր գիշերն էր, գլխումս պտտվում էին նրա խոսքերը, կատակները, թե ինչպես էր ինձ բարկացնելու համար ասում, որ հենց գնացի համալսարան, կմոռանամ հին ընկերներիս, իսկ ես նրան հակառակն էի համոզում, ասելով՝ լավագույններին չեն մոռանում։ Այսօր չկա իմ լավագույնը, բայց ես նրան հավերժ հիշելու եմ ու պատմելու նրա մասին։
Թվում էր՝ սա վերջն է, ուժասպառ էի եղել, չէի կարողանում դասերին մասնակցել, ներսս դատարկվել էր։
Ժամանակի ընթացքում կարողացա հավաքվել, ուժ գտնել։
Հասկացա, որ հերոսների չապրած օրերի գնով եմ ես հիմա ապրում, ու պիտի արժանապատիվ ապրեմ, լավ գործերով լցնեմ կյանքը։ Պիտի ապրեմ ու որդուս Հրայր կոչեմ։
Ու պիտի ապրենք, ամեն մեկս մեր սրտում մի վիշտ փաթաթած...


Նյութի հեղինակ՝ Սիլվա Մխիթարյան
Հոդվածը ստեղծվել է Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան՝ <<Լրագրության ժամանակակից տենդենցներն ու մարտահրավերները>> դասընթացի արդյունքում:


среда

Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Պատրիկ Սվենսոնի այցը Գյումրի ինֆոտուն

Մայիսի 11-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը հյուրընկալեցինք Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Պատրիկ Սվենսոնին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Գյումրի ինֆոտա
ն 10-ամյա գործունեությունը, իրականացրած ծրագրերը, խոսեցինք համայնքային խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:



Գյումրի ինֆոտան անդամները ու շահառուները նշեցին, թե ինչ ազդեցություն է ունեցել ու շարունակում է ունենալ Գյումրի ինֆոտունն իրենց կյանքում, ինչ հմտություններ ու կարողություններ են ձեռք բերել քաղաքացիական լրագրության, բլոգինգի, մեդիագրագիտության, քննադատական մտածողության և այլ դասընթացների շնորհիվ:


понедельник

Անորոշ իրավիճակ ու վախ՝ վաղվա նկատմամբ

Հայաստան վերադարձած արցախցիներն ունեն կեցության խնդիրներ

«Ես արդեն վախով եմ մտածում վաղվա մասին, տան համար ինչ որ իր գնելու մտադրություն եւ ցանկություն այլեւս չունենք, ապրում ենք ներկա օրով»,-ասում է բազմազավակ մայր, 33-ամյա Տատյանան, որն Արցախի մեծ ու կահավորված նոր բնակարանը թողել է ադրբեջանական կողմին ու ընտանիքով հազիվ հասել Հայաստան։ Ոչ միայն Տատյանան, այլեւ արցախցի շատ մայրեր ու հայրեր, ցավոք, անվստահությամբ են լցված ապագայի նկատմամբ։ Հայաստանում, թե այլուր նրանք նոր տուն ունենալու մասին վախով են մտածում չէ՞ որ դժվարությամբ եւ քրտինքով վաստակած, ձեռք բերած ունեցվածքն ամիսներ առաջ ամբողջովին թողել ու հեռացել են կարոտով։ Հոգեբանական այս խնդիրը խորքային է, բնորոշ վերադարձած բոլոր արցախցիներին, ապագայի նկատմամբ նրանց վախն ու մտահոգությունն անտանելի է։

Վերադարձած արցախցիների մեծ մասն Հայաստան է եկել մեկ պայուսակով, իրենց հետ բերել առաջին անհրաժեշտության իրեր, կարեւոր փաստաթղթեր։ Նրանք Հայաստանում որոշակի գույք, իրեր ստացել են բարեգործական կազմակերպություններից, անհատներից, պետական աջակցության արդյունքում։ Ովքեր չեն հասցրել անհրաժեշտ փաստաթղթեր բերել, ավելի մեծ դժվարությունների են հանդիպել։ Պատմում են, որ փաստաթղթի բնօրինակ ստանալու համար հաճախ Երեւան եւ Ստեփանակերտ են իրենց կանչում, օրերով սպասում։ «Առանց այդ փաստաթղթերի մեզ պետական աջակցություն չեն տալիս, բացի այդ, զոհված զինվորի ծննդյան վկայական են պահանջում, որն ինձ հետ չեմ կարողացել բերել։ Ստիպված 20 հազար դրամ գումար պիտի ծախսեմ, որ գնամ, հասնեմ Ստեփանակերտ, արխիվին հարցում անենք, որպեսզի այդ թուղթն էլ բերեմ, իրենց տամ»,-պատմում է որդեկորույս հայրը։

Պատերազմի օրերին Արցախից Հայաստան էր վերադարձել շուրջ 150 հազար քաղաքացի։ Մեծ մասը վերադարձել է։ Մինչ այժմ նրանցից մոտ 25 հազարն  է շարունակում ապրել Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, որոնց առաջնային խնդիրը մնում է աշխատանք ու սեփական տանիք չունենալը։ Արցախից ժամանած քաղաքացիների գերակշիռ մասը հաշվառվել է տարածքային զբաղվածության կենտրոններում, նրանք փորձում են ընդունվել աշխատանքի, բայց գործընթաղը երկար է տեւում։ Ասում են՝ Հայաստանում գործ գտնելն ահագին դժվար է։

Եթե Արցախում 12 ամիս շարունակ նրանք զբաղմունք են ունեցել՝ զբաղվել հողագործությամբ, այգեգործության, անասնապահությամբ, երբեմն էլ ձմռան ամիսներին Ռուսաստանում աշխատել, ապա Հայաստանում գումար վաստակելը չափազանց դժվար է։ Ինչպես իրենք են ասում «Զբաղված ենք պարապությամբ։ Առաջ մենք պետությունից ոչ մի բան չէինք ակնկալում, գլուխներս կախ՝ աշխատում ու ապրում ենք, բայց հիմա անորոշ վիճակ է, ոչ գործ կա, ոչ զբաղմունք»։ Հենց այս պատճառով վերադարձած արցախցիների գերակշիռ մասն արտագնա աշխատանքի մեկնելու մասին է մտածում, նրանք Հայաստանից Ռուսաստան մեկնելու եւ շինարարության բնագավառում աշխատելու փորձեր են անում։

Ամսական 68 հազարական դրամ եւ միանվագ 300 հազար դրամ պետական աջակցությունը նրանք մաս-մաս վճարում են որպես բնակարանի վարձ։ Նախորդ տարեվերջից ինչպես Գյումրիում, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքներում 15-20 տոկոսով բարձրացել է տների ու բնակարանների վարձակալության գումարը, հատկապես, երբ բնակարանն ու տունը կահավորված  է լինում։

Գյումրի տեղափոխվել են այն արցախցիները, որոնք 1996-1997 թվականներից Արցախում են բնակվել, տուն կառուցել, հողամաս գնել, այգի հիմնել ու աշխատել։ Մի մասը բարեկամ-ազգականների տանն է տեղավորվել, մյուսներն ապրում են վարձով։ Արդեն հաշվարկել են պետական աջակցության չափը եւ հասկացել, որ անհնար է այլեւս վճարել բնակարանի վարձ։ «Եթե աշխատաքն լինի, մի կերպ կկարողանանք վճարել այդ վարձը, բայց եթե չկա աշխատանք, միայն պետական աջակցությամբ հնարավոր չէ բնակարանի վարձ տալ»,-ասում են նրանք։ Հայաստանում ապագա որոնող ընտանիքները պետությունից միայն բնակարան, սեփական տուն են խնդրում, ասում են՝ մնացածը մի կերպ իրենք կկարողանան ստեղծել, ինչպես դա արել են  90-ականներին՝ Արցախում։

Արցախյան պատերազմում մոտ 33 հազար երեխայի եւ երիտասարդի կրթության իրավունք խախտվել է։ Պատերազմի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ։ Հայաստան վերադարձած արցախցի դպրոցականների կրթության իրավունքի իրացման խնդիրներով զբաղվել են նաեւ պետական դպրոցներն ու մարզպետարանները։ Նրանց թեպետ ապահովել են գրենական պիտույքներով, դասագրքերով, այնուհանդերձ, հոգեբանական, մասնավորապես, հարմարվելու, միջավայրին ընտանալու խնդիրները դեռեւս առկա են եւ դրանք ամբողջովին չեն հաղթահարվել։ Դպրոցականները պատմում են, որ արցախցի փոքրիկների մոտ առկա  է հարմավելու բարդույթ, առանձնանալու, չինտեգրվելու խնդիր, որոնք ոչ բոլոր դպրոցների աշխատակազմերն են կարողանում օգնել հաղթահարել։

 

Նյութի հեղինակ՝ Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ 
Հասմիկ Համբարձումյան

 

четверг

«Տասը տարվա մեջ ի՞նչ չենք ստեղծել ու առել»․ Արցախում ամեն ինչ թողել ու վերադարձել են Գյումրի

Վակունիս գյուղական համայնքը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում։ Այն տեղաբաշխված է  հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության, իսկ Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։

Համայնքը բարձրլեռնային է, ունի 15727,3 հա տարածք, որից 2466,3 հա՝ գյուղատնտեսական նշանակության, իսկ 12878,8 հա՝ անտառային հողեր են։ Համայնքում ընդգրկված են նաեւ Խաչինտափ, Չորմանք եւ Շամք գյուղերը։

Մինչեւ 2020 թվականի արցախյան պատերազմը Վակունիսում բնակվել է  շուրջ 60 մարդ, եղել 16 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։

2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանի 103 գյուղ՝ այդ թվում Վակունիսը, հայաթափվել եւ անցել Ադրբեջանի հսկողության տակ։

Քաշաթաղի շրջանից բնակիչների գերակշիռ մասը տեղափոխվել է Երեւան եւ Գյումրի։ Գյումրի են վերադարձել հիմնականում նրանք, որոնք 1996-1997 թվականներից տարբեր պատճառներով Գյումրուց տեղափոխվել էին Արցախ։ Լինելով բնիկ գյումրեցիներ՝ նրանք այսօր իրենց, նաեւ երեխաների ապագան կապում են միայն Գյումրու հետ։

3 օր հարեւանի նկուղում՝ մթության եւ վախի մեջ մնալուց հետո 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրի է վերադարձել Աննա Քյուրքչյանն իր անչափահաս 4 երեխաների հետ։ Ամուսինը՝ Սեւակը, այդ ընթացքում եղել է ՌԴ-ում, արտագնա աշխատանքի է մեկնած եղել։ Ասում է՝ հենց իմացել է պատերազմի սկսման մասին, ՌԴ-ից եկել է Երեւան, ապա մեկնել մարտական դիրքեր։ Ռազմական գործողությունների ավարտից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 17-ին Երեւանում նրան մեքենա են տրամադրել Վակունիս գյուղից տան գույքը Գյումրի տեղափոխելու համար։ Սակայն սեփական տունը տեսել է թալանված վիճակում։ «Ոչ մի բան չէին թողել։ Ամբողջ տունը թալանված էր, դա տեսել է նաեւ մեքենայի վարորդը։ Հետո այդ մասին զանգել, ասել եմ մեր գյուղապետին։ Մեր երկու գյուղացիներն էլ են տեսել, որ իմ տունը թալանված է»,-ավելացնում է Սեւակը։

Տիկին Աննան գյուղից դուրս գալիս՝ իր հետ վերցրել է անձնագիրը, երեխաների համար մի քանի շոր, ուրիշ ոչինչ։ Արցախում 10 տարի ստեղծածը թողել-հեռացել է՝ մտածելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո նորից կվերադառնա։

Ամուսինները գյումրեցիներ են։ Գյումրիում նրանք ապրել են վարձով։ 2010 թվականին տեղեկանալով, որ Արցախում տուն, հողակտոր են տրամադրում, երեք անչափահաս երեխաների հետ հեռացել են ծննդավայրից։ Նրանց կրտսեր դուստրը՝ Լուսինեն, ծնվել է Արցախում։ Այստեղ ընտանիքն հատկացրել են տուն, հողատարածք։  Տունը որոշակիորեն վերանորոգել են, ապա որոշել՝ 10 տարի բնակվելուց եւ սեփականության վկայագիր ստանալուց հետո այն վերստին վերանորոգել, բայց այդպես էլ չեն հասցրել։

Գյուղում ամուսինները զբաղվել են գյուղատնտեսական աշխատանքներով, տիկին Աննան միաժամանակ աշխատել է դպրոցում՝ որպես գրադարանավար, իսկ ամուսինը մեկնել նաեւ արտագնա աշխատանքի։ Տունը կահավորել են, գնել գույք, ապրուստ ձեռք բերել։ Սեւակն հարցնում է «Տասը տարվա մեջ ի՞նչ չենք ստեղծել ու առել»։

Ամեն ինչ թողնելով Արցախում՝ ընտանիքը Գյումրու ԱՆի թաղամասում բնակվում է վարձով։ Տան գույքը սեփականատիրոջն է։

«10 տարի ապրել, ստեղծել ենք․․ ստեղծիր, դիր, նորից էստեղ քեզ հարցնեն ի՞նչ ես ունեցել, մենք հո՞ հավերժ չենք կարող ամեն տասը տարի ստեղծենք ու թողնենք։ Քանի տասը տարի ստեղծենք ու կատուցենք,  գոնե կորցրածի կեսը մեզ վերադարձնեն ու մի տուն տան, ուրիշ ոչինչ»,-ավելացնում է Սեւակը։

Ընտանիքն ամեն ամիս տան վարձակալության համար վճարում է 40 հազար դրամ, ձմռան ամիսներին գազի վարձավճար՝ 30 հազար, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ 20 հազար դրամ։ «Ճիշտ է՝ կօգնեն, բայց ես էլ չեմ նստել, սպասել, թե երբ կօգնեն»,-նկատի ունենալով պետական աջակցությունը՝ ավելացնում է Սեւակը։

Ընտանիքն ապրում է պետական աջակցությամբ, ստանում նաեւ ընտանեկան նպաստ։ Ամուսինները Գյումրիում աշխատանք չունեն։ Տիկին Աննան Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մասնակցում է տորթերի պատրաստման դասընթացի, որպեսզի վկայական ստանա եւ նույն ոլորտում աշխատանք փնտրի։ Նրանք գրանցվել են զբաղվածության մարզային կենտրոնում, բայց դեռ հարմար աշխատանք չեն առաջարկել։

Երիտասարդ ամուսինները որոշել են՝ չեն վերադառնալու Արցախ, մնալու եւ ապրելու են Գյումրիում։ «Մենք չենք նեղվի, այստեղ էլ պիտի հարմարվենք։ Մենք շնորհակալ ենք, դժգոհ չենք, առաջինը՝ ողջ-առողջ ենք, եթե ապահով լիներ այնտեղ, կգնայինք, կապրեինք։ Ես Գյումրիից տեղ չեմ էրթա, բնիկ էստեղից եմ, ամեն ինչ ձեռքիցս գուքա»,-ասում է ամուսինը։

Տան ավագ երեխան սովորում է Գյումրու տնտեսագիտական վարժարանում, մյուսները եւս դպրոցահասակ են, հաճախում են հարեւանությամբ գտնվող թիվ 11 հիմնական դպրոց։

Տան կրտսերը՝ Լուսինեն, սովորում է 4-րդ դասարանում, ուզում է վարսավիր դառնալ, այդպես է որոշել։ Գոհ է դպրոցի ուսուցիչներից, դասընկերներից, ասում է՝ լավ են տրամադրված։


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ 
Հասմիկ Համբարձումյանը

вторник

Արցախից Գյումրի վերադարձած մանկավարժ ամուսիններն աշխատանք չեն գտնում

Արցախից վերադարձած տիկին Էլինան ընտանիքի հետ Գյումրու Անի թաղամասում արդեն 4 ամիս է՝ ապրում է վարձով։ Տան գույքը սեփականատիրոջն է, ընտանիքը չունի ոչինչ, իսկ տանը բնակվելու համար ամսական վճարում է 50 հազար դրամ։ Այս գումարն առանձնացնում են պետական աջակցությունից։ Մյուս արցախցիների նման այս ընտանիքի վարձավճարը չի հատուցվում պետական աջակցությամբ, քանի որ հյուրընկալող կողմը՝ տան սեփականատերն ունի ՌԴ քաղաքացիություն։

Էլինա Գասպարյանը Հրազդանից Արցախ մեկնել է 1996 թվականին։ Ամուսնանալուց հետո, որպես նորաստեղծ ընտանիք, Արցախի Հադրութի շրջանի Սարալանջ գյուղում հատկացրել են սեփական տուն՝ պայմանով, որ սեփականության վկայագիր կտրամադրեն տասը տարի նույն տանը բնակվելուց հետո միայն։ Ինչպես տիկին Էլինան  է պատմում, տունն ունեցել է սեւացած պատեր, պատուհանները տոպրակներով փակցված ու հարմարեցված են եղել։ Տարիների ընթացքում ամուսինները վերանորոգել են տունը, վարկերով գույք գնել։ Տիկին Էլիննա ասում է՝ վարկերը սառեցրել են 3 տարի ժամանակով։ 3 տարին լրանալուց հետո  չգիտեն, թե ինչ են անելու։

Արցախի Սարալանջ գյուղի տանը տասը տարի բնակվելուց հետո ստացել են սեփականության վկայագիր։ Ամուսինները մանկավարժ են։ «Երկուսս էլ բարձրագույն կրթությամբ մանկավարժներ ենք։ Դպրոցում դասավանդել ենք, ես՝ ռուսերեն, ամուսինս՝ շախմատ։ ․․․Մեր գյուղը Ջաբրայիլից 5 կմ էր բարձր։ Պատերազմի ընթացքում գյուղապետը մեզ զանգեց, ասաց, որ արդեն վտանգավոր է։ Մենք մեքենայով դուրս եկանք գյուղից, ամեն մեկս մեր հագի շորով։ Մեզ հետ ոչինչ չենք վերցրել»,-պատմում է տիկին Էլինան։ Ստեփանակերտից Երեւան տեղափոխող ավտոբուսում ընտանիքին տեղեկացրել են, որ Երեւանում հյուրընկալողներ գրեթե չկան, տեղերը համալրվել են։ Գյումրիում են առաջարկել ժամանակավոր կացարան ու սնունդ։ «Մենք Գյումրիում չէինք եղել, ոչ մի կապ չենք ունեցել, համաձայնեցինք, կարեւորը երեխաները փրկվեին»,-ավելացնում է ընտանիքի մայրը։

Հոկտեմբերի մեկին Գյումրու հյուրանոցներից մեկում են տեղավորվել, հյուրանոցն ապահովել է սննդով, անհրաժեշտ իրերով, իսկ մի քանի օր անց լուծել երեխաների կրթության հարցը։ 15-ամյա Նարեկը սովորում է Գյումրու Ֆոտոն վարժարանում, իսկ 11-ամյա Նիկան ու 9-ամյա Միլենան՝ թիվ 11 դպրոցում։

Կրտսեր դուստրը՝ Միլենան ուզում է երգչուհի դառնալ։ Ասում է՝ Գյումրին իրեն դուր է գալիս, իսկ Արցախի դպրոցին, տանն ու դասընկերներին կարոտում է։

Ընտանիքը դեկտեմբերից հետո նոր միայն տեղափոխվել է վարձու բնակարան։ Մինչեւ հիմա էլ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել։ Ասում են՝ երբեք չեն մտածել, որ պատերազմից հետո այլեւս չեն կարողանա վերադառնալ Արցախի իրենց տուն։

Ամուսիններն այսօր Գյումրիում զբաղմունք չունեն, թեպետեւ Շիրակի մարզպետարանում տեղյակ են իրենց մանկավարժ լինելու մասին։

«Սկզբում ինձ առաջարկեցին երկու շաբաթով փոխարինել Ջրափի դպրոցի ուսուցչին, համաձայնեցի։ Առավոտյան ժամը 6-ին էի դուրս գալիս, երեկոյան ժամը 5-ին վերադառնում։ Այդ չարչարանքի դիմաց վճարել են 40 հազար դրամ, որից երեւի 20 հազար ծախսել եմ ճանապարհներին»,-ասում է տիկին Էլինան։ Նա մի քանի օր առաջ մասնակցել  է Գետքի դպրոցի ուսուցչի թափուր տեղի մրցույթին։ Ասում է՝ գրավոր փուլն հաղթահարել է, սակայն տեղյակ չի եղել, որ նույն օրն է կայանալու նաեւ բանավոր փուլը։

Արցախի դպրոցում տիկին Էլինան դասավանդելու համար ամսական ստացել է 110 հազար դրամ։ Պատերազմից մինչեւ դեկտեմբերի վերջ ամեն ամիս աշխատավարձը 100 տոկոսով են վճարել, 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս՝ 50 տոկոսով։ Ասում է՝ մայիսից հետո լրիվ անորոշություն է, աշխատավարձ չի ստանալու։

Ընտանիքն ապրում է պետական աջակցությամբ, չգիտեն, թե առանց աշխատավարձ եւ առանց աշխատանք ինչպես են վճարելու տան վարձը։

«Երկու կոպեկ են տվել, յոլա ենք գնում, բայց այստեղ ես ի՞նչ աշխատանք պիտի ճարեմ, որ տան վարձ տանք, ապրենք»,-ասում է տիկին Էլինան, այն հարցին, թե՝ եթե ապահովեն բնակարանով, արդյո՞ք Գյումրիում հաստատվելու, ապրելու ցանկություն կունենան։ «Եթե ապահովեն բնակարանով, լավ կլինի, տան վարձի խնդիր չի լինի, բայց, եթե ապահովեն ․․․»,-պատասխանում է նա։

Ամուսինները տարակարծություն ունեն Արցախ վերադառնալու եւ Գյումրիում ապրելու վերաբերյալ։ Կինը սպասում է Արցախում տուն կառուցելուն,  որպեսզի վերադառնան, իսկ ամուսինը չի համաձայնում։ Ասում է՝ դեռեւս անորոշություն է, տեղափոխվելու մտադրություն չկա։

«Սրտանց ուզում եմ վերադառնալ Արցախ։ Գյումրիում լավն է ժողովուրդը, շրջապատը, քաղաքը գեղեցիկ է, բայց ինձ համար օտար է։ Իմ բարեկամները, հարազատներն Արցախում են»,-եզրափակում է տիկին Էլինան, իսկ ամուսինը դարձյալ հակադարձում է՝ Գյումրիում է մնալու։


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը