пятница

Գյումրի Ինֆոտան կամավորները հետաքրքրված են Շիրակի մարզում անցկացվող քաղպաշտպանության միջոցառումներով


Գյումրի Ինֆոտունը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մեդիա ոլորտին վերաբերող դասընթացներ, համագործակցում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, նաեւ կրթամշակութային հաստատությունների հետ, կազմակերպում հանդիպումներ, տանում իրազեկման աշխատանքներ: Ինֆոտան կամավորները մշտապես ընդգրկված են նաեւ մարզի քաղպաշտպանության միջոցառումներին:

 Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով Շիրակի մարզի համայնքներում, բնակավայրերում, կրթամշակութային հաստատություններում եւ այլ կազմակերպություններում իրականացվում են ազդարարման, տարհանման, պատսպարման վարժանքներ: Բնակչությանը քաղաքացիական պաշտպանության գործողություններին ծանոթացնելը վերջին պատերազմից հետո անհրաժեշտություն է դարձել: 

ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային վարչությունն արդեն 12 նման վարժանք անցկացրել է մարզի տարբեր համայնքներում: Հերթականը Շիրակի պետական համալսարանում էր: ԱԻՆ փրկարարական ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Լեւոն Հովսեփյանը բուհ-ի ուսանողներին տեղեկացրեց, թե ինչպես վարվել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ եւ հետո: Ճիշտ գործողությունների պլան ունենալու դեպքում շատ կյանքեր կփրկվեն:

Ինչպես տուժածին առաջին օգնություն ցուցաբերել. թեման ներկայացրեց ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Նունե Տետեյանը: Կոտրվածքների դեպքում, նաեւ արյունահոսությունների ժամանակ ամենակարեւորն արագ գործելն է ու վերքը ճիշտ վիրակապելը: 

Բժիշկը նշեց, որ, մենք շատ կարուստներ ենք տալիս գիտելիքի պակասի պատճառով, այնինչ պետք է ապրենք՝ իրար նկատմամբ օգտակար լինելով: Ուսանողներին թեման շատ հետաքրքիր էր, ակտիվ մասնակցության պակաս չեղավ:  Հարցուպատասխանի միջոցով ուսանողները կարողացան գիտելիքներն ավելացնել:

Վարժանքը նաեւ գործնական բաղադրիչ ուներ. օդային տագնապ ազդարարվեց, որից հետո ուսանողները տարհանվեցին բուհ-ի շենքի  նկուղ ու այնտեղ պատսպարվեցին: Օդային տագնապի ազդարարումը շատ կարեւոր է, որի ժամանակ նաեւ տարածքներում եղած շչակներն են փորձարկվում: Շչակի ձայնն է ազդարարում տագնապի մասին: Լեւոն Հովսեփյանը նշեց, որ շատ տեղերում պարզվում է շչակները չեն աշխատում: Դրանք հիմնականում տեղադրվել են Խորհրդային տարիներին եւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: 

Ու երկար տարիներ չեն փորձարկվել: Շչակներ տեղադրվել են նաեւ ջրամբարների պատվարներին մոտ, ջրամբարների փլուզման վտանգի դեպքում ազդարարում ապահովելու նպատակով: Ըստ փրկարար ծառայության փոխգնդապետի, Շիրակի մարզում հիմա 65 աշխատող շչակ կա, եւս 94-ի կարիք էլ կա: Եղած շչակների մեծ մասի ազդարարումը հեռավար չէ: Արդիականացման կարիք կա, շչակների տեղադրումն էլ համայնքների ղեկավարների ուսերին է դրված, տեղական բյուջեների հաշվին է լինելու: Դրանք թանկարժեք են, ըստ փոխգնդապետի, 1 շչակն արժե 300.000 դրամ, չհաշված տեղադրման ծախսերը: Վերջին պատերազմից հետո 20 շչակ է տեղադրվել մարզում, մի մասն արդեն հեռավար կապով է: Դրանցից 2-ը տեղադրվել է Ամասիա խոշորացված համայնքի տարածքում: Հիմա աշխատանքներ են տարվում համայնքապետերի հետ, նոր շչակներ տեղադրելու ուղղությամբ: Նաեւ փրկարարների խնդիրն է բնակիչներին իրազեկել 911 ծառայության մասին, նրանց մոտ բարձրացնել վստահությունը կառույցի նկատմամբ:

Ինֆոտան կամավոր Շարվիկ Պետրոսյանը միջոցառման ակտիվ մասնակիցներից է: Նա քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ստացած գիտելիքները պատրաստակամ փոխանցում է ոչ միայն իր հասակակիցներին: Ինֆոտան առաքելությանը հավատարիմ, նաեւ սոցցանցերով բնակիչները կտեղեկացվեն քաղպաշտպանության գործողություններին:     

 

Գյումրի ինֆոտան հեղինակային խումբ