вторник

Կանչ համայնքի դպրոցում իրականացվեց փոքր դրամաշնորհային ծրագիր

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնություների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» խորագրով հանդիպումից հետո որոշվեց իրակնացնել փոքրիկ ծրագիր Արագածոտնի մարզի Կանչ եզդիական գյուղում: 
Գյուղը գտնվում է Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12-13 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյալդո, Գյալթա, Գյալթո Մեծ, Կյալդո անվանումները: Գյուղի շրջակայքում է գտնվում Գյալթո փոքր ավերակ գյուղը:Գյուղն ընկած է Արտենի լեռան արեւմտյան՝ մասնատված ռելիեֆով լանջին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: 

Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5--6-սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը՝ 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:Գյուղը հիմնականում քրդաբնակ է: 1873 թ-ին ունեցել է 91, 1897թ-ին` 142, 1926 թ-ին` 184, 1939 թ-ին` 437, 1959 թ-ին` 398, 1979 թ-ին` 378 քուրդ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 112 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի 33 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 85%, որոնց մեջ 1041հա կազմում են արոտավայրերը, 49հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:Արդյունաբերություն չունի:Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Գյուղն ունի 22 աշակերտից բաղկացած դպրոց:

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ Համաշխարհային երիտասարդական անկախ միություն ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության» իրավիճակային վերլուծությունը ցույց տվեց, որ հանրային դպրոցներում, հատկապես համայնքներում փոքրամասնության ներկայացուցիչները ենթարկվում են տարատեսակ խտրականության դրսևորումների, որոնք հաճախ հանգեցնում են նրանց սոցիալական մեկուսացվածության։ 
Սույն ծրագրի նպատակն է խթանել երեխաների իրավունքները, հանդուրժողականության և բազմազանության մթնոլորտը և նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները՝ հենվելով մարդու իրավունքների համընդհանուր դրույթների վրա։

понедельник

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում:
Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած  բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում, ինչ բաժին հասներ, նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր  նրանց բախտը:
Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում: