воскресенье

Արտակարգ իրավիճակն ու գյումրեցի երիտասարդները. հարցազրույց Գյումրու Երիտասարադական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանի հետ

-Երիտասարդությունն արտակարգ իրավիճակում  ի՞նչ զբաղվածություն ունի։ 
Ինչպե՞ս է աշխատում համայնքային երիտասարդական միակ կառույցը։

-Գյումրիի երիտասարդները շատ ստեղծարար են, մի կողմից արագ են կողմնորոշվում ու հարմարվում ստեղծված իրավիճակին, մյուս կողմից փորձում են իրավիճակը հարմարեցնել իրենց: Այս ընթացքում երիտասարդներն սկսեցին ակտիվ օգտվել համացանցի կրթական հնարավորություններից, որոնք հնարավորություն տվեցին տնից դառնալ նույնիսկ միջազգային ծրագրի մասնակից: Պալատն ամբողջ ընթացքում արտակարգ աշխատեց: Մինչ մայիսի 18-ը, տնից էինք աշխատում, սովորում ու նաև սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ օգնում մարդկանց գրանցվել պետական աջակցության ծրագրերում, կատարել գնումներ, իսկ դրանից հետո վերադարձանք մեր ավանդական աշխատելաոճին: Այս ընթացքում պահպանելով անվտանգության կանոնները՝ իրականացրել ենք ինչպես առցանց, այնպես էլ հիբրիդային տարբերակով մի շարք կրթական, մշակութային, հումանիտար ծրագրեր: Մեծ հաշվով, ժամանակն ու իրավիճակը ցույց տվեցին, որ կարելի է ցանկացած իրավիճակից գտնել գործի համար շահավետ լուծում:

-Ինչպիսի՞ խնդիրներ կարող եք առանձնացնել երիտասարդների մոտ այս շրջանում։ Ինչպե՞ս է ազդում իրավիճակը երիտասարդների վրա։

-Երիտասարդները շատ էին նեղվում շփման պակասից, ժամանցի կազմակերպման խնդիր ունեին, ինչպես նաև հոգեբանական բարդույթներ՝ կապված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների հետ: Երիտասարդներից շատերը կարիք ունեին ավելի շատ հոգեբանական աջակցության, ուստի երբ կարողանում ես երիտասարդին կամ դեռահասին ցույց տալ, որ ցանկացած իրավիճակ ունի իր դրական և բացասական կողմերը, ներգրավել նրանց տարբեր առցանց ծրագրերում, վերջիններս իրենց ավելի օգտակար են զգում և սկսում են ժամանակը ծախսել առավել արդյունավետ գործընթացների վրա: Շատ կարևոր է, որ չափից դուրս շատ ազատ ժամանակն արդյունավետ ծախսվի: Երիտասարդների մեծ մասն աստիճանաբար սկսում է հաղթահարել իրավիճակից բխող խնդիրները՝ միաժամանակ հարմարվելով իրավիճակին, սակայն դեռ բազմաթիվ խնդիրներ խորքային ուսումնասիրության կարիք ունեն, որոնց մասնագիտական գնահատական է անհրաժեշտ:

-Ո՞րն է   հեռավար աշխատանքի, կրթության, դրական և բացասական կողմերը։

-Դրականը, միանշանակ, այն է, որ վերացվում են աշխարհագրական սահմանները, եթե կա ծրագրերին մասնակցելու նյութական միջոցների, ժամանակի, տեղաշարժման խնդիր, ապա սրանով դրանք մեծ մասամբ լուծվում են: Հեռավարի դրական կողմերից է նաև այն, որ դու հնարավորություն ունես նույն օրվա ընթացքում մի քանի ծրագրի մասնակցելու: Ավելի քիչ ծախսատար է: Բացասական կողմերից է այն, որ հեռավարը երբեք չի կարող էմոցիոնալ, արդյունավետության  և մյուս առումներով փոխարինել կենդանի շփմանը: Հոգեբանական առումով, գործիքակազմի, տեխնիկական հարցերով, ինչպես նաև զուտ մարդկային տեսանկյունից հեռավարը շատ ավելի հեռու է, սառը և քիչ վստահելի: Ֆիզիկական առողջության տեսանկյունից ևս խոցելի է:

-Պալատի  շահառուներն  ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին նաև համացանցում։ Խոսենք ձեր վերջին նախաձեռնությունների մասին, մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության ծրագրերի մասին։

-Երբ հայտարարվեցին աջակցության ծրագրերը, ակնհայտ դարձավ, որ շատ շահառուներ սկսեցին շփոթվել, քանի որ գործընթացն ուղղակիորեն կապված էր առցանց գրանցման կամ տվյալների ստուգման հետ: Սա մի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ յուրաքանչյուրս ճանաչում էինք մեր բնակավայրի մոտ առնվազ 1 խոցելի խմբի մարդու, ով ուներ օգնության կարիք և չէր կարող տնից դուրս գալ: Այսպիսով, սկսեցինք մի կամավորական ծրագիր իրականացնել, որի շրջանակներում օգնում էին շահառուներին գրանցվել, խոցելի խմբի մարդկանց համար գնումներ կատարել: Բացի սրանից, երբ արդեն հնարավոր էր դուրս գալ տնից, մենք կյանքի կոչեցինք հակաԲԱԿտերիալ ծրագիրը, որի շրջանակներում բակերում մաքրման աշխատանքներ էինք իրականացնում՝ խրախուսելով բնակիչների մասնակցությունն ամենօրյա մաքրման աշխատանքներին: 

Սրանից զատ տարբեր մշակութային, կրթական ծրագրեր են իրականացվել, ակտիվ գործել է երիտասարդական մեդիա հարթակը, իրականացվել է օնլայն երիտասարդական ճամբար, ինչպես նաև ավելացել է Պալատի շահառուների թիվը:

-Որո՞նք են արտակարգ իրավիճակի դրական կողմերը երիտասարդների համար։

-Ներհայեցումը և վերաարժևորումը…. 

Սա կարևոր էր, որ երիտասարդներն իրենց կյանքում շատ բաներ վերանայեին և վերարժևորեին….

-Ի՞նչ դասեր, հետևություններ քաղեցիք այս ամենից։

 -Նոր գործիքներ,
Նոր տեխնոլոգիաներ,
Վերաիմաստավորված արժեքներ ու հարաբերություններ:

 

Հարցազրուցը վարեց Լուսինե Խաչատրյանը,
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)



Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ: