вторник

Կումայրի արգելոց

Կազմեց` Կիմա Հարությունյանը
‹‹Կումայրի ›› պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ. և ընդգրկում  է Գյումրի քաղաքի պատմական միջուկը:
Գյումրին  (հնում` ‹‹Կումայրի››, նոր ժամանակներում  ‹‹Գյումրի››, ապա ‹‹Ալեքսնդրապոլ›› և «Լենինական»)  Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոն: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ  մ. թ.ա. 3-րդ հազարամյակում եղել է մեծ բնակավայր:
Քաղաքի ներկայիս տարածքում հայտնաբերված են քարե դարի մարդու  բազմաթիվ կացարաններ, դամբարանադաշտեր, որոնց մեջ հատուկ ուշադրության է արժան ‹‹Կումայրի›› հնագույն բնակատեղին:


Կումայրի բնակավայրի տարածքում կյանքը շարունակվել է գրեթե անընդմեջ մինչև մեր օրերը: Դրա ապացույցն են պեղումներով մասնակիորեն հայտնաբերված մեծ բնակավայրի և 7-րդ դարի առաջնակարգ եկեղեցու ավերակները:
Կումայրիի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 773 թ., երբ Արտավազդ Մամիկոնյանի զինված ջոկատը, ջարդելով Կումայրիում արաբ հարկահաններին, ողջ երկրով մեկ  ծավալում է ապստամբական շարժում, որն ավարվում է ազգային պետականության վերականգնումով:
Բագրատունյաց և հետագա ժամանակաշրջաններում Կումայրին շարունակում է բարգավաճել և ակտիվորեն մասնակցել երկրի խաղաղ շինարարությանը:
Թուրք- պարսկական տիրապետության ժամանակներում Կումայրի-Գյումրին ձեռքից ձեռք է անցնում` ենթարքվելով բազմաթիվ ավերածությունների: Բնակավայրի նոր վերածնունդը անմիջականորեն կապված Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու պատմական փաստի հետ:
Ռուսական կայսրության հարավային սահմանների ամրապնդման նպատակով Կումայրու ավերված բերդի և Ախուրյան գետի միջև ընկած բլրի վրա հիմվում է ռազմական նոր ժամանակակից կառույց:
Կարճ ժամանակամիջոցում Կումայրու շրջակայքում կառուցվում է պաշտպանական ամրոցների մի ամբողջ համալիր, որոնց զուգընթացսկսվում են առաջին անհրաժեշտության քաղաքացիական շենքերի, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից գաղթած հայ ընտանիքների բնակելի թաղամասերի կառուցումները:

Առաջացած քաղաքաշինական նոր խնդիրները կանոնավորելու նպատակով` 1837թ. կազմվում է Կումայրի քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը, որը  կատարված էր 18-րդ դարում ռուսական կայսրությունում տարածում ստացած ուղղանկյուն-կանոնավոր հատակագծման քաղաքաշինական սկզբունքով: Նույն թվականին Կումայրի ժամանած կայսր Նիկոլայ Առաջինն իր կնոջ` Ալեքսանդրիայի  պատվին քաղաքը վերանվանեց ‹‹Ալեքսնդրապոլ››:
1897թ. Տվյալներով քաղաքն ուներ 32 հազար բնակիչ և Թբիլիսիից ու Բաքվից հետո Անդրկովկասում գրավում էր երրորդ տեղը:  Այդ ընթացքում  վերջնականապես ձևավորվեց Ալեքսանդրապոլի կառուցապատման ճարտարապետական կերպարը, որում  միահյուսվեցին մի կողմից Եվրոպայի, մյուս կողմից տեղական ոճական առանձնահատկությունները,  ճարտարապետական սկզբունքներն ու օրինաչափությունները:
Քանի որ շիանյութը տեղական տուֆն էր, քաղաքացիական շինարարության հիմնական կատարողները` Արևմտյան Հայաստանի  խոշոր քաղաքներից արտագաղթած բնակչությունը, քաղաքի ճարտարապետական կերպարում, ի տարբերություն նրա հատակագծային հորինվածքի, գերիշխողը տեղական շինարարական ավանդները  դարձան: Այս հանգամանքը որոշակիորեն իր ազդեցությունն է թողել նույնիսկ ռազմական կառուցվածքային ճարտարապետական կերպարի վրա: Այս  կառուցվածքները, որոնք իրականացված են շինարարական մեծ կուլտուրայով և ռազմական շինություններին ներկայացվող բոլոր պահանջներով, ոչ միայն հիանալի պահպանված են, այլև չափազանց լուրջ պատմա-ճարտարապետական արժեք են ներկայացնում այսօր:
Քաղաքացիական շինարարության մեջ քաղաքի ճարտարապետական կերպարը բնորոշող կառույցներից առաջնակարգ տեղ են գրավում եկեղեցիները, որոնցից այսօր կանգուն են ‹‹Ս.Ամենափրկիչը››, ‹‹Ս. Նշանը››, ‹‹Ս. Գրիգորը››, Ռուսական ժամատունը, զորակայանների տարածքում գտնվող ուղղափառ երկու եկեղեցիները:
Քաղաքի առավել արժեքավոր ճարտարապետական կառույցներից կարելի է թվարկել Ձիթողցյանների, Դրամփյանների, Ծաղիկյանների, Վեքիլյանների եկամտաբեր տները, բաղնիքները, գարեջրի գործարանը, առևտրական ուսումնարանն  ու իգական գիմնազիան, Աղաբաբյանների, Մազմանյանների, Գառգալոյանների և այլոց մենատները:
Արգելոցի համար լուրջ պատմական-մշակութային արժեք են ներկայացնում նյութական կուլտուրայի բազմաթիվ հուշարձաններն, որոնք առնչվում են հայ և համաշխարհային մշակույթի ու քաղաքական-հասարակական կյանքի ականավոր գործիչների անվան հետ: Այստեղ են ապրել և ստեղծագորխել գրող-բանաստեղծներ` Ավետիք Իսահակյանը, Ատրպետը, Ղազարոս Աղայանը, Շուշանիկ Կուրղինյանը, Մկրտիչ Արմենն, աշուղներ` Ջիվանին, Շերամը, կոմպոզիտորներ Արմեն և Նիկողայոս  Տիգրանյանները, Ռոմանոս Մելիքյանը, ճարտարապետներ` Թորոս Թորամանյանը, Ղազարոս Սարգսյանը, քանդակագործ`  Սերգեյ Մերկուրովը, գիտնականներ` Երվանդ  Լալայանը, Արմենակ, Եղիա, Հովհաննես Մնջոյանները, Գարեգին Լևոնյանը, երգարվեստի վարպետ կատարողներ` Հայկանուշ Դանիելյանը, Շարա Տալյանը, Զարուհի Դոլուխանյանը և ուրիշներ:
Ալեքսանդրապոլ են այցելել  Պուշկինը, Նանսենը, Գորկին, Կալինինը, Լունաչարսկին  և ուրիշներ:
Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին Շիրակի հարթավայրի բնակչության բանահյուսական և ազգագրական նյութի յուրահատուկ շտեմարան է, որտեղ պահպանված նյութի հավաքումը, գիտական մշակումն ու ցուցադրումը արգելոց-թանգարանի առաջնակարգ խնդիրների մեջ է մտնում:
  Ալեքսանդրապոլն էր խորհրդային իշխանության համար հեղափոխական պայքարի հիմանական օջախը  Հայաստանում: Այստեղ 1920թ. տեղի ունեցած  Մայիսյան ապստամբության հերոսների  մեջ էին  ականավոր հեղափոխականներ Ալավերդյանը, Սևյանը, Ղարիբջանյանը,  Մուսայելյանը, Փալյանը և ուրիշներ:
Արգելոցի անքակտելի մասն են կազմում սովետական շրջանի մի քանի ճարտարապետական բարձրարժեք կառույցներ, այդ թվում Տեքստիլ կոմբինատի բնակելի և արդյունաբերական համալիրը, Մ.Մազմանյանի, Գ. Քոչարի, Լ. Քաջազնունու, Դ. Չիսլիևի, Ս. Սաֆարյանի  բազմաթիվ շինությունները, մոնումենտալ քանդակագործության առաջնակարգ ստեղծագործությունները:
   ‹‹Կումայրի ›› պետական պատմա-ճարտարապետական արգելոցի պահպանման տարածքը կազմում է ավելի քան 1000 հա, որում ընդգրկված են պատմության և կուլտուրայի ավելի քան 1600 հուշարձաններ:

Комментариев нет:

Отправить комментарий