Թատրոնի
միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի
29 նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր,
ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810), ով պատմության մեջ է մտել
որպես «ժամանակակից բալետի հայր»։ 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ,
այս տարի այն նվիրված է պարի թերապիային:
1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության կողմից լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելը, մարդկության սոցիալ-մշակութային առաջընթացի առաջամարտիկներին ու ջատագովներին խոնարհումով հիշատակելն, ինչպես նաև գիրքը` որպես գիտելիքի տարածման ու նաև պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հանրահռչակելը:Ապրիլի 23-ը սիմվոլիկ թիվ է համաշխարհային գրականության համար: Այդ օրը, 1616թ. կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Ապրիլի 23-ին նաև ծնվել կամ մահացել են այլ հանրաճանաչ գրողներ, ինչպիսիք են՝ Մորիս Դրյուոն, Կ.Լակսնեսսը, Վլադիմիր Նաբոկովը և այլոք:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Հայաստանում: