

Փետրվարի 23-ին Գյումրի Ինֆոտանը Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ «Վիկտորիա» պատմաբանների ակումբը կազմակերպել էր «Հայատյացությունն Արբեջանում» գրքի շնորհանդեսը , որին ակումբի հրավերով ներկա էր նաև քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհքաղաքականության փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Հանդիպմանը ներկա էին քաղաքագետներ, պատմաբաններ, ուսուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, բանասերներ, ուսանողներ: Շնորհանդեսը բացեց «Վիկտորիա» պատմաբանների ակումբի նախագահ Լիլիթ Ասոյանը, նշելով, որ «Հայաֆոբիան Ադրբեջանում» գիրքը հասարակական լայն հնչեղություն ստացավ ոչ միայն հայ, այլև արտերկրյա և հատկապես ադրբեջանական հասարակական շրջանակներում, որոնք իրավացիորեն գիրքը որակեցին բեստսելլեր: Իսկապես այն պահանջված էր, քանզի հնարավորություն է ընձեռում տեսնելու Ադրբեջանի իրական դեմքը: Գիրքը մեծածավալ և բազմաբնույթ աշխատություն է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում սոցիոլոգների, քաղաքագետների, հոգեբանների, պատմաբանների, կոնֆլիկտաբանների համար և պետք է դառնա վերջիններիս սեղանի գիրքը: Հատկապես կարևոր է աշխատության հրատարակումը ռուսերենով, քանզի այն կարող է լսելի դարձնել հայության ձայնը աշխարհի 1/6 մասում: Ցանկալի է, որ այն լույս տեսնի նաև այլ լեզուներով, որպեսզի հասանելի լինի հնարավորինս մեծ լսարանի համար: Բացման խոսքից հետո Անժելա Էլիբեգովան ներկայացրեց գիրքը և պատասխանեց ներկաների հարցերին: Ունկնդիրները շնորհակալություն հայտնեցին հեղինակին կատարած մեծածավալ, բարդ և հայրենանվեր աշխատանքի համար, հատկապես այն գյումրվա ունկնդրին ներկայացնելու համար, նշելով, որ հայրենասիրական դաստիարակությունն այսօր առաջնային է:
Գրքի օնլայն տարբերակը կարող եք տեսնել այստեղ՝ http://stophatespeech.net/