понедельник, 1 июня 2015 г.

Գյումրու գարնանային առաջնություն

Մայիսի 24-ին տեղի ունեցան «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ խաղի Գյումրու գարնանային առաջնության՝ դպրոցական, երիտասարդական եւ բարձրագույն լիգաների մրցաշարերը: Առաջնությունն իր հարկի տակ էր հյուրընկալել Գյումրու թիվ 37 դպրոցը:
Բարձրագույն լիգայում հայտավորված թիմերն էին՝ «Խորան Արդ», «PoliTex» , «Սենատորներ», «Կաիսսա», երիտասարդական լիգայում՝ «ԳԵՆՏ», «Ֆորտունա», «Joker», «ՆԵՈ», «No-Name», «Ninjas in Pijamas», «Անի», դպրոցական լիգայում՝ «Ծիր կաթին»,«Բինգո», «Ֆոտոն», «Կոսմոս» եւ երկու նորաստեղծ թիմեր՝ «Էնիգմա» եւ «Խորանարդիկ»:
Գարնանային առաջնության կազմակերպիչն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը: Առաջնությունն ընթացավ 3 փուլով, յուրաքանչյուր փուլում հնչեց 12 հարց: Հարցերի փաթեթի հեղինակն էր «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը: Գարնանային առաջնության դպրոցականների լիգայի հաղթող ճանաչվեց «Ֆոտոն» թիմը («Ֆոտոն» վարժարան), երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «Բինգո» (թիվ 2 ավագ դպրոց) եւ «Ծիր կաթին» (թիվ 3 ավագ դպրոց) թիմերը:
Գարնանային առաջնության երիտասարդական լիգայի հաղթող ճանաչվեց «Joker» թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին «Նեո» եւ «Ninjas in Pijamas» թիմերը:
Գարնանային առաջնության բարձրագույն լիգայի հաղթող ճանաչվեց «Խորան Արդ» թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «PoliTex» եւ «Սենատորներ» թիմերը:
«Joker» թիմի անդամներից Արթուր Չարչօղլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ ու կես տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ մեր թիմն ունի ապագա, բայց մենք դարձանք մեկ ընտանիք, եւ դա արդեն իսկ հպարտության առիթ է: Շնորհակալություն կազմկոմիտեին լավ կազմակերպած խաղի եւ բարձր մակարդակի հարցերի համար»:
Մասնակից բոլոր թիմերը ստացան համապատասխան վկայագրեր:

Ի դեպ, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը, որպես «Ակումբների միջազգային ասոցիացիայի» անդամ, իսկ այդպիսիք Հայաստանում երեքն են, 2015թ-ի ամռանը Գյումրում հյուրընկալելու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջնությունը:

Комментариев нет:

Отправить комментарий