воскресенье, 24 января 2016 г.

Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան` բուժզննման

Գյումրու գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար: Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:Նշենք, որ Գյումրու մինի կենդանաբանական այգին, որը մասնավոր կառույց է և հիմնադրվել է 2010 թվականին, այժմ սեփականատիրոջ կողմից անտերության է մատնված: Այնտեղ ապրող երեք առյուծներին ու երկու արջին պահում ու կերակրում են բնապահպան կամավորները` անհատ մարդկանց օժանդակությամբ: Կամավորները հայտարարել էին, որ շուտով կազմակերպվելու է կենդանիների տեղափոխումը Ռումինիա` վերականգնողական բուժում ստանալու համար:

пятница, 22 января 2016 г.

Գյումրու կենդանաբանական այգու ոչ բարվոք վիճակը

Հունվարի 21-ին Կենդանաբույժների համաշխարհային ծառայության WVS խմբի ներկայացուցիչներն այցելել էին Գյումրու կենդանաբանական այգի:

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգու ահավոր վիճակին մի քանի օր առաջ անդրադարձ է կատարել բրիտանական DailyMail-ը՝ այն անվանելով աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին:

Գյումրեցի ակտիվիստ Արսեն Վարդանյանը նշում է, որ կնքվել է պայմանագիր արջերին Ռումինիայի տեղափոխելու համար, սակայն գործընթացը ձգձգվում է կենդանիների անձնագրեր չունենալու պատճառով: Նա նաև ասաց, որ բրիտանական DailyMail-ի հրապարակումից հետո նոր թափ ստացավ արձագանքը, սակայն մեր զրուցակիցը զարմանում է՝ մի՞թե միջազգային մամուլը պիտի անդրադառնար, որ Հայաստանում մարդիկ ուշադրություն դարձնեին ու արձագանքեին: 
Սկսվել է անգամ դրամահավաք՝ «Օգնենք փրկելու Գյումրու կենդանիներին» ֆեյսբուքյան էջում, ավելացել են «SOS Gyumri Zoo Animals» ֆեսյբուքյան խմբի անդամները: 




четверг, 21 января 2016 г.

Գյումրին 2016 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք

 Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք հոլովակում նկարահանվել են ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Բամբիռ ֆոլկ ռոք խումբը, Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիրլյանը և գյումրեցի ակտիվ երիտասարդներ:



среда, 20 января 2016 г.

«Բարձր լարում»

Ներկայացնում է Լուսինե Զաքեյանը 

Հունվարի 16-ին «Գյումրի jazz» ակումբում տեղի ունեցավ Արմինե Բոյաջյանի «Բարձր լարում» գրքի շնորհանդեսը: Վեպը գրվել է` 2015 թվականի  ամռան ամիսներին էլէկտրաէներգիայի  սակագնի  թանկացմանն ուղղված խաղաղ ցույցերի դեպքերի հիման վրա: Գրքի մեջ նաև իր տեղն է գտել Գյումրիում իրականացված թեժ պայքարի դրվագները: Հեղինակը հենց գյումրվա բարբառով է ներկայացրել այդ հատվածը.

 «Մեծ Ջահը անցնում էր փողոցներով: Պատուհաններից երևում էին բազում անտեղյակ աչքեր: Էդ աչքերից շենքերը ավելի քարանում, դամբարաններ էին դառնում: Շենքերը կորցրել էին արձագանքը, ապրեցնող հույսի քաղաքը տխրել էր:
- Էս ինչի եք Էսքան անտարբեր,- հարցրեց Քաղաքը
- Մեջը բան չի փոխվե,- ասաց մի կարճլիկ, սովետից մնացած մի հինգ Հարկանի։
-Իսկ էն, որ ես ձեր մեջ եմ, դուք՝իմ, դա էլ բան չի՞ փոխել,-ասաց Քաղաքը։
Հինգ Հարկանին կարմրին տվեց ու սսկվեց։
-Էս ե՞րբ էսպես լռակյաց դարձաք,-հարցրեց քաղաքը։
-Սթափվե՜ք․․․
Չորս կողմերից հնչում էր մի ձայն։
-Ինչի՞ կբոռաս, ինչի՞ կբոռաս, քիչ մը ռեալիստական խաղանք,-արձագանքնեց  Հին օրերի երգը։
Ու էդ աղմուկի մեջ քչերն էին լսել Քաղաքի իրական բղավոցը, որը եղել էր հենց սկզբից՝ Ջահի քայլքից էլ առաջ։
-Սթափվե՜ք․․․»։
Հեղինակը նշեց որ` գիրքը կազմված է երկու սյուժեից: Մեկը Բաղրամյան դեպքերի մասին է, մյուսը գյուղի ու գյուղացու: Նաև խոսվեց գրքի կազմի մասին. կազմին պատկերված է ճանճ, որը սերտը կապ ունի և´ գյուղի, և´ Բաղրամյանի դեպքերի հետ:
 - Ճանճը մի դեպքում գյուղում փչացնում է մեղրը` ընկնելով նրա ամանի մեջ, իսկ մյուս դեպքում ճանճերը  մեր  կյանքում են, որ խանգարում են մեզ ապրել, ինչպես մեր շատ պաշտոնյաները,- ասում է Արմինե Բոյաջյանը:

Հեղինակը նշեց, որ ստեղծագործության վրա սկսել է աշխատել սեպտեմբեր ամսից, իսկ ավարտին հասցրել երեք ամիս անց: «Բարձր լարում -ը բաղկացած է 113 էջից, նախնական տպագրվել է  200 օրինակ`  2500 դրամ արժեքով: Հեղինակի խոսքերով՝ գրքի պահանջարկը մեծ է, այդ իսկ պատճառով լինելու է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը:   

среда, 13 января 2016 г.

Հին Նոր տարի. երբ է նշվում

Երբ է նշվում հին տոմարով Նոր տարին: Ինչպես է առաջացել նոր տոմարը:

Հին և նոր տոմարների միջև 20-րդ և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։  Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Նոր` գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։ Նոր՝ գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի՝ 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների մասնակցությամբ հաստատեցին նոր տոմարը: Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582 թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող  համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով 1583 թ.-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:
16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Շնորհակալության միջազգային օր

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:
Ով էլ լինի հեղինակը, սակայն, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր:
Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին: