Հեղինակ` Լիանա Հարությունյան

Նոր ծանոթություն, ինչու չէ, նաև նոր ընկերներ: Ժամը ութն էր, երբ ժամանեց Գյումրի- Երևան գնացքը: Ահա պարոն Պետրոսյանը մեկ առ մեկ հաշվում է բոլոր ներկա գտնվողներին և, համոզվելով, որ բոլորը ներկա են, մեր` մոտ 60 հոգուց բաղկացած խումբը, զբաղեցրեց գնացքի վերջի վագոնը: Մոտավորապես ժամն ութն անց երեսունն էր, երբ գնացքը շարժվեց: Գնացքում վեց ծրագրի ղեկավարները ներկայացրեցին մեկը մեկից հետաքրքիր գաղափարներ, ու մասնակիցներս համապատասխանաբար բաժանվեցինք վեց խմբի: Մինչ մենք կքննարկեինք խմբի ներսում կատարվելիք աշխատանքները, գնացքը կանգ առավ Արմավիրի կայարանում: Այստեղից ոտքով շարժվեցինք դեպի Արմավիրի Ինֆոտուն, որտեղ էլ կեսօրից մինչև երեկոյան 18:00-ն կատարեցինք գաղափարի քննարկման աշխատանքներ:
Թույլ տվեք խոստովանել, որ ես գնում էի առանց իմանալու` հետագայում ինչ էի անելու կամ ինչ գաղափարի վրա էի աշխատելու: Հետագայում, արդեն ծանոթ լինելով թիմի ծրագրին, այն էր` «Աշխատանք Գյումրիում», փորձեցի թեմայի մշակման աշխատանքներ կատարել: Ճիշտ է, մեր թիմի գաղափարը հաղթող չճանաչվեց, բայց դա ինձ բացարձակ չի տխրեցնում: Ամեն ինչ շատ լավ էր ու անկրկնելի: Ամեն մի մանրամասնություն կապված այդ օրվա հետ կհիշվի իմ կողմից երևի մինչև կյանքիս վերջը:
Ինձ բախտ վիճակվեց գտնվել այնպիսի մարդկանց շրջապատում, ում հետ շփվելը հաճույք կպատճառեր յուրաքանչյուրին: Թե ինչ կլինի հետագայում, կշփվեմ ես այդ մարդկանց հետ, թե ոչ, ես դա չգիտեմ. կյանքը ցույց կտա:
Գիտեմ միայն այն, որ ես երբեք չեմ մոռանա այդ հրաշք օրը Գյումրու ինֆոտան հետ:
Комментариев нет:
Отправить комментарий