четверг

Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն

Մայիսի 29-ին Գյումրի Ինֆոտանը տեղի ունեցավ «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» թեմայով հանդիպում-քննարկումը:Հանդիպման ժամանակ ցուցադրվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից նկարահանված «Պարսկական սպագետի» վավերագրական ֆիլմը, որից հետո ծավալվեց քննարկում: Ֆիլմի համառոտ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդիպմանը մասնակցում էին տարբեր կրոնական հաստատությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ Համաշխարհային 
անկախ երիտասարդական միավորում ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության» իրավիճակային վերլուծությունը ցույց են տվել, որ հանրային դպրոցներում, հատկապես համայնքներում փոքրմասնության ներկայացուցիչները ենթարկվում են տարատեսակ խտրականության դրսևորումների, որոնք հաճախ հանգեցնում են նրանց սոցիալական մեկուսացվածության։
Զանգվածային լրատվամիջոցները մի կողմից, դպրոցը, եկեղեցին և նույնիսկ պետական կառույցները` մյուս, հաճախ ցուցաբերում են կողմնակալ վերաբերմունք` պաշտպանելով մեծամասնություն ներկայացնող խմբերի շահերը, միասնական կրոն և միասնական ազգություն հասկացությունները կապելով հայապահպան և հայրենասիրական գործունեության հետ։
Սույն ծրագրի նպատակն է խթանել երեխաների իրավունքները, հանդուրժողականության և բազմազանության մթնոլորտը և նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները, հենվելով մարդու իրավունքների համընդհանուր դրույթների վրա։

понедельник

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» -գարնանային առաջնություն

Մայիսյան տոները լիակատար չէին լինի առանց ինտելեկտուալ տոների: Մայիսի 17-18 Գյումրիում տեղի ունեցան «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի կողմից մեկ տարի առաջ հիմք դրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » խաղի միանգամից երեք լիգաների առաջնություններ: Մայիսի 17-ին Գյումրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջին լիգայի (ուսանողական և երիտասարդական թիմեր՝ 18-30տ.) և պատանեկան (14-18տ.) լիգաների գարնանային առաջնությունը, որին մասնակցում էր 9 թիմ, որոնցից 2-ը՝ ոչ մրցույթային կարգով: Երկու փուլի ընթացքում հնչեց 32 հարց հայերենով: Պատանեկան լիգայի մրցությունում առաջին տեղը գրավեց «Ֆոտոն» աշակերտական թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, թիվ 2-րդ դպրոցի «Բինգո» և «Տեմպ» վարժարանի «Տեմպ» աշակերտական թիմերը, իսկ ուսանողական և երիտասարդական թիմերի մեջ առաջինն էր «Գենտ» թիմը: Մայիսի 18-ին Գյումրու «Ֆոտոն» վարժարանում տեղի ունեցած Բարձրագույն լիգայի առաջնությանը մասնակցում էին 7 թիմ: Առաջին տեղը զբաղեցրեց «Սենատորներ» թիմը, երկրորդ տեղում էր «Պոլիտեխ» թիմը, իսկ երրորդ հորիզոնականում «Մելանխոլիա» նորակազմ թիմը: