Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, նշվում է հունվարի 18-ից փետրվարի
23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է
գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների
պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները
հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական
ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները
երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս
անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ,
պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի
սուրբն է:
361 թ.
Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում
քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն`
Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից,
հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ
Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս
զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը
պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի
աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին
շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է
քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է
լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ
ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական
ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից
դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է
ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը,
բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է
նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և
խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության
մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի
շարքն է դասվել V դարում:
Սուրբ Սարգսի
տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս,
իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի
ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող
գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև
նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր
ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և
անուշեղեն էին պատրաստում:
Տոնի
ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին,
մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը
պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա
ամուսինը կամ կինը կլիներ:
Գոյություն
ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած բաղարջի խմորի վրա
շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը
կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում, ինչ բաժին հասներ, նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ
գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին
քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ
ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր նրանց բախտը:
Ներկա
պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր
ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր
կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Սուրբ Սարգիսը
նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում:
Նախկինում այս
տոնը շատ մեծ շուքով և ուխտագնացություններով էր նշվում այն պարզ պատճառով, որ
Սուրբ Սարգիսն իր բազմաբնույթ գործառույթներով առանձնանում է հայ սրբերի
շարքում: Սուրբ Սարգիսն այժմ համարվում է սիրո բարեխոս կամ սիրահարների սուրբը
միայն, մինչդեռ նախկինում նա եղել է ընտանիքի պաշտպան սուրբը (այս առումով
նա նույնանում է Արա Գեղեցիկին և մեռնող ու հառնող աստվածներին): Ամուլ կանայք
դիմել են նրա բարեխոսությանը, հղի կանայք հայցել են նրա օգնությունը՝
դյուրին ծննդաբերելու համար, ճամփորդները խնդրել են ապահովել իրենց
անվտանգությունը, հատկապես փրկել քամիներից, կայծակներից և գայլերից, նույնիսկ
խաղաղեցնել փոթորկոտ ծովը, հավատում էին, որ նա իր արագընթաց սպիտակ ձիով կհասնի
ամենուր և կօգնի բոլորին: Սիրահար երիտասարդները, հավատալով նրա արդար դատաստանին,
դիմել են նրա միջնորդությանը` բռնի ամուսնությունները խափանելու համար, կամ փախած
ամուսնական զույգը նրա զորությամբ ցանկացել է մեղմացնել ծնողների զայրույթը:
Տարբեր հիվանդությունների ժամանակ դիմել են սրբի օգնությանը: Պատերազմի ժամանակ
նրա հովանավորությամբ գնացել են կռվի դաշտ և գերիների ազատման համար հավատացել նրա
ամենազորությանը:
Պատմական
Հայաստանի տարածքում Սուրբ Սարգսի անունով շատ սրբատեղիներ կան, եկեղեցիներ,
մատուռներ, նույնիսկ լեռներ: Պատահական չէ, որ նրան անվանել են ցանկություններ
կատարող սուրբ: Տոնի նախօրյակին պահք կամ ծոմ են պահել, ապա ուխտի գնացել սրբի
ուխտավայր, մատաղ արել և տոնախմբություններ կազմակերպել:
Վերջապես, տոնի
առիթով սովորություն է եղել շնորհավորել Սարգիս անունը կրողներին, իսկ սկեսուրները
նվերներով և քաղցրեղեններով գնացել են հարսնացուների մոտ:
Աղի բլիթ
1 բ. ալյուր
1 ճ. գ. աղ
ջուր
Հունցել աղի
խմոր, գրտնակել, կտրատել և վերածել 5 սմ շառավիղով թերթիկների և թխել փռի մեջ:
Փոխինձի
գնդիկներ
1 բ. փոխինձ
1/2 բ. դոշաբ
(կամ մուրաբայի հյութ)
50 գ կարագ
Փոխինձը և
դոշաբը շաղախել, ավելացնել փափուկ կարագը և վերածել գնդիկների:
Բաղարջ
Առանց թթխմորի և
աղի պատրաստել խմոր, բաժանել երկու մասի: Առաջին շերտի վրա դնել միրգ կամ
դրամ կամ պանիր կամ կանաչի, ապա ծածկել երկրորդ շերտով և թխել:
Խաշիլ
1 բ. փոխինձ
1 ճ. գ. յուղ
1 բ. թան
աղ
Ջուրը եռացնել,
ըստ ճաշակի աղ լցնել, այնուհետ կաթսան վերցնել կրակից: Խառնելով ավելացնել
փոխինձը, որից հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև պնդանալը: Մատուցելիս խաշիլին
ավելացնել յուղ և թան:
Խավիծ
Ջուրը եռացնել
կաթսայի մեջ, ավելացնել աղ և դանդաղ խառնելով` փոխինձն աստիճանաբար լցնել ջրի մեջ
այնքան, որ ստացվի թանձր զանգված: Վերջում ավելացնել յուղ, խոր պնակների մեջ
մատուցել տաք վիճակում:
Կլոնդակ
Փոխինձը շաղել
յուղով և դոշաբով, ձեռքով հարել, պատրաստել կլորակներ: Մատուցել սառը վիճակում:
Թթվասերով հալվա
1/2 բ. թթվասեր
1 բ. ալյուր
1/2 բ.
շաքարավազ
դարչին
Սարի թարմ
թթվասերը կամ կաթի սերով խառնած թթվասերը եփել, քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Երբ
ալյուրն ու թթվասերը եռան, լցնել շաքարավազը, մի քիչ էլ եփել և լցնել ափսեի մեջ,
հարթեցնել և կտրել: Շաղ տալ դարչին, ըստ ցանկության` մանրացված ընկույզ:
Հալվա
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
1/2 բ.
տահին
1/2բ. գետնանուշ
1 թ.գ. դարչին
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:
Ալյուրը թեթևակի բովել: Ավելացնել յուղը և տրորել: Անջատել կրակը և լցնել շաքարավազը: Ավելացնել տահինն ու դարչինը, շարունակել տրորել: Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել գետնանուշով:
Комментариев нет:
Отправить комментарий