Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ: Կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ սկսեցին նշել 1914թ.:
1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
ՀՀ-ի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:
Իսկ ինչպես են նշում միջազգային այս օրը աշխարհում`
Գերմանիայում այն հանգստյան օր չի համարվում: Այս օրը, ցավոք, Գերմանիայում այդքան էլ շուքով չեն տոնում:Այստեղ ավելի մեծ կարևորություն են տալիս մայրության օրվան, որը նշվում է մայիսին:Այդ օրը մայրերն ազատվում են տնային պարտականություններց:
Լեհաստանում դեռևս չեն մոռանում շնորհավորել իրենց կանանց և աղջիկներին մարտի 8-ի առթիվ: Սակայն ,ինչպես Գերմանիայում,այստեղ ևս այն աշխատանքային օր է:
Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Սակայն անցյալում այս տոնը կոչվում էր “Չինգ քույրերի հիշատակի օր”: Դրանք քաջ աղջիկներ էին, որոնք ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:
Հետաքրքիր է իտալացիների տոնը նշելու ձևը. իտալուհիները, ինչպես մնացած ազգերը չեն նշում իրենց տոնը տղամարդկանց հետ, այլ հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու սրճարանում կամ ռեստորանում:
Դե ռուսները նշում են մեզ նման շուքով և մեծ նշանակություն են տալիս այդ օրվան: Հավաքվում են ընկերներով մի տեղ և նշում մինչ առավոտ, իսկ ռոմանտիկ զույգերը նախընտրում են առանձին տոնել մարտի 8-ը: