понедельник

Լավն այն համայնքապետն է, որը ծաղիկ է դարձնում իր համայնքը, որպեսզի մեղուները գան և ոչ թե այն համայնքապետը, որն աղբի է վերածում իր համայնքը, որ ճանճերը լցվեն

 «Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակըբնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» վերլուծական զեկույցի ներկայացում

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվերով «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը հետազոտական ընդգրկուն վերլուծություն է իրականացրել «Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակը, բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» թեմայով: Վերլուծության հեղինակ Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է մարզի խոշորացված 4 համայնքների (Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ) ներուժն ու դրանց զարգացման հնարավորությունները:

Վերլուծական զեկույցը ներկայացվեց Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղ բնակավայրում: Հանդիպմանը ներկա էին գյուղապետեր, վարչական ղեկավարներ, բնակիչներ նշված 4 համայնքների բնակավայրերից: Ի դեպ, ուսումնասիրված 4 համայնքները ընդգրկում են 44 գյուղական բնակավայր:

Մինչ վերլուծությունը ներկայացնելը, բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ տարվել է ծավալուն, շատ լուրջ հետազոտական վերլուծություն, որը վերաբերում է մարզի հյուսիսային համայնքներում առկա գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին: Ոլորտների մասին մանրամասն և՛ ուսումնասիրություն է կատարվել, և՛ գյուղերի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ ներկայացվել: Շատ արժեքավոր այս վերլուծությունը, ըստ Սեյրան Մարտիրոսյանի, կարող է դառնալ մարզի հյուսիսային համայնքների զարգացման ծրագիր: Նրա խոսքերով, առջևում էլ ՏԻՄ ընտրություններն են, որոնք արդեն կամաց-կամաց վերածվում են ոչ թե հենց այնպես ընտրությունների, այլ նախանշաններ կան, որ ՏԻՄ ընտրությունները կդառնան իրոք ծրագրերի մրցույթ և ոչ անհատների: 44-օրյա պատերազմից հետո պիտի ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք մեր գործին, գնահատենք, թե ինչ ռեսուրսներ ունենք և դրանք ինչպես արդյունավետ օգտագործենք, որպեսզի եթե ներդրողներ գան մարզ, կարողանանք ճիշտ ներկայացնել մեր հնարավորությունները: Փորձագետները վստահ ասում են, որ մեզ միշտ ինչ-որ բան խանգարում է դեպի առաջընթաց գնալ, դա գիտելիքի պակասն է, համախմբված աշխատելու փորձի բացակայությունը, ոլորտը լավ չպատկերացնելը և այլն: Ըստ նրանց, եթե գյուղատնտեսության ամեն ոլորտում քայլեր արվեն, ապա մեծ առաջընթաց կարելի է ունենալ:

Վերլուծական զեկույցի հեղինակ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Սարապատ համայնքի հետ իրենք ունեն հաջողված ծրագիր՝ հատապտուղների աճեցում, որը դարձել է  համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղադրիչ:

«Մարզի հյուսիսային միավորված համայնքներում կան շատ մեծ հնարավորություններ, աշխարհում կան շատ մեծ փողեր, ու դրանք ճիշտ ուղղորդելու, Հայաստան բերելու համար մեխանիզմներ են պետք, նոր գաղափարներ, որպեսզի կարողանանք դրսից դոնորներ բերել հյուսիսային շրջաններ: Շիրակի մարզը ներգրավված է նաև կլիմայի փոփոխության ազգային ծրագրում, Շիրակի և Տավուշի մարզերի համար մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության պլան, որպեսզի Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների միջոցով դիմեն կանաչ կլիմայական միջազգային հիմնադրամին ֆինանսական աջակցության խնդրով: Ի դեպ, այս հիմնադրամի բյուջեն մի քանի միլիարդ դոլար է»,-նշում է Գևորգ Պետրոսյանը: Ասում է` արդեն սովորական է դարձել այն, որ հենց ուզում ես համայնքների համար լավ գործ անել, ասում են, թե փող չկա, բայց «Լավն այն համայնքապետն է, որը ծաղիկ է դարձնում իր համայնքը, որպեսզի մեղուները գան և ոչ թե այն համայնքապետը, որը աղբի է վերածում իր համայնքը, որ ճանճերը լցվեն»,-համեմատություն է անում Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքերով, վերլուծությունը կազմելիս եղած գրականությունը հնարավորինս ուսումնասիրել է, վիճակագրական վարչության տվյալներն է մեջ բերել, բայց ոչ մի տեղ Աշոցքի և Ամասիայի նախկին տարածաշրջանների ամբողջական նկարագրությունը չի գտել, ինչն էլ դժվարացրել է նրա գործը: Իր վերլուծության մեջ Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է բոլոր 4 համայնքների համեմատական նկարագրերը, ցույց տվել, թե գյուղատնտեսության մեջ ո՛ր ճյուղը ինչպիսի առաջնահերթություն ու զարգացման հնարավորություն ունի. նկարագրել հողային ռեսուրսների, անասնապահության, բուսաբուծության ոլորտների վիճակը: Նշված համայնքների ագրոռեսուրսներն ու ագրոկլիմայական պայմանները ևս նկարագրված են վերլուծության մեջ: Գևորգ Պետրոսյանը համոզված է, որ այս վերլուծությունը կարող է օգտակար լինել համայնքներին հետագա որոշումներ կայացնելու հարցում: Փորձագետն իր վերլուծության մեջ կարևորում է գյուղատնտեսության կայուն զարգացման նախապայմանները, նշում է, որ շատ քիչ են այն նախաձեռնությունները, որոնք միտված են ոլորտի կայուն զարգացմանը: Ուսումնասիրության մեջ բավականին մեծ տեղ է հատկացվել նոր տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցերին: Հեղինակն ասում է, որ ուսումնասիրել է իրեն հասանելի բոլոր հնարավոր աղբյուրները, գյուղատնտեսության զարգացման կարևորագույն հնարավորությունները և դրանք տեղայնացրել: Այս վերլուծությունը, ըստ ներկաների, լավ հիմք կարող է դառնալ Շիրակի մարզի գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագիր մշակելիս:

-Ինչ կարելի է անել և ուր կարելի է հասնել,- վերլուծությունը տալիս է այս հարցերի պատասխանը, ու նաև, թե ինչի՞ց սկսել:  Գևորգ Պետրոսյանի խոսքերով, նախ անհրաժեշտ է ճիշտ ցանկություններ ունենալ, որը և պետք է ներկայացվի. այսինքն, թե գյուղում զարգացման ինչ հնարավորություններ կան և ինչ կարելի է անել մեր ուզածին հասնելու համար: Գևորգ Պետրոսյանի վերլուծությունը մի քանի ամսվա աշխատանք է, որի նպատակն է՝ ունենալ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի նախկին տարածաշրջանների համար հնարավորությունների և ցանկությունների ամբողջական փաստաթուղթ, երբ, որ ներդրողներ գան, նրանց դեմ դրվի և ներկայացվի, թե որն է լինելու այս տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղությունը:

«Ցավոք գյուղատնտեսական ոլորտին քիչ ուշադրություն ենք դարձնում, ՏԻՄ-երին ոլորտի վերաբերյալ նորմալ լիազորություններ էլ չենք տվել: Մի կողմից մտածում ենք, թե բոլոր ռեսուրսները սեփականաշնորհել ենք, ի՞նչ պիտի անի ՏԻՄ-ը: Տեղական մարմինը պիտի ոչ միայն կառավարի, այլև պիտի նպաստի, որ համայնքի տնտեսությունները զարգանան, իսկ առանց դրա հնարավոր չի լինի կառավարել»,-վստահ է Գևորգ Պետրոսյանը: Ասում է՝ այս պահին գյուղատնտեսական ոլորտի զարգացման միայն 1 ծրագիր ունենք. 1920-1930 թթ գյուղոլորտի զարգացման ազգային ծրագիրը, որը մի քանի փորձագետներ են մշակել: Կարևոր է, որ առաջարկություններ անենք, փոփոխություններ մտցնենք, և հանրային սեկտորի այս ձևաչափով մասնակցությունը դրա վառ օրինակներից մեկն է,-ասում է փորձագետը: Նրա կարծիքով համայնքը կառավարողների և համայնքում ապրողների մոտեցումներն իրենց բնակավայրերի զարգացման վերաբերյալ լրիվ տարբեր են, հիմա պիտի ստեղծել միջանկյալ վերլուծություն, որն ազդեցություն ունենա 2 սեկտորների վրա էլ: Գևորգ Պետրոսյանը չմոռացավ հիշեցնել, որ վերլուծությունը մշակելիս իրեն բավական լուրջ աջակցություն է տրամադրել Շիրակի մարզպետարանի գյուղբաժինը: Հանդիպմանը ներկա էր Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը: Նա ևս հաստատեց վերլուծության հեղինակի այն մտահոգությունը, թե բնական աճի միտումները հիշյալ 4 համայնքներում խիստ ահագնացող են, նվազել է ծնելիությունը, 1990 թվականի համեմատ, 2020 թվականին Ամասիայում՝ 6,25 անգամ, Արփիում՝ 6,33 անգամ, Աշոցքում՝ 3,24 անգամ, Սարապատում՝ 3,4 անգամ: Նույն ժամանակահատվածում էականորեն աճել է մահացությունը: Ըստ վերլուծության՝ անցած 30 տարիների ընթացքում բոլոր 4 միավորված համայնքներում բնակչության բնական աճն էականորեն նվազել է. վերջին 5 տարիներին ավելի բարձր տեմպերով, իսկ 2020 թվականին, դա հասել է իր ծայրահեղ դրսևորմանն Ամասիա և Աշոցք համայնքներում, երբ մահացությունը գերազանցել է ծնելիությունը և բնական աճի ցուցանիշը դարձել է բացասական: Պարզ է, որ ի թիվս այլ գործոնների, ըստ վերլուծության հեղինակի, բնական աճի վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2020 թվականին արձանագրված կորոնավիրուսային համավարակը և 2-րդ արցախյան պատերազմը: Գևորգ Պետրոսյանը միանշանակ չի հաստատում, որ բնական աճի խիստ նվազման միտումները նաև համայնքների միավորման բացասական ազդեցության հետ են կապված: Այս պնդումը,-ասում է, - լրացուցիչ ուսումնասիրության և ճշգրտման կարիք ունի: Գևորգ Պետրոսյանն ասում է՝ ՄԱԿ-ի չափորոշիչներով, եթե համայնքում 65 տարեկան և բարձր տարիքի բնակչությունը 7 տոկոսից ավելի է, ապա հասարակությունը համարվում է ծերացած, ինքը հաշվարկը տարել է ոչ թե 65, այլ 66 տարեկանից բարձրների համար ու պարզել, որ օրինակ Ամասիայում բնակչության մոտ 10 տոկոսն է 66 տարեկանից բարձր, Արփիում՝ 7,47 տոկոսը, Աշոցքում՝ 8 տոկոսը, Սարապատում՝ մոտ 9 տոկոսը: Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ եթե ինքը 65 տարեկաններին ևս հաշվեր ծերացողների խմբում, ապա ժողովրդագրական ծերացման պրոցեսն ավելի բարձր կլիներ: Ասում է՝ ցավալի տվյալներ են, իսկ բնական աճի կորը 2016 թվականից հետո միանգամից շեշտակի անկում է գրանցել, Գևորգ Պետրոսյանի բնորոշմամբ, ջրվեժի պես սկսել է թափվել: Ու սրանք վիճակագրական վարչության պաշտոնական տվյալներն են: Հանդիպմանը ներկա բնակիչների խոսքերով, այս անկումը պայմանավորված է նաև սրանով. 2016 թվականին ՌԴ-ն օրենք էր ընդունել երկքաղաքացիության հետ կապված, ՌԴ քաղաքացիներին տուգանում էին այլ երկրի քաղաքացիություն ունենալու համար, այդ իսկ պատճառով էլ մարդիկ հաշվառումից դուրս եկան: Բայց սա դեռևս չճշտված պատճառ է: Բացի դրանից, համայնքներում մարդիկ էլ կան, ովքեր վաղուց արտերկրում են, բայց հաշվառումից դուրս չեն եկել: Սա ևս ազդում է ժողովրդագրական պատկերի վրա: Իսկ Աշոցքում, օրինակ, ժողովրդագրական պատկերը դրական փոփոխություն է կրել: Տարածաշրջանում 1988 թվականից հետո բնակիչների թիվը 1,7 անգամ ավելացել է:

Համայնքներում գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացվածության տեմպերին անդրադառնալով Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Ամասիայի և Աշոցքի նախկին տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության 2 ճյուղերն էլ զարգացած են, գերակշռում է անասնաբուծությունը (տավարաբուծություն և ոչխարաբուծություն, խոզաբուծությունը այս համայնքներում զարգացած ուղղություն չի համարվում): Վերլուծությունը ցույց է տվել, որ Շիրակի մարզի արոտավայրերի, խոտհարքերի քանակն ու անասնագլխաքանակը տոկոսային առումով համընկնում են, այսինքն մարդիկ ինչքան անասուն հնարավոր է պահել եղած արոտավայրերի չափով, պահում են, բայց ավելացնելու տեղ կա, քանի որ ըստ փորձագետի՝ մոտ 20.000 խոշոր եղջերավոր և մոտ 5000 մանր եղջերավոր անասուն վերջին 10 տարվա ընթացքում ամեն տարի ամռանը մեր մարզ է բերվում արտագնա արոտի: Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ, պետք է համայնքները բաց լինեն, որ նոր ցեղատեսակների անասուններ մուտք գործեն, բայց պիտի պահպանենք նաև տեղական ցեղատեսակները, քանի որ դրանք արդեն հարմարվել են տեղի կլիմային ու հիվանդությունների նկատմամբ ձեռք բերել դիմադրողականություն: Ու նաև, որպեսզի լոլիկի պատմությունը չկրկնվի, երբ տեղական շատ լավ սորտերը ոչնչացան, ներմուծվեցին նոր սորտեր ու երկար տարիներ շուկայում համեղ լոլիկ չկար: Հիմա նոր, ջերմոցային տնտեսություններն են փորձում լոլիկի համեղ սորտեր աճեցնել: Մտավախություն կա, որ անասունների նոր ցեղատեսակներ հանրապետություն ներկրելու դեպքում էլ կարող է նույն խնդիրը լինի. մսատվության ցուցանիշներով հասնենք բարձր մակարդակի, բայց մսի որակը փոփոխություններ կրի դեպի վատը:

Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ բուսաբուծության առումով Աշոցքի և Ամասիայի համայնքները շատ մեծ հնարավորություններ ունեն: Մի կողմից, բնակչությունը նշում է, թե վեգետացիոն շրջանն իրենց մոտ կարճ է, շատ բույսեր չեն աճի, բայց փորձագետը համաշխարհային գյուղատնտեսությունից է օրինակ բերում, երբ Միջին Ասիայում, շատ ավելի վատ հողային պայմաններում, որտեղ չորային է, կլիմայի փոփոխությունները շեշտակի են, բայց շատ  բուսատեսակներ աճեցնում են:

Հայաստանում, ըստ Գևորգ Պետրոսյանի, դեռ ոչ մի տեղ  այնքան տեղումներ չեն եղել, որքան անցած տարի հուլիսին Շիրակի մարզում: Մեր մարզը կարող է շահել կլիմայի փոփոխություններից, ամբողջ հանրապետությունում, ըստ ուսումնասիրությունների, տեղումների հաճախականությունն աճում է միայն Շիրակի մարզում, բայց որոշակի անհամաչափություններով: Շիրակի մարզում նաև տարեկան միջին ջերմաստիճանն է աստիճանաբար բարձրանում: Մյուս կողմից էլ կլիմայի հետ կապված տարբեր վտանգներն են մեծանում՝ հողմեր, կարկտահարություն և այլն:  Ըստ բանախոսի՝ կան բազմամյա մշակաբույսեր, որոնց աճեցմամբ կարելի է բարելավել անասնակերի ապահովումը  և ավելացնել եկամուտը: Ի՞նչ աճեցնել. օրինակ՝ գետնախնձոր, որը Գևորգ Պետրոսյանի խոսքերով, մշակության գործում ոչ մի պրոբլեմ չունի, պահանջարկ էլ ունի: Օրինակ է բերում. Հայկավան գյուղում գետնախնձոր աճեցնում են, բերքն էլ գյուղացուց գնում են Երևանյան սուպերմարկետները: Բացի դրանից, գետնախնձորը որպես անասնակեր էլ կարելի է օգտագործել, այն պահեստավորելու կարիք էլ չկա, ամբողջ ձմեռ կարող է մնալ դաշտում, այն թաղանթով ծածկում են և ավելի ուշ են քաղում:  Կան այլ մշակաբույսեր ևս, որոնց աճեցման պայմանները կարելի է ուսումնասիրել և  քիչ-քիչ ներդնել տարածաշրջանում: Լավագույն տարբերակը, ըստ փորձագետի, այն է, որ սելեկցիոն կայաններն այդ բույսերը փորձարկեն, հետո նոր համայնքները սկսեն դրանց աճեցմամբ զբաղվել, բայց պետական մակարդակով առայժմ դա չի արվում: 1970 թվականից հետո էլ մշակաբույսերի շրջանացում չի արվել, այսինքն չի ուսումնասիրվել, թե որ բույսը որ համայնքի տարածքում ինչպիսի բերք է տալիս: Հողերի ուսումնասիրման քարտեզ էլ չկա:

Մյուս բույսը, որ փորձագետը առաջարկում է համայնքներում աճեցնել, աշորան է՝ տարեկանը, որից դիետիկ հաց են ստանում: Գյումրիի սուպերմարկետներից մեկում 1 կգ աշորայի հացն արժե 1000 դրամ: Ի դեպ, աշորայի հայրենիքն Ուրարտու պետությունն է, այսինքն բույսը հայկական ծագում ունի, իսկ Աշորան հացահատիկի աստվածուհին է եղել: Աշորան նաև մեծ քանակությամբ օրգանական նյութերով է հարստացնում հողը, մանավանդ թեք լանջերի վրա, անջրդի պայմաններում, սկսած 2-րդ տարվանից, այն որպես խոտ է օգտագործվում ու դիմանում է բնության քմահաճույքներին: Բացի դրանից, Շիրակի մարզում պետք է վերականգնել տեղական ալրաղացները, որոնք իհարկե ջրով չեն աշխատի, կլինեն էլեկտրական, բայց դրանց օգնությամբ հացահատիկից կստացվի թեփով ալյուր, ինչը հիմա չկա, ներկայիս աղացները թեփն անջատում են ալյուրից: Թեփով ալյուրով եփված հացը Գևորգ Պետրոսյանի խոսքերով, լրիվ ուրիշ բույր ունի, քաղաքի բնակիչն այսօր այդպիսի հաց չունի, և համայնքները շուկայում կարող են հացի որակի այլ նշաձող սահմանել, ստանալ ալյուր, որը ոչ մի կարգի մեջ չի մտնում: Դա կնպաստի, որ գյուղերում եկամուտներն ավելանան, նաև շատ կարևոր է, որ միջպետական ավտոճանապարհի որևէ հատվածում ստեղծվի գյուղատնտեսական շուկա, որ շաբաթը 1- 2 օր գյուղացին իր ապրանքն ինքը վաճառի թանկ գնով, առանց միջնորդների: Փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արդյունավետությունը բարձր է գյուղատնտեսական կոոպերատիվների մոտ: Գևորգ Պետրոսյանի ղեկավարած «Բիոսոֆիա» ՀԿ-ի շնորհիվ 10-ից ավելի կոոպերատիվներ են  հիմնվել: Ասում է՝ ծրագիր ներկայացնելիս, իրենք միշտ աշխատում են տեղում ստեղծել կոոպերատիվ, բայց դրանց աշխատանքի արդյունավետությունը, շատ ցածր է, մեզ մոտ համագործակցության բացակայության խնդիր կա:

Սարապատ համայնքում, ըստ Գևորգ Պետրոսյանի, սկիզբ են դրել հատապտղագործության զարգացմանը: Ազնվամորու, անփուշ մոշի, կարմիր հաղարջի, կոկռոշենու, ընդհանուր հաշվով 6500 տնկի է բերվել համայնք, տրամադրվել բնակիչներին: Փորձը կա, Հայկավան գյուղում 800 քառ. մետր ազնվամորու այգուց կես մլն դրամի բերք է ստացվել,-ասում է Գևորգ Պետրոսյանը: Նա գտնում է, որ գյուղատնտեսությունը պետք է բազմազանեցնել, որպեսզի, օրինակ,  եթե տարին հացահատիկի համար լավը չէր, եկամուտ ստացվի այգեգործությունից, որ տնտեսությունը կայուն զարգանա: Հետո հանրապետության ամբողջ գյուղարտադրության 90 տոկոսից ավելին գյուղացիական փոքր տնտեսություններից է ստացվում: Ասում է՝ ո՛ր ոլորտները ինչ հնարավորություն են տալիս, կարելի է խոշորացնել, օրինակ հացահատիկ և այլն, բայց եթե հատապտուղներ են աճեցվում, խոշորացումն էական բան չի փոխի: Տարածաշրջանը փոքր է, բայց ռելիեֆային մեծ տարբերությամբ: Թիվ 1 խնդիրը, որ կա, մարդկանց կաղապարային մտածելակերպն է, որ ասում են, թե ենթադրենք այս մի ծրագիրը, կամ հաջողված նախագիծը եղել է Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում, բայց մեզ մոտ չի լինի: Սա սխալ մտածելակերպ է. պետք է փորձել շատ բաներ, դրա մեջ մեծ ռիսկեր կան, բայց պիտի հետևել նաև ուրիշի փորձին, սակայն ունենալ սեփական տեսակետը: Մարդկանց մեջ ցանկություն արթնացնել է պետք:

Համայնքներում նաև վարելահողերի վերականգնման և արոտների ճիշտ կառավարման խնդիր կա: Վաղ գարնանային և ուշ աշնանային արածեցումներն հանգեցրել են նրան, որ գյուղամերձ արոտները լրիվ դեգրադացված են: Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ նախկինում արոտները կառավարող մարդիկ են եղել գյուղերում, ովքեր որոշել են, թե որտեղ անասուններն արածեցնեն: Հիմա նման բան չկա, ում ինչպես և որտեղ հարմար է, այնտեղ էլ անասունն արոտի է հանում:

Վերլուծության հեղինակները պատրաստ են լրամշակել փաստաթուղթը և բնակիչների առաջարկները ևս ավելացնել:

Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով, ուսումնասիրության մեջ Գևորգ Պետրոսյանը համայնքների զարգացման համար 100-ից ավելի առաջարկներ է ներկայացրել, դրանցից թող 10-ն աշխատի,- ասում է,-սա ընդամենն առաջարկ է այն մասին, որ կան այսպիսի հնարավորություններ, բայց բնակիչները կարող են ավելի լավ առաջարկություններ անել, որպեսզի փաստաթուղթն այնքան լրացնենք, որ դառնա օրինակելի ու կատարելագործված:

Ինչքան համայնքները