понедельник, 16 сентября 2013 г.

«Ինֆոգնացքը» մեկ ամիս անց...

Հեղինակ` Շուրա Մարտիրոսյան

Չգիտեմ` որտեղից սկսել. անցել է մեկ ամիս, բայց դեռ այդ օրվա զգացողություններն ինձ չեն լքում: Օրն իրոք հրաշալի էր:
Դա «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագիրն էր. երևի դուք առաջին անգամ եք լսում «Ինֆոգնացք» բառը: Այն շատ պարզ է ու աննկարագրելի: Ինֆորմացիոն գնացք:
Առավոտյան ժամը ութն էր, մենք գնացքի կանգառում էինք, անհամբեր սպասում էինք գնացքի ժամանելուն: Բոլոր ընկերներս այդտեղ էին, շատերին չէի տեսել արդեն մեկ տարուց ավելի: Երբ արդեն գնացքում էինք բոլորին ողջունեցի, խոսեցի ու հասկացա մի բան` ունենալ շատ ընկերներ, հիասքանչ է, բայց չկարողանալ շփվել նրանց բոլորի հետ, շատ ցավալի է: Երբեմն, ժամանակ առ ժամանակ, հարկավոր են նման միջոցառումներ, որոնք երիտասարդներին կօգնեն տեսնել իրենց ընկերներին` հին ու նոր, վերհիշել անցյալը, լավ օրերը, արկածները և այն ամենն, ինչը իրենց  հիշողության մեջ դարձել են մանկության ու պատանեկության վառ օրեր և հուշեր:
«Ինֆոգնացքը» հենց այն ծրագիրն էր, որն առաջին հերթին ինձ օգնեց վերագտնել իմ անցյալի աննկարագրելի հուշերը հենց այն մարդկանց հետ, ովքեր հանդիսացել են այդ հուշերի մի մասնիկը: Իսկ մեկ տարուց ես արդեն կարող եմ խոսել և վերհիշել «Ինֆոգնացքը», թե ինչքան հաճելի էր, թե ինչքան անմոռանալի, երբ ընկերներիդ հետ հավաքվում ես մեկ մտքի և մեկ նպատակի շուրջ, մշակում ես ծրագրեր, զարգացնում այն, հինը չկորցնելով` կառուցում նորը, առաջարկում գաղափարներ, որոնք կքննարկվեն և հաջողության դեպքում կարժանանան հավանության:
Մենք ունեցանք թեժ քննարկումներ, անգամ շատ ծիծաղելի և անսպասելի պահեր, որոնք էլ ավելի թարմ էին պահում մեր միտքը և մոտվիացնում մեզ դեպի մեր նպատակ: Մեզ տրված էր չորս ժամ, որից հետո մենք մեր ծրագիրը վերջնական տեսքով պետք է ներկայացնեինք ծրագրի բոլոր մասնակիցներին և ծրագիրը գնահատող անձնակազմին: Ուղիղ երեք ժամ քառասունհինգ րոպե մենք խոսում էինք, իսկ վերջին տասնհինգ րոպեն իսկական խառնաշփոթ էր. ծրագրի պաստառ, պրեզենտացիա, մտքերի կառուցողական ձևակերպում պաստառի վրա, և այդ ամենը դեռ պատրաստ չէր:
Հիասքանչ տրամադրություն էր մեզ մոտ, չէ՞ որ բացի ընկերական շրջապատից, բացի լավ գաղափարից և մտքերից ակնհայտ դարձավ մեկ, բայց, թերևս, շատ կարևոր մի հանգամանք. մենք աշխատել էինք, աշխատել էինք, որպես թիմ և մեկ ընտանիք, և արդյունքում մեծ հաջողությունը ժպտաց մեզ:
Ես սիրեցի «Ինֆոգնացքը», որովհետև այն բացեց մեր աչքերը, որպես անհատականություն և մեզ տվեց ամենակարևորը՝ ընկերներ:


Ահա և մենք արդեն Արմավիրում էինք, որտեղ մեզ հնարավորություն ընձեռվեց առանձնանալ խմբերով և լրջորեն քննարկել սեփական ծրագրերը: Այն գաղափարը, որի շուրջ ես ցանկացա աշխատել, կամավորության վերաբերյալ ծրագիրն էր: Օգնել պատանիներին և երիտասարդենին, գտնել աշխատանք սեփական հետաքրքրությունների և մտահորիզոնի սահմաններում: Դա ինձ համար հիանալի միտք էր, հնարավորություն տալ մարդկանց չկորցնել սեփական «ես»-ը և գտնել անհատի առանձնահատկությունները հասարակության մեջ: Փորձել օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 Ծրագիրն ուներ մշակման և զարգացման կարիք, իսկ դա հեշտ բան չէ. հարկավոր էր լուրջ թիմ, լուրջ աշխատանք, եզրակացություններ և ամենակարևորը` արդյունք: Արդյունքը արդեն կլիներ ծրագրերը գնահատող անձնակազմի կողմից մեր ծրագրի հավանությունը: 
...ներկայացրեցինք մեր ծրագիրը, լսեցինք ևս հինգ թիմերի ծրագրեր, որոնք մեկը մյուսին չէին զիջում և ոչ մի բանով:
Իրականում հաղթեցին, ոչ թե այն ծրագրերը, որոնք լավ կամ նորարարական գաղափարներ էին, (բոլորն էին լավը) այլ այն ծրագրերը, որոնք մշակվել էին լավ թիմային աշխատանքի արդյունքում: Եվ իրոք, փորձը բազմիցս ցույց է տվել, որ թիմային աշխատանքը և ընկերական ջերմ մթնոլորտը կարող է ցանկացած ծրագիր, ցանկացած գաղափար և անգամ նոր ծնված միտք մշակել մինչև այն մակարդակը, երբ այն  կդառնա իրականություն:
Մենք արդեն հետ էինք վերադառնում, գնացքը արագ էր շարժվում, ներսում շատ հաճելի էր, իսկ դրսում` մութ ու ուժեղ քամի: Մեզ խնդրեցին փակել պատուհանները և ապահովել լռություն: Այդ ընթացքում խոսեցին ծրագրի կազմակերպիչները և իրենց շնորհակալական խոսքն ասեցին ծրագրի հովանավորներին և մեզ: Շնորհակալություն հայտնեցին լավ մտքերի և գաղափարների համար և հայտարարեցին այն երկու ծրագրերը, որոնք հավանության էի արժանացել:
Ծափահարություններ... ուրախ մթնոլորտ...անկեղծ ժպիտներ, որոնք արտացոլում էին բոլոր մասնակիցների հոգեվիճակը... շնորհավորանքներ... մեծ ուրախություն: Մեր ծրագիրը երկու հաղթողն ծրագրերից մեկն էր:
Եվ սա ինֆոգնացքն էր, հիանալի է չէ՞: Մի տեղ, որտեղ կհանդիպես քո բոլոր ընկերներին, մի տեղ, որտեղ կա սեր և ջերմություն և իհարկե, անսահաման ինֆորմացիա և գնացքի շարժման նման արագ սլացող ու գեղեցիկ մտքեր: «Ինֆոգնացքը» շատ բան փոխեց. հիմա մենք ավելի հաճախ ենք հանդիպում, քանի որ ունենք ընդհանուր աշխատանք, աշխատանք կամավորների հետ: Այն միայն ծրագիր չէր, այն ցանցային ծրագիր էր, որ մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգանալ, ընդլայնել սահմանները, ունենալ նոր ընկերներ և էլ ավելի զարգացնել սեփական գաղափարները:
Յուրաքանչյուրիս կյանքում նշմարվեց ևս մեկ լուսավոր կետ, և տարիներ անց մենք արդեն կվերհիշենք «Ինֆոգնացքը», որպես մեր կյանքի լավագույն շրջադարձերից մեկը: Այն շրջադարձը, որ մեզ տվեց այն, ինչի կարիքն ունեինք և զգում էինք: Ես շատ շնորհակալ եմ «Ինֆոգնացքից» և «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագրի կազմակերպիչներին և, ի նշան իմ շնորհակալության, գրում եմ այս տողերը` վերհիշելով այն աննկարագրելի պահերը, որոնք մեծ դեր ունեցան մեր կյանքում:

Комментариев нет:

Отправить комментарий