пятница, 20 сентября 2013 г.

Մի բաժակի պատմություն, որը մի ամբողջ գավաթ արժեր....

Հեղինակ՝ Սեդա Մարտիրոսյան

Սեդա Մարտիրոսյան

Ինչպես
պատահեց, որ երեք երիտասարդ ընկերներ սկսեցին կռվել իրար հետ, ու բանը ծեծկռտուքի չհասավ, բայց պակաս ձեռնամարտ էլ չէր կարելի որակել: Իսկ պատճառը...բաժակն էր, որն իբրև խրախուսական մրցանակ տրվեց մեր թիմին: Երկար կռիվներից հետո այն բաժին հասավ մեր «ջենթլմեն» Գոռին, ով որոշեց, որ բաժակն իրեն է պատկանում, ինչ-ինչ պատճառներով, և թույլատրեց միայն լուսանկարվել վերջինիս հետ: Իսկ բաժակով թեյ վայելելն ինձ ու Էմմայի մոտ այդպես էլ երազանք մնաց:
Սկսեմ սկզբից...պատահել էր հետևյալը՝ Գյումրիի «Ինֆոտուն»-ը հայտարարել էր մրցույթ՝ գաղափարի, ծրագրի մրցույթ, որի իրականացման համար հաղթող թիմերին օգնելու էր ֆինանսապես: Մենք՝ ԳԷՍ-ից /Գոռ, Էմմա, ՍԵդա/ կազմված խումբը, առաջին փուլը հաղթահարեցինք, իսկ հաջորդ փուլը պիտի կայանար գնացքում՝ օգոստոսի 28-ին:
Նշված օրը՝ վաղ առավոտյան, Գյումրու Երկաթգծի կայարանում անսովոր աշխուժություն էր տիրում. հավաքվել էր մոտ 100 հոգի մարդ: Կատակ, ուրախ զրույցներ, «Ինֆոտան» լոգոյով սպիտակ շապիկներ, զանգեր՝ «ու՞ր հասար, շտապի՛ր» արտահայտություններով, և լուրջ հայացքով, խելացի աչքերով, բեղավոր մի մարդ, ով հաշվում էր հավաքվածներին, որպեսզի ինչ-որ մեկին չմոռանա հանկարծ: Զուգահեռ տանելով՝ նրան մի պահ համեմատեցի հովվի հետ, ում համար ամեն մի գառը թանկ է՝ հանկարծ չմոլորվի...միգուցե մենք էլ՝ հավաքվածներս, նրա համար գաղափարական գառնուկներ էինք:
Գնացքում տեղավորվելուց հետո յուրաքանչյուր թիմ պիտի կրկին ներկայացներ իր նյութը՝ փորձելով շարքը համալրել նոր անդամներով: Սկսվեց... մինչ բոլոր խմբերը ներկայացրեցին, գնացքի երկար ու ձիգ գծերը մեզ աննկատ հասցրեցին Արմավիրի կայարան: Դեռ չէինք հասցրել ծանոթանալ Արմավիրի «Ինֆոտան» շենքի հետ, սկսվեց հաջորդ՝ քննարկման փուլը: Կային մի շարք հրահանգներ՝ կոնկրետ ժամանակահատվածում ժյուրիին պիտի հստակ ու հակիրճ ներկայացնել ծրագիրը: Արմավիրի տապը վայելելուց հետո արդյունքներին պիտի ծանոթանայինք գնացքում՝ հետդարձի ժամանակ: Թերևս այդ օրը մեր խմբին շատ բնութագրական էր հետևյալ միտքը. «Կարևորը մասնակցությունն է,  ոչ թե հաղթանակը»:
Հ.Գ. Ինֆոգնացքի մասնակիցներից յուրաքանչյուրն ինձ համար ինֆորմացիոն վագոններ էին, ովքեր պատահաբար հավաքվելով՝ այդ օրը գնացք կազմեցին և ուղևորվեցին: Միգուցե գնացքի վագոններն էլ են այդպես պատահաբար հանդիպում միմյանց ու չվերթ կազմում: Ժամանակ կանցնի, շատերս կմոռանանք իրար կամ գուցե դեմքերով կհիշենք մեկմեկու: Հանդիպելիս էլ բարևելու փոխարեն, եթե համարձակություններս չների, կժպտանք երևի ու մտովի հարց կտանք՝ «Բա՜րև, ինֆո-վագո՛ն, կյանքի կայարանում քո՞ գնացքով ես շարժվում»...

Комментариев нет:

Отправить комментарий