вторник, 3 февраля 2015 г.

Կանչ համայնքի դպրոցում իրականացվեց փոքր դրամաշնորհային ծրագիր

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնություների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» խորագրով հանդիպումից հետո որոշվեց իրակնացնել փոքրիկ ծրագիր Արագածոտնի մարզի Կանչ եզդիական գյուղում
Գյուղը գտնվում է Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12-13 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյալդո, Գյալթա, Գյալթո Մեծ, Կյալդո անվանումները: Գյուղի շրջակայքում է գտնվում Գյալթո փոքր ավերակ գյուղը:Գյուղն ընկած է Արտենի լեռան արեւմտյան՝ մասնատված ռելիեֆով լանջին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: 

Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5--6-սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը՝ 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:Գյուղը հիմնականում քրդաբնակ է: 1873 թ-ին ունեցել է 91, 1897թ-ին` 142, 1926 թ-ին` 184, 1939 թ-ին` 437, 1959 թ-ին` 398, 1979 թ-ին` 378 քուրդ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 112 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի 33 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 85%, որոնց մեջ 1041հա կազմում են արոտավայրերը, 49հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:Արդյունաբերություն չունի:Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Գյուղն ունի 22 աշակերտից բաղկացած դպրոց:

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ Համաշխարհային երիտասարդական անկախ միություն ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության» իրավիճակային վերլուծությունը ցույց տվեց, որ հանրային դպրոցներում, հատկապես համայնքներում փոքրամասնության ներկայացուցիչները ենթարկվում են տարատեսակ խտրականության դրսևորումներիորոնք հաճախ հանգեցնում են նրանց սոցիալական մեկուսացվածության։ 
Սույն ծրագրի նպատակն է խթանել երեխաների իրավունքները, հանդուրժողականության և բազմազանության մթնոլորտը և նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները՝ հենվելով մարդու իրավունքների համընդհանուր դրույթների վրա։

понедельник, 2 февраля 2015 г.

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում:
Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:
Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած  բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում, ինչ բաժին հասներ, նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր  նրանց բախտը:
Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում: