понедельник

Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնը Գյումրիում

Գյումրի, Երեւան, ԼՂՀ՝ այս տարի այս վայրերից էին մասնակցում Համահայկական ինտելեկտուալ փառատոնին, չնայած սովորաբար այն ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն:
-Հայաստանի ամենահին, ամենատեւական փառատոններից է,-ասում է «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը,-տարեվերջյան խաղ է, համարյա ամանօրյա, որին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն թիմերը:
Դեկտեմբերի 25-ին Գյումրիում կայացած Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնին մասնակցում էին 15 թիմեր, նրանցից 9-ը Գյումրուց, 5-ը Երեւանից եւ մեկը ԼՂՀ-ից: Փառատոնը միջազգային ասոցացիայի կողմից լիցենզավորված մրցաշար է, ինչն էլ նշանակում է, որ խաղացող թիմերը ստանում են վարկանիշային միավորներ: Վարկանիշային համակարգը գործում է աշխարհի բոլոր թիմերի համար:
Եվ այսպես՝ 32 հարց ռուսերեն լեզվով, 16 հարց հայերենով, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար 1 րոպե, այս ամենին գումարած ուշադրություն, ճկուն միտք, արագ կողմնորոշվելու ունակություն, թիմային խաղ՝ արդյունքում ինտելեկտուալ շարժում:
-Շատ եմ կարեւորում այս փառատոնը, որն ինքնին խթանում է ինտելեկտուալ շարժումը,-ասում է ԼՂՀ-ի «Հայեր Քաշաթաղի» թիմի անդամներից Մարիամ Մարտիրոսյանը,- հաղթանակը, իհարկե, կարեւորում եմ, բայց խաղի ընթացքում ստացած դրական էներգիան ավելի կարեւոր է: Արդեն 7-8 տարի է մասնակցում ենք այս փառատոնին: Բնականաբար, շատ եմ կարեւորում շփումը մյուս մասնակիցների հետ, մտերմության հաստատումը:
Երեւանի «Դաֆ» թիմն էլ առաջին անգամ չի մասնակցում Համահայկական ինտելեկտուալ փառատոնին: Թիմի անդամ Նորա Ալանակյանը եւս կարեւորում է նման փառատոնների միջոցով ինտելեկտուալ շարժման խթանմումը եւ ոչ միայն.
-Փառատոնը խրախուսական է երիտասարդների համար, այն նաեւ սերտացնում է շփումը Հայաստանի տարբեր հատվածների միջեւ,-ասում է Ն. Ալանակյանը, ապա ժպտալով ավելացնում՝ ուրախ է, որ Գյումրիում է,- իմ սիրած քաղաքում եմ, ծագումով էլ գյումրեցի եմ: Հաղթանակը ամենակարեւորը չէ, բայց ամեն դեպքում ձգտելու ենք հաղթանակի:
Հատկանշական էր, որ ինտելեկտուալ խաղին՝ արդեն փորձառու մասնակիցների կողքին, մասնակցում էին նաեւ պատանիները եւ երիտասարդները:
«Ֆոտոն» աշակերտական թիմի անդամները նշում են, որ հաճախ են մասնակցում միջքաղաքային խաղերի: Իսկ փառատոնին առաջին անգամ են մասնակցում, հաղթանակն էլ շատ են կարեւորում, ու հումորով ավելացնում են՝ հաստատ մեծահասակները կհաղթեն: Ինչ խոսք, նրան դեռ ժամանակ կունենան հաղթելու:
Կարինե Գուսարենկոն՝ «ՊոլիՏեխ» թիմից, եւս կարեւորում է հաղթանակը.
-Եթե հաղթում ես՝ այն էլ ինտելեկտուալ խաղում, ապա շատ լավ է: Բայց խաղի ժամանակ դրա մասին մտածելը սխալ է՝ խանգարում է լավ խաղին եւ դրանից հաճույք ստանալուն:
Յուրաքանչյուր խաղ իր կանոններն ունի եւ հաղթողներ ու պարտվողներ: Համահայկական ինտելեկտուալ 15-րդ փառատոնի առաջին երեք տեղերը զբաղեցրեցին Երեւանի «Հայաստան», «Դաֆ», «Պերեզագրուզկա» (PZ) թիմերը: Նրանց նվիրեցին գրքեր՝ «100 մեծերը» շարքից:
Իսկ պարտվողնե՞րը…Նրանք էլ ինչ-որ բան շահեցին՝ մտքերի, գաղափարների փոխանակում, նոր գիտելիքներ եւ հերթական հանդիպման ակնկալիք Գյումրիում:
Ալիսա Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий