Կազմեց` Կիմա Հարությունյանը
Ասում են տիեզերական բարձրությունից երևում է բեկման գիծը, որն անցնում է Գյումրին:
Ինը բալանոց հուսալիությամբ տներ հողի վրա չեն կառուցվում: Իմաստ չունի կառուցել այնտեղ, ուր ըստ Ռիխտերի ինը և ավելի բալեր են: Իսկ այստեղ, էպիկենտրոնում, բառացիորեն Նալբանդ (Շիրակամուտ) գյուղից մի քանի մետրի վրա` Գյումրուց ոչ հեռու, Սպիտակ քաղաքի մոտակայքում, ամենուրեք տասնմեկ բալ է:
Եվ այդ կենտրոնից ճեղքվածքների շառավիղները չարագուժորեն տարածվեցին ողջ հայոց լեռնաշխարհով` հողին հավասարեցնելով ամեն ինչ և ամեն բան: Քսան վայրկյանի ընթացքում Շիրակի և Լոռու տարածքում ավերվեցին չորս քաղաք, լրիվ փլատակների վերածվեցին 58 և կիսաքանդ եղան 342 գյուղ: Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, 416 մարդ զրկվեցին վերջույթներից, որոնցից 54-ը երեխաներ:
Այս էլ որերոդ անգամ հին Գյումրին հայտնվում է դժվարության գոտում: Իսկ 1926 թվականի երկրաշարժն, ականատեսների վկայությամբ, քիչ բանով է տարբերվում 1988-ի համակործանումից: Դեռևս այն ժամանակ ճաքճքված շենքերը չդիմացան 62 տարի հետո կատարված արհավիրքի ճնշմանը:
Եվ այսպես Գյումրիում լրիվ ավերվեցին ճարտարապետական կոթողներն, այդ թվում Ամենափրկիչ եկեղեցին` Շիրակի զարդն ու հպարտությունը: Աշխարհը խոսեց հայերի ողբերգության մասին:
Լենինական 88-ը երբեք չի ջնջվի մարդկության հիշողությունից:
Հարազատների ու մտերիմների մահը մեզ կստիպի գործնականորեն ու սթափ մտածել ապագայի մասին:
Հայրենիքը չեն ընտրում: Հայերի համար այն միակն է` Հայաստանը: Սեյսմիկ վտանգավոր գոտի: Մենք արհավիրքի դեմ բողոքել չենք կարող: Միակ ելքը` դիմացկուն և հուսալի կառուցելն է: Կառուցել գեղեցիկ, ինչպիսի գեղեցկությամբ կառուցվել էր Գյումրին:
Комментариев нет:
Отправить комментарий