воскресенье

Lifetrain…Ես գտա քեզ

Կյանքում ինֆորմացիան շատ է, սակայն ինֆորմացված կյանքերը՝ քիչ։
Հարությունյան Լևոն


-Մենք ե՞րբ ենք զգում, որ սիրահարված ենք։ /Լևոն/
-Դա չգիտեմ, բայց երբ զգում ենք, որ սիրահարված ենք, այդ ժամանակ զգում ենք, որ ամիսներ առաջ մենք արդեն ունեինք այդ սերը մեր ներսում։ /Լևոնի սիրտ/
-Դու ինձ հետ էիր։ Երբ զգացիր, որ մենք ոչ թե գնացքում էինք, այլ կյանքի ընթացքում։ /Լևոն/
-Հիմա ես քեզ կպատմեմ, թե ինչպես եղավ, որ մենք հանդիպեցինք Լևոն, և ինչպես եղավ, որ դու հիմա ինձ հետ կարողանում ես խոսել։ 
Լևոն դու քաջ գիտակցում ես, որ նախքան ինֆոգնացքում հայտնվելը, ես քեզ հետ չէի շփվում, քանզի դու դեռ չէի կայացել այն աստիճան, որ զգայիր քո մեջ եղած առեղծվածները։ Դու դեռ չգիտեիր, որ այս կյանքում կան հիանալի երևույթներ՝ մարդիկ, ովքեր բացի վատ կյանքից, ունեն նաև մի հոգեկերտվածք, որին պետք է շանս ընձեռել, որպեսզի այն բացահայտի սեփական անձը։ Հիշիր ո՞վ էիր մինչև գնացքը և ով ես հիմա։ Այն ժամանակ դու ժպտում էիր անգիտակցաբար, հիմա հակառակը։ Այն ժամանակ դու գոյատևում էիր, իսկ հիմա՝ ապրում։ Դու փորձում էիր ճախրել երկնքով, փորձում էիր գտնել սեփական աստղը, փորձում էիր բացահայտել կյանքը, այժմ դու բացահայտում ես, դու այլևս չես փորձում, դու արդեն գիտես եղանակները, ինչպես գտնել աստղ երկնքում, ինչպես հասկանալ կյանքը և ինչպես ապրել այս երազկոտ աշխարհում։
Այն ժամանակ մենք իրար չէինք ճանաչում, որովհետև ինքդ չէիր բացահայտել սեփական անձդ։ Այժմ դու գիտես, թե ով ես, ի՞նչ ես ներկայացնում քեզանից։ Դու բացահայտեցիր քո հնարավորությունները, դու հասկացար, որ ունակ ես պայքարել, ձգտել, հաղթել, ներկայացնել գաղաարներ, տալ դրանց լուծումները։ Դու սովորեցիր աշխատել ընկերների հետ։ Դու սովորեցիր` ինչ է ընկերը։
Կներես, ոչ թե սովորեցիր, այլ զգացիր։ Դու ունես 70 ընկեր, և վստահ եղիր նրանք անփոխարինելի են։ Եվ երբ գնացքը վերադարձավ Գյումրի, դու մնացիր նորից մենակ, քո աստղերի, որոնց դեռ չէիր գտել, քո երազանքների, որոնց ցանկանում ես հասնել, քո սեփական անձի հետ, դու մնացիր դեմ առ դեմ։ Եվ այդ ժամանակ դու հասկացար այս գնացքի ամենակարևոր բացահայտումը։ Ոչ մեկը միայնակ չէ այս աշխարհում։ Ամենքս ունենք մեր ներքինը, ամենքս ունենք մեր հոգին, մեր երազը, մեր աստղը, մեր միտքը, մեր ընթացքը....
Ես այնքան հրաշալի մարդկանց տեսա, այնքան հրաշալի ծրագրեր, այնքան հրաշալի ակնթարթներ, որ ես չդիմացա, և ցանկացա խոսել քեզ հետ։ Ես ցանկացա ասել, որ այս ուղևորությունն աննախադեպ էր իմ կյանքում։ Ես քեզ հետ շատ էի ճանապարհորդել, սակայն երբեք այսքան հագեցած չէր եղել իմ անձը։ Այնքան էի տպավորված, որ բացահայտեցի, որ ես գոյություն ունեմ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ մենք մեր մասին հիշեցնում ենք այն ժամանակ, երբ բավարարված է հոգին, լեցուն է սիրտը, մանուկ է միտքը, վառ է ժպիտը, ուրախ է դիմացինը, տպավորված է ՀԱՅԱՍՏԱՆԸ, և սերը իշխում է բոլորիս փոքրիկ ուղեղներում։
Եվ այս ամենն ինֆոգնացքի շնորհիվ։ Հիմա հասկացար, թե ինչ տվեց քեզ ինֆոգնացքը....
-...Անսահմանություն, երանություն, բավարարվածություն, սեր, մարդկային գոյություն, սեփական անձի ճանաչում եվ իհարկե քեզ, ի'մ սիրտ։ Հիմա դու միշտ ինձ հետ ես.... 

Օրորվող ընթացք


Հեղինակ` Էմմա Բաղդասարյան

Առավոտյան խիստ հակասական ապրումներով ու զգացողություններով քայլերս ուղղեցի դեպի կայարան: Կյանքումս առաջին անգամ էի գնացք նստելու, տարօրինակ է, բայց փաստ: Ինֆոգնացքի`նորարական այս ծրագրի մասին ինձ ասաց ընկերներիցս մեկը` Սեդան, քցեցինք-բռնեցինք, որ այ մարդ, լավ էլ խելացի մտքեր ունենք, ինչու կյանքի չկոչել: Ես, Սեդան, Գոռը լծվեցինք բարդ պատասխանատու եւ միեւնույն ժամանակ անչափ հաճելի գործին: Ծրագիրը հաղթահարեց առաջին փուլը, երկրորդ փուլում, երբ արդեն ներկայացնելու էինք գնացքում մնացած մասնակիցներին մեր ծրագիրը` որն ի դեպ գանձերի մասին էր, եւ ոչ ավել ոչ պակաս «Հայաստանի գանձեր»-ի մասին է խոսքը, որոշեցինք, որ մեր ազնվայրը՝ Գոռը ներկայացնի: Ներկայացնելուց հետո ժամանակ էր տրվում հարցերի համար, հարցերը մի փոքր խիստ անձնավորված սկսեցին հնչել, ու ես «ելա բեմ»: Դրեցի համեստությունս մի կողմ ու աջ-ձախ սկսեցի պատասխանել, հիմնավորել, ծրագրի մասին խոսել, խոսելխոսել անվերջՍեդայի հանդարտ դեմքին նայելիս, հիշում էի վերջինիս խոսքերը «Էմմա ջան, պատասխանելուց առաջ մինչեւ 10 հաշվի»: Կարծես թե ամեն բան լավ էր ընթանում: Հասանք Արմավիր, տեղավորվեցինք սենյակներում, սկսեցինք մշակել` ավելի հղկել այն, ինչ արդեն ներկայացրել էինք: Բայց ես, բնավորությանս համաձայն, տեղում նստողը չեմ, սկսեցի գնալ բոլորի սենյակները, չկարծեք, թե լրտեսության, այլ, պարզապես, բոլորը մեր ընկերներն էին, բոլորի գաղափարներին էլ ուզում էի մի բառով անգամ օգնած լինեի:
Մի խոսքով ղեկավար մարմինները որոշեցին, գնացքում էլ հայտարարել հաղթող թիմերի անունները, մեր թիմը դրանց մեջ չէր ցավոք, չվհատվեցինք, մենք արդեն հաղթող էինք, մեր հաղթանակը նրանում էր, որ այնքան էինք ոգեւորված հաղթանակած ծրագրերի համար, որ մի 5 րոպե հետո հասկացանք, որ մենք դրանց մեջ չէինք: Օրը պայծառ էր, լուսավոր, բայց օրորվող փոխադրամիջոցն ինձ այնքան հարազատ դարձավ, որ չէի ուզում օրն ավարտվեր: Պարոն Պետրոսյանը մեզ խոստացավ, որ վերջում հնարավորություն կընձեռի մասնակիցներից երկուսին գնալ մեքենավարի խցիկ: Բոլորի տրամադրությունը այնքան բարձ էր, որ կարծես մոռացել էին այդ մասին, բայց, բնականաբար, ոչ Հայկը, նրա հետ էլ ես: Գաղտագողի ուզեցինք գնալ, մեկ էլ հոպ հայտնվեց Արսենը, որտեղ մենք, այնտեղ էլ նա: Զգացողությունները աննկարագրելի էին, ուզում էի թչկոտել, բայց բավարավեցի մի փոքր թռվռալով: Երբ զգում ես արագության ընթացքը, երբ սլանում ես ինչ-որ բանի, գուցե ապագային ընդառաջ, երբ կողքիդ սիրելի եւ հարազատ ընկերներ են: Տուն էի արդեն հասնում, բայց զգացի, որ մի բան թողեցի պլատֆորմին, օրվա հուշը: Ամեն անգամ կայարանամերձ տարածքով անցնելիս հիշում եմ սպիտակ շապիկներով ԻնՖՈՏԱՆԵՑԻՆԵՐԻՍ:


пятница

Մի բաժակի պատմություն, որը մի ամբողջ գավաթ արժեր....

Հեղինակ՝ Սեդա Մարտիրոսյան

Սեդա Մարտիրոսյան

Ինչպես
պատահեց, որ երեք երիտասարդ ընկերներ սկսեցին կռվել իրար հետ, ու բանը ծեծկռտուքի չհասավ, բայց պակաս ձեռնամարտ էլ չէր կարելի որակել: Իսկ պատճառը...բաժակն էր, որն իբրև խրախուսական մրցանակ տրվեց մեր թիմին: Երկար կռիվներից հետո այն բաժին հասավ մեր «ջենթլմեն» Գոռին, ով որոշեց, որ բաժակն իրեն է պատկանում, ինչ-ինչ պատճառներով, և թույլատրեց միայն լուսանկարվել վերջինիս հետ: Իսկ բաժակով թեյ վայելելն ինձ ու Էմմայի մոտ այդպես էլ երազանք մնաց:
Սկսեմ սկզբից...պատահել էր հետևյալը՝ Գյումրիի «Ինֆոտուն»-ը հայտարարել էր մրցույթ՝ գաղափարի, ծրագրի մրցույթ, որի իրականացման համար հաղթող թիմերին օգնելու էր ֆինանսապես: Մենք՝ ԳԷՍ-ից /Գոռ, Էմմա, ՍԵդա/ կազմված խումբը, առաջին փուլը հաղթահարեցինք, իսկ հաջորդ փուլը պիտի կայանար գնացքում՝ օգոստոսի 28-ին:
Նշված օրը՝ վաղ առավոտյան, Գյումրու Երկաթգծի կայարանում անսովոր աշխուժություն էր տիրում. հավաքվել էր մոտ 100 հոգի մարդ: Կատակ, ուրախ զրույցներ, «Ինֆոտան» լոգոյով սպիտակ շապիկներ, զանգեր՝ «ու՞ր հասար, շտապի՛ր» արտահայտություններով, և լուրջ հայացքով, խելացի աչքերով, բեղավոր մի մարդ, ով հաշվում էր հավաքվածներին, որպեսզի ինչ-որ մեկին չմոռանա հանկարծ: Զուգահեռ տանելով՝ նրան մի պահ համեմատեցի հովվի հետ, ում համար ամեն մի գառը թանկ է՝ հանկարծ չմոլորվի...միգուցե մենք էլ՝ հավաքվածներս, նրա համար գաղափարական գառնուկներ էինք:
Գնացքում տեղավորվելուց հետո յուրաքանչյուր թիմ պիտի կրկին ներկայացներ իր նյութը՝ փորձելով շարքը համալրել նոր անդամներով: Սկսվեց... մինչ բոլոր խմբերը ներկայացրեցին, գնացքի երկար ու ձիգ գծերը մեզ աննկատ հասցրեցին Արմավիրի կայարան: Դեռ չէինք հասցրել ծանոթանալ Արմավիրի «Ինֆոտան» շենքի հետ, սկսվեց հաջորդ՝ քննարկման փուլը: Կային մի շարք հրահանգներ՝ կոնկրետ ժամանակահատվածում ժյուրիին պիտի հստակ ու հակիրճ ներկայացնել ծրագիրը: Արմավիրի տապը վայելելուց հետո արդյունքներին պիտի ծանոթանայինք գնացքում՝ հետդարձի ժամանակ: Թերևս այդ օրը մեր խմբին շատ բնութագրական էր հետևյալ միտքը. «Կարևորը մասնակցությունն է,  ոչ թե հաղթանակը»:
Հ.Գ. Ինֆոգնացքի մասնակիցներից յուրաքանչյուրն ինձ համար ինֆորմացիոն վագոններ էին, ովքեր պատահաբար հավաքվելով՝ այդ օրը գնացք կազմեցին և ուղևորվեցին: Միգուցե գնացքի վագոններն էլ են այդպես պատահաբար հանդիպում միմյանց ու չվերթ կազմում: Ժամանակ կանցնի, շատերս կմոռանանք իրար կամ գուցե դեմքերով կհիշենք մեկմեկու: Հանդիպելիս էլ բարևելու փոխարեն, եթե համարձակություններս չների, կժպտանք երևի ու մտովի հարց կտանք՝ «Բա՜րև, ինֆո-վագո՛ն, կյանքի կայարանում քո՞ գնացքով ես շարժվում»...