Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է, նշվում է հունվարի 18-ից փետրվարի
23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է
գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների
պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները
հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական
ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները
երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Սուրբ Սարգիս
անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ,
պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի
սուրբն է:
361 թ.
Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում
քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն`
Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից,
հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ
Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս
զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:
Ավանդությունը
պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի
աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին
շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է
քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է
լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:
Մի այլ գեղեցիկ
ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական
ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից
դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է
ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը,
բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է
նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և
խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:
Բանահյուսության
մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի
շարքն է դասվել V դարում:
Սուրբ Սարգսի
տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս,
իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի
ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:
Տոնին նախորդող
գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև
նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր
ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և
անուշեղեն էին պատրաստում:
Տոնի
ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին,
մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը
պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա
ամուսինը կամ կինը կլիներ:
Գոյություն
ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած բաղարջի խմորի վրա
շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը
կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում, ինչ բաժին հասներ, նրան սպասվում էր նման ժառանգություն:
Երրորդ
գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին
քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ
ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր նրանց բախտը:
Ներկա
պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր
ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր
կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է:
Սուրբ Սարգիսը
նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում: