вторник

Անիմացիոն ֆիլմեր տեղական ինքնակառավարման մասին

«ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում պատրաստած մուլտիմեդիա նյութեր

«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։ 
«Ինքնակառվարման համայքը»  (Մաս 3) անիմացիոն ֆիլմերի շարքի հերթական մասն է, որը պատմում է տեղական և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների, ՏԻՄ լիազորությունների և պարտականությունների մասին։
Հոլովակների հերթական 4-րդ մասը պատմում է համայնքի զարգացման ծրագրի մասին։ Ինչպե՞ս և ովքե՞ր են մշակում ծրագիրը։ Ինչպե՞ս կարող է համայնքի բնակիչը մասնակցել այս գործընթացին։

Մարդու տեղը (Մաս 1)


               Մարդու տեղը (Մաս 2)


          Մարդու տեղը (Մաս 3)
              

Մարդու տեղը (Մաս 4)

понедельник

«Տեղական ինքնակառավարումն անմիջական ժողովրդավարության դրսեւորում է»

Զրուցեց Ալիսա Հակոբյանը
Հարցազրույց հոգեբան Աշոտ Հակոբյանի հետ

-Ի՞նչ է համայնքային ինքնակառավարումը եւ ի՞նչ տեղ է զբաղեցնում պետական կառավարման համակարգում:
-Համայնքը վարչական միավոր է, որն ունի սեփական լիազորությունները եւ օրենքով սահմանված կարգով ինքնուրույն գործում է իր հիմնախնդիրների լուծման ու պահանջմունքների բավարարման ուղղությամբ: Համայնքն ինքնակառավարման սուբյեկտն է: Տեղական ինքնակառավարումը համայնքի կողմից ինքնակազմակերպման եւ ինքնագործունեության հիմնարար գործառույթի իրականացումն է: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է, որոնք իրագործվում են անմիջական ժողովրդավարության մեջ: Ի դեպ, համայնքային ինքնակառավարումը օրինաչափորեն կրում է ընկերվարական բնույթ ու սոցիալական ուղղվածություն:
-Իսկ ինչպե՞ս հասկանալ համայնքային ինքնակառավարման ընկերվարական բնույթն ու սոցիալական ուղղվածությունը:
-Համայնքը հասարակական կառույցի միավոր է` բավական բարդ կազմակերպվածությամբ: Այստեղ հարաբերություններն ամրապնդված են հասարակական ու մշակութային արժեքներով, ավանդույթներով, ընդհանրական հասարակական գործառույթներով: Համայնքում մշակվում է հասարակական կարծիք, ընթանում են զանգվածային երեւույթներ, շարժումներ, որոնք տարբեր կառուցվածքներով հասնում են մարդկանց գիտակցությանը` ձեւավորում վերաբերմունք եւ գնահատումներ: Համայնքային հարաբերություններն առավել անմիջական են, անձնական` հարեւանական կապերի շերտում, եւ այս առումով էլ համայնքը նաեւ փոխօգնության ու աջակցության համակարգ է: Կախված համայնքային հարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններից՝ համայնքային զարգացումներն անխուսափելիորեն ստանում են ընկերվարական բովանդակություն` բարենպաստ պայմաններ ստեղծելով սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետության սոցիալական ուղղվածության իրագործման համար:
-Ժողովրդավարության համատեքստում ինչո՞վ են առանձնահատուկ ՏԻՄ ընտրությունները:
-Ինքնակառավարումը համայնքի իրավունքն է, իսկ համայնքի ղեկավարն ու ավագանին ինքնակառավարման իրականացման միջոցներն են միայն եւ ընտրվում են համայնքի կողմից՝ որոշակի ժամկետով: Այսինքն` համայնքն ինքն է ընտրում իր միջոցները նորմալ կենսագործունեությունն ու համայնքի զարգացումն ապահովելու նպատակով: Սրանով, իհարկե, որեւէ կերպ չի ձեւափոխվում ինքնակառավարման գործառույթը կամ իրավունքը չի փոխանցվում ուրիշ սուբյեկտի: Ավելին` համայնքն ուղղակիորեն մասնակցում է գործերի կառավարմանը եւ այս գործառույթի իրականացման համար նույնպես ունի անհրաժեշտ միջոցներ: Հենց այս առումով էլ առանձնահատուկ են տեղական ինքնկառավարման ընտրությունները` ենթադրելով անմիջական ժողովրդավարության իրագործում: