понедельник

«Տեղական ինքնակառավարումն անմիջական ժողովրդավարության դրսեւորում է»

Զրուցեց Ալիսա Հակոբյանը
Հարցազրույց հոգեբան Աշոտ Հակոբյանի հետ

-Ի՞նչ է համայնքային ինքնակառավարումը եւ ի՞նչ տեղ է զբաղեցնում պետական կառավարման համակարգում:
-Համայնքը վարչական միավոր է, որն ունի սեփական լիազորությունները եւ օրենքով սահմանված կարգով ինքնուրույն գործում է իր հիմնախնդիրների լուծման ու պահանջմունքների բավարարման ուղղությամբ: Համայնքն ինքնակառավարման սուբյեկտն է: Տեղական ինքնակառավարումը համայնքի կողմից ինքնակազմակերպման եւ ինքնագործունեության հիմնարար գործառույթի իրականացումն է: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է, որոնք իրագործվում են անմիջական ժողովրդավարության մեջ: Ի դեպ, համայնքային ինքնակառավարումը օրինաչափորեն կրում է ընկերվարական բնույթ ու սոցիալական ուղղվածություն:
-Իսկ ինչպե՞ս հասկանալ համայնքային ինքնակառավարման ընկերվարական բնույթն ու սոցիալական ուղղվածությունը:
-Համայնքը հասարակական կառույցի միավոր է` բավական բարդ կազմակերպվածությամբ: Այստեղ հարաբերություններն ամրապնդված են հասարակական ու մշակութային արժեքներով, ավանդույթներով, ընդհանրական հասարակական գործառույթներով: Համայնքում մշակվում է հասարակական կարծիք, ընթանում են զանգվածային երեւույթներ, շարժումներ, որոնք տարբեր կառուցվածքներով հասնում են մարդկանց գիտակցությանը` ձեւավորում վերաբերմունք եւ գնահատումներ: Համայնքային հարաբերություններն առավել անմիջական են, անձնական` հարեւանական կապերի շերտում, եւ այս առումով էլ համայնքը նաեւ փոխօգնության ու աջակցության համակարգ է: Կախված համայնքային հարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններից՝ համայնքային զարգացումներն անխուսափելիորեն ստանում են ընկերվարական բովանդակություն` բարենպաստ պայմաններ ստեղծելով սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետության սոցիալական ուղղվածության իրագործման համար:
-Ժողովրդավարության համատեքստում ինչո՞վ են առանձնահատուկ ՏԻՄ ընտրությունները:
-Ինքնակառավարումը համայնքի իրավունքն է, իսկ համայնքի ղեկավարն ու ավագանին ինքնակառավարման իրականացման միջոցներն են միայն եւ ընտրվում են համայնքի կողմից՝ որոշակի ժամկետով: Այսինքն` համայնքն ինքն է ընտրում իր միջոցները նորմալ կենսագործունեությունն ու համայնքի զարգացումն ապահովելու նպատակով: Սրանով, իհարկե, որեւէ կերպ չի ձեւափոխվում ինքնակառավարման գործառույթը կամ իրավունքը չի փոխանցվում ուրիշ սուբյեկտի: Ավելին` համայնքն ուղղակիորեն մասնակցում է գործերի կառավարմանը եւ այս գործառույթի իրականացման համար նույնպես ունի անհրաժեշտ միջոցներ: Հենց այս առումով էլ առանձնահատուկ են տեղական ինքնկառավարման ընտրությունները` ենթադրելով անմիջական ժողովրդավարության իրագործում:
-Եթե ինքնակառավարման իրավունքը պատկանում է համայնքին, ապա չի ենթադրվում արդյո՞ք, որ համայնքը պետք է գործի որպես ամբողջություն:
-Համայնքը հասարակական կառուցվածքում առանձնակի օրգանիզմ է, իրական մեծ խումբ, որի անդամներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են համատեղ գործունեության մեջ, համախմբված են ընդհանուր  նպատակներով ու հետաքրքրություններով: Համայնքի հիմնախնդրները, այս կամ այն կերպ, առնչվում են համայնքի բոլոր անդամներին եւ լուծման համար պահանջում են յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներգրավվածությունը: Համայնքն` իրագործելով իր ներուժը, ինքն է ստեղծում իր նորմալ կենսագործունեության անհրաժեշտ պայմանները: Հետեւաբար` կարեւոր է յուրաքանչյուրի նպատակային ներդրումը համայնքի բարեկեցության հաստատման եւ շարունակական ամրապնդման ուղղությամբ:
Համայնքի անդամները պետք է գիտակցեն իրենց պատկանելիությունը համայնքին, հիմնախնդիրների ու նպատակների ընդհանրությունը, իրենց ներդրումների բացառիկ կարեւորությունը: Այս գիտակցումն է բերում հանրային «Մենք»-ի ձեւավորմանը: Նրանք համայնքային սեփականության տերերն են եւ համատեղ գործունեությամբ արարված բարիքի, ստեղծված արդյունքի սպառողները: Յուրաքանչյուրի մոտ պետք է լինի նաեւ այն գիտակցումը, որ համայնքի գործունեությանը մասնակցությամբ ու ներգրավվածությամբ միայն կարելի է բավարարել համապատասխան պահանջմունքները:
-Եթե բնութագրում եք համայնքային ինքնակառավարումը որպես անմիջական ժողովրդավարության դրսեւորում, ապա ի՞նչ եք կարծում՝ կա՞ն արդյոք առնչություններ  համայնքային ինքնակառավարման եւ քաղաքացիական նախաձեռնությունների միջեւ:
-Իրական գործող համայնքում հավասարակշռված են փոխհարաբերությունները բոլոր ֆորմալ եւ ոչ ֆորմալ կազմակերպությունների, միավորումների, առանձին խմբակցությունների միջեւ: Համայնքն իրականացնում է ակտիվ սոցիալական գործողություններ՝ ուղղված տարբեր բնույթի ոչ ցանկալի զարգացումների, բացասական երեւույթների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ հարաբերությունների խախտումների կանխմանը կամ հաղթահարմանը, նաեւ պարտադրում է նորմատիվային վարքի ձեւեր: Արդյունավետ գործող համայնքում որակապես փոխվում է քաղաքացիական նախաձեռնությունների բնույթը, դրանց իրագործման տրամաբանությունը:
Համայնքային ինքնակառավարումն ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդհանրական կողմնորոշումներով ամրապնդված, մեկ ամբողջական, բազմակողմանի, բազմագործոնային քաղաքացիական նախաձեռնություն: Այն ապահովում է կառավարման գործընթացին համայնքի անդամների շարունակական մասնակցությունն ու ներգրավվածությունը` յուրաքանչյուրի եւ բոլորի բարօրությունն ապահովելու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий