вторник

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Երկօրյա ինտելեկտուալ փառատոն-առաջնություն Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում

Միջազգային հանրության տոնացույցում շատ նշանավոր տոներ են նշված, որոնց թվում է նաև «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրը` հոկտեմբերի 15-ը: Սա տոն չէ, այն պարզապես հիշեցում է թույլ տեսնողների, կույրերի հոգսերի և խնդիրների մասին, սակայն գտնվեցին կազմակերպություններ ու անհատներ, ովքեր կարողացան այդ օրը տոն դարձնել:
Առաջնություն, ինտելեկտուալ փառատոն կազմակերպել-անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 20 տարի առաջ, երբ «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ-ի կողմից նախաձեռնվել և պարբերաբար անցկացվում է ինտելեկտուալ փառատոն` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ, որոնցում բավականին հաջող հանդես է եկել կույրերի «Օրիոն» թիմը` Յուրա Ավետիսյանի գլխավորությամբ:
Այս անգամ, Հայաստանի կույրերի միավորման հյուրընկալ մշակութային կենտրոնում, Վահան Սարգսյանի (Վանաձորի կույրերի միավորման տնօրեն) և Բագրատ Մակարյանի (Արարատի և Վայոց Ձորի կույրերի միավորման նախագահ) ծրագրային առաջարկով կայացավ Հայաստանի կույրերի միավորման թիմային և անհատական ինտելեկտուալ առաջին առաջնությունը, որին մասնակցում էին տեսողական խնդիրներ ունեցող 36 գիտակներից կազմված 6 թիմեր` Երևան, Արտաշատ, Էջմիածին և Վանաձոր քաղաքներից:
Փառատոնի առաջին օրն անցկացվեց անհատական «Քո խաղը» առաջնությունը, որի մոտ 200 հարցերի արդյունքում, եռյակներով և քառյակներով մրցելուց հետո կազմվեց խորհրդանշական հավաքական` բաղկացած 6 խաղացողներից (Խաղավար «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյան):
Ողջ փառատոնի ընթացքում վիճելի իրավիճակներն ու երկակի պատասխաններով հարցերի խնդիրը, համաձայն կանոնակարգի լուծում էր մրցատյանը, որի նախագահն էր Ռաֆիկ Խաչատրյանը` Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը:
Առավել հետաքրքիր էր թիմային պայքարը, որն ընթացավ «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությամբ (Խաղավար` «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահ Սեյրան Մարտիրոսյան), որի ժամանակ խաղարկվեց 3 փուլ` 15-ական հարցից բաղկացած, ընդհանուր առմամբ 45 հարց: Բավականին դինամիկ, արդար պայքարում առաջատարի դիրքերը տարբեր խաղափուլերի ընթացքում մեկ-մեկու զիջելով և մեկ-մեկից խլելով, պարզվեց հաղթողը` Երևանի «Վիկտորյա» թիմը, որը 26 ճիշտ պատասխանով և 83 միավոր վարկանիշային արդյունքով գրավեց առաջին տեղը, իսկ «Կատարսիս» (Վանաձոր) և Ամարաս (Արտաշատ) թիմերը համապատասխանաբար զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Առաջնության անցկացման և մասնակիցների ֆինանսական ծախսերը հոգացել էր Հայաստանի կույրերի միավորումը` նախագահ Ռաֆիկ Խաչատրյան, իսկ կազմակերպչական բոլոր հարցերն անձամբ իրականացնում էր կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրա Ավետիսյանը:
Հարկ է նշել առաջնության կազմակերպման բարձր մակարդակը, որի վառ ապացույց էին դրսից եկած մասնակիցների գիշերակացի ու սննդի ապահովումը, մրցանակների, դրամական պարգևների, մասնակցության հավաստագրերի տրամադրումը:
Ընդհանուր առմամբ 10-ժամյա ինտելեկտուալ փառատոն-մարաթոնն անցկացվեց մրցակցային թեժ-լարված և հանդուրժողականության բարեկամական-հարազատական մթնոլորտներում` խաղային ինտելեկտուալ պաշարն ամբողջությամբ ճաշակած, մի քիչ էլ քաղցի զգացումով` գալիք առաջնության մասնակցության ակնկալիքով լի:
Առաջնությունն անցկացվելու է պարբերաբար և դրա համար նախատեսված գավաթը լինելու է փոխանցիկ, այսինքն մինչ 2020թ. աշուն գավաթը մնալու է «Վիկտորյա» թիմի պատվո սրահում:

Արմեն Պետրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий