воскресенье

ՏԻՄ գործառույթները ՀՀ քաղաքացիների կյանքի բարեփոխման գրավական Հարցազրույց ՀՀ Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժնի մասնագետ՝ Շանթ Շաքարյանցի հետ

-         Ի՞նչ քայելեր են անհրաժեշտ, որպեսզի համայնքների զարգացմանը նոր խթան հաղորդվի

-         Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության առաջնահերթություններից է համայնքների զարգացմանը խթանելը: Այդ առումով անցնող`2019 թվականը դրական տարի էր: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մարզի համայնքները շոշափելի ձեռքբերումներ ունեցան։ Որպես պետության կողմից համայնքների զարգացմանը խթանելու օրինակ կարելի է դիտարկել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով համայքներում 2019 թվականին բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել: Ի դեպ, այս տարի ևս նախատեսվում է շարունակել սուբվենցիաների տրամադրումը։ Այս պահի դրությամբ Շիրակի մարզից 60-ից ավելի սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացվել: Եթե դրանք բոլորը պետության կողմից հաստատվեն, ապա մենք կարող ենք արձանագրել, որ մարզում աննախադեպ ծավալների ծրագրեր կյանքի կկոչվեն՝ զարկ տալով համայնքների զարգացմանը:
Համայնքների զարգացման հարցում կարևոր է նաև համանյքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը: Այս հարցում ևս 2019 թվականը մարզի համայնքների համար դրական էր, քանի որ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում լուրջ առաջընթաց է արձանագրվել։
Պետության գործուն մասնակցության հանգամանքի շեշտումը բնավ պատահական չէ: Եթե խոսում ենք համայնքների զարգացման մասին, ապա առանց պետական օժանդակության այն անհնար է պատկերացնել: Ուստի, պետություն-համայնք համագործակցությունը լավագույն բանաձևն է համայնքների զարգացմանը խթանելու համար:
Իսկ ծրագրային փատաթղթերից թերևս այս պահին առանձնացնեմ «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»՝ https://www.gov.am/files/docs/1322.pdf­


-         Այս պահին մարզի 42 համայնքներից 7ը խոշորացված են։ Արդյո՞ք որակական տարբերություններ կան խոշորացված և չխոշորացված համայնքերի միջև։

-         Խոշորացման հիմքում ընկած է ուժեղ համայնքի տեսլականը։ Դուք իրավացիորեն նշեցիք, որ մարզում 7 խոշորացված համայնք կա։ Անխոս, խոշորացումը համայնքների համար նոր հնարավորություններ է ընձեռում։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համայնքների խոշորացումը նպաստում է բազմաթիվ կենսական խնդիրների լուծմանը`մասնավորապես բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը, ֆինանսական հնարավորությունների մեծացումը և այլն...
Խոշորացման վերջնարդյունքը տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումն է, ինչպես նաև տեղական իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացումը և նրանց լեգիտիմության ու քաղաքական հաշվետվողականության ապահովումը:
Ինչ խոսք, սխալ է ասել, որ մարզի խոշորացված համայնքներում վերը նշված հարցերը վերջնականապես լուծված են: Խոշորացված համայնքները դեռ կայացման ճանապարհն ամբողջությամբ չեն անցել և դրա համար ժամանակ է պետք: Շատ կարևոր է, որ արդեն իսկ խոշորացված համայնքների փորձը կիրառվի հաջորդիվ խոշորացվող համայնքների համար:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խոշորացումն իր էությամբ և հետապնդած նպատակներով միանշանակ դրական է:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա իմ կարծիքով համայնքներին որակական ինչ-ինչ չափանիշների հիման վրա տարբերակելն այնքան էլ ճիշտ չէ: Մարզի յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները: Հարկավոր է յուրաքանչյուրին դիտարկել իրեն բնորոշ կենսապայմանների համատեքստում և գնահատել, թե յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարւմ իր առջև ծառացած խնդիրները:

-         Առաջիկայում նախատեսվու՞մ է շարունակել խոշորացման գործընթացը և ո՞րն է այդ ճանապարհին առկա խոչնդոտները։

-         Ներկա պահին քննարկվում են խոշորացման գործընթացը շարունակելու տարբերակները։ Սակայն մինչ այդ գործընթացի կյանքի կոչումն անհրաժեշտ է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ հավանական խոշորցման արդյունքում։ Այդ առումով կարևոր է քաղաքացու կարծիքը լսելը և նրա լավագույն շահով առաջնորդվելը:
Խոշորացվող համայնքների բնակիչները պետք է պատշաճ իրազեկված լինեն և վստահ, որ իրենց ձայնը հաշվի կառնվի պատկան մարմինների կողմից:

-         Ի՞նչ հրատապ խնդիրներով կամ առաջարկներով են քաղաքացիները հաճախ դիմում ձեզ։

-         Ինչպես գիտեք, Շիրակի մարզը սոցիալապես խոցելի մարզերից է և բնական է, որ բնակչության կողմից բարձրացված խնդիրների ճնշող մեծամասնությունն ունի սոցիալական ենթատեքստ։ Իհարկե, մենք մեր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում փորձում ենք աջակցել մարզի բնակիչներին։
Ինչ վերաբերվում է բնակչության կողմից ստացվող առաջարկություններին, ապա պիտի ասեմ, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ ստացել որևէ առաջարկ: Այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ մարզի բնակչությունը ոչ միայն խնդրողի դիրքերից հանդես գար, այլև, այսպես ասած, առաջարկողի, քանի որ բնակչի մասնակցությունը համայնքի, մարզի և գլոբալ առումով՝ պետության կառավարմանը, ստեղծում է զարգացման և առաջընթացի համար արդյունավետ նախադրյալներ։


Հարցազրուցավար՝
Լուսինե Խաչատրյան, 
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)


Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:


Լուսանկարը՝ Շանթ Շաքարյանցի ֆեյսբուքյան էջից:



Комментариев нет:

Отправить комментарий