Показаны сообщения с ярлыком մեդիագրագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մեդիագրագիտություն. Показать все сообщения

четверг

Մարդկային պատմություններ. Ականջօղ, որը փրկեց ճակատագրեր


Ես Եվան եմ, ծնվել եմ Էրզրումում, ընտանիքիս հետ ապրում էինք հաշտ ու խաղաղ, մինչև այն պահը, երբ թուրք ջարդարարները սկսեցին իրենց ոճրագործությունները, մինչ այդ լուրեր էին պտտվում, թե Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում ու գյուղերում սկվել էին կոտորածները, բայց չէի կարող պատկերացնել,որ մի օր մենք ենք ստիպված լինել ու պայքարել մեր գոյության ու ապրելու համար, չէի պատկերացնում, որ զրկվելու եմ ամբողջ ընտանիքիցս, 14 տարի թափառելու եմ գաղթի ճանապարհներով, առանց հույսի նշույլի, թե մի օր այդ ամենը կավարտվի:

Անցել են շատ տարիներ, բայց կարծես, թե հիշողությունս թարմ լինի, երբեք ու ոչ մի պահ չեմ կարողացել մոռանալ այն տեսարանները, որոնք մինչև հիմա էլ չեն ջնջվել ուղեղիցս, երբ անգամ ժպտումեմ, նորից եմ վերհիշում ծնողներիս, մարդկանց դառնացած հայացքներն ու օգնություն կանչող ձայները, որոնց ոչ ո
ք
չէր արձագանքում:

Երբ աչքիս առաջ կոտորեցին ընտանիքիս`հատված- հատված, ես ընդամենը 9 տարեկան էի, և ամեն ինչ հիշում եմ: Մայրս հասցրել էր իր ամբողջ ունեցածը տալ ինձ, այդ թվում թանկարժեք քարերով ականջօղը, որն անմիջապես աչքի էր ընկնում: Չիմացա, թե ուր թաքցնեմ ականջօղը, դա մորիցս մնացած միակ հուշն էր, ամեն գնով պիտի պահեի, դրա համար սառնասրտորեն ծակեցի ականջներս և շքեղ ականջօղերը թաքցրեցի իմ փարթամ ու խիտ մազերի տակ, որոնք հասնում էին մինչև ծնկներս, գաղթի ամբողջ ճանապարհին գլուխս կախ էի գցում, որ չնկատեն, որ ես էլ  չտեսնեի կարմիր գետերը, ինչպես են այրում մարդկանց ու  ինչ ոճրագործություններ են կատարում:

 3-5 տարի տևեց գաղթի ճանապարհը, մինչև որբանոց հասնելը: Բայց այդ դաժանությունների, չապրած տարիների մեջ կարողացա փրկել մի փոքրիկի կյանք, որի մորը աչքիս առաջ սպանեցին: Երեխան մոր գրկում էր, համարձակությունս հավաքեցի, երբ բոլորը մտածեցին, թե երկուսն էլ մահացած են և հեռացան, ես մոտեցա ու տեսա, որ փոքրիկ աղջնակը հանգիստ քնած էր մեռած մոր գրկում, երբ վերցրի քուրդ զինվորներից մեկը նկատեց: Որոշեցի՝ կա՛մ մեռնել, կա՛մ ամեն գնով փրկել այդ փոքրիկին, փորձեցի կաշառել զինվորին, անմիջապես մազերս հետ տարա, ու ցուցադրեցի շքեղ քարերով պատված ականջօղերս: Ականջներիցս քաշելով՝ պոկեց ականջօղերս ու ձևացրեց՝ իբր չի նկատել փոքրիկին: Դժվար էր հրաժարվել մորիցս մնացած միակ հուշից, բայց այն ելք էր մի ճակատագիր փրկելու. ականջօղ, որը փրկեց մեր ճակատագրերը:

1918 թվականին հասնում ենք որբանոց և մինչև ամուսնանալս հարազատ դստեր պես խնամում  եմ նրան, պատում սիրով, որը մեզանից խլեցին թուրք ջարդարարները:

Հիշում եմ երբեմն այդ շքեղ ականջօղերը, որոնք մի ամբողջ կարողություն կարժեին, բայց դրանց դիմաց ես փրկեցի մի կյանք, մի  ճակատագիր, փրկեցի կործանվելուց:


Նյութի հեղինակ՝ Լիլիթ Մեսելյան

Հոդվածը ստեղծվել է Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան՝ «Լրագրության ժամանակակից տենդենցներն ու մարտահրավերները» դասընթացի արդյունքում:

вторник

Մարդկային պատմություններ. Թեև դժվարությունների միջով եմ անցել, այնուամենայնիվ կյանքս չխորտակեցի


Երբեք չէի մտածի, որ անհոգ ապրած տարիներս կարող էր օրերից մի օր վերածվել իսկական մղձավանջի։ Աստիճանաբար սկսում էի հիվանդություններ ձեռք բերել, քանի որ ամբողջ կյանքում ավելցուկային քաշով էի տառապում։ Ճարպակալման ռիսկայնության տակ էի գտնվում դեռևս մանկահասակ տարիքից։ 25-ամյակս բոլորելուն պես քաշս ավելացավ ընդհուպ մինչև 170 կգ։

Այն ամենն, ինչ կապված է ապրելակերպի հետ, ինքս եմ տնօրինել իմ կյանքը, և քանի որ ոչ ոք չեն ուղղորդել ինձ հետևաբար մեղադրել եմ ինքս ինձ այն սխալ որոշումների համար, որոնք հանգեցրեց մի շարք բացասական հետևանքների (արյան ճնշում, մեջքի ցավ, նախաշաքարախտ)։

2018 թվականի ապրիլն էր։ Ես պիտի սկսեի իմ առաջին քայլերը դեպի կյանքիս կտրուկ շրջադարձը։ Որոշեցի մասնակցել քաշի նվազեցման ծրագրին, որը գտնվում էր իմ հայրենի քաղաքում՝ Սիեթլում։ Խիստ սննդակարգին հետևելով՝ իմ անձնական մարզչի օգնությամբ 15 շաբաթում կորցրեցի մոտ 45 կգ։

Ըստ իս՝ամբողջ ծրագիրն ավարտվելուց հետո գործս էլ ավելի էր բարդացել։ Սկսեցի լրջագույն ջանքեր գործադրել սեփական մարմնիս կարգավորման համար։

Ամենօրյա մարզում կազմակերպեցի և սննդի պլան ստեղծեցի։  10 ամիս անց՝ հունվարին, կշռվեցի՝ 80 կգ։

Իմ այս արկածների սկիզբը դրվեց կյանքիս այն շրջանում, երբ ավելորդ քաշի առկայությունը հանգեցրեց մշտական դեպրեսիվ վիճակի։ Թեև դժվարությունների միջով եմ անցել, այնուամենայնիվ կյանքս չխորտակեցի։ Փրկվել եմ սրտի ինֆարկտից և շաքարային դիաբետից։ Կարող էի պարզապես հանձնվել, բայց հետո ես իմ մեջ ուժ գտա և պայքարեցի հանուն երկարակեցության։ Բարգավաճում ունեցա կյանքիս բոլոր բնագավառներում, սկսած ֆիզիկական և մտավոր առողջությունից վերջացրած անձնային և պրոֆեսիոնալ հարաբերություններ։

Այսպիսով, փորձեցի կիսվել իմ երկարատև, բայց և արդյունավետ արկածներով: Այս պատմությունով աշխատում եմ մոտիվացնել կոնկրետ այն անձանց, ովքեր բախվել են նույն խնդրի առաջ։ Իմ շրջապատի մարդկանցից նկատել էի, որ, տարատեսակ արդարացումներ փնտրելով, չէին ցանկանում բարելավել իրենց կյանքի որակը։ Ուստի իմ խորհուրդն է՝ երբեք չհանձնվեք և սկսեք փոփոխություններ մտցնել ձեր կյանք՝ այն երկար և երջանիկ դարձնելու համար։


Նյութի հեղինակ՝ Արտյոմ Դավթյան

Հոդվածը ստեղծվել է Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան՝ «Լրագրության ժամանակակից տենդենցներն ու մարտահրավերները» դասընթացի արդյունքում:

воскресенье

Արտակարգ իրավիճակն ու գյումրեցի երիտասարդները. հարցազրույց Գյումրու Երիտասարադական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանի հետ

-Երիտասարդությունն արտակարգ իրավիճակում  ի՞նչ զբաղվածություն ունի։ 
Ինչպե՞ս է աշխատում համայնքային երիտասարդական միակ կառույցը։

-Գյումրիի երիտասարդները շատ ստեղծարար են, մի կողմից արագ են կողմնորոշվում ու հարմարվում ստեղծված իրավիճակին, մյուս կողմից փորձում են իրավիճակը հարմարեցնել իրենց: Այս ընթացքում երիտասարդներն սկսեցին ակտիվ օգտվել համացանցի կրթական հնարավորություններից, որոնք հնարավորություն տվեցին տնից դառնալ նույնիսկ միջազգային ծրագրի մասնակից: Պալատն ամբողջ ընթացքում արտակարգ աշխատեց: Մինչ մայիսի 18-ը, տնից էինք աշխատում, սովորում ու նաև սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ օգնում մարդկանց գրանցվել պետական աջակցության ծրագրերում, կատարել գնումներ, իսկ դրանից հետո վերադարձանք մեր ավանդական աշխատելաոճին: Այս ընթացքում պահպանելով անվտանգության կանոնները՝ իրականացրել ենք ինչպես առցանց, այնպես էլ հիբրիդային տարբերակով մի շարք կրթական, մշակութային, հումանիտար ծրագրեր: Մեծ հաշվով, ժամանակն ու իրավիճակը ցույց տվեցին, որ կարելի է ցանկացած իրավիճակից գտնել գործի համար շահավետ լուծում:

-Ինչպիսի՞ խնդիրներ կարող եք առանձնացնել երիտասարդների մոտ այս շրջանում։ Ինչպե՞ս է ազդում իրավիճակը երիտասարդների վրա։

-Երիտասարդները շատ էին նեղվում շփման պակասից, ժամանցի կազմակերպման խնդիր ունեին, ինչպես նաև հոգեբանական բարդույթներ՝ կապված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների հետ: Երիտասարդներից շատերը կարիք ունեին ավելի շատ հոգեբանական աջակցության, ուստի երբ կարողանում ես երիտասարդին կամ դեռահասին ցույց տալ, որ ցանկացած իրավիճակ ունի իր դրական և բացասական կողմերը, ներգրավել նրանց տարբեր առցանց ծրագրերում, վերջիններս իրենց ավելի օգտակար են զգում և սկսում են ժամանակը ծախսել առավել արդյունավետ գործընթացների վրա: Շատ կարևոր է, որ չափից դուրս շատ ազատ ժամանակն արդյունավետ ծախսվի: Երիտասարդների մեծ մասն աստիճանաբար սկսում է հաղթահարել իրավիճակից բխող խնդիրները՝ միաժամանակ հարմարվելով իրավիճակին, սակայն դեռ բազմաթիվ խնդիրներ խորքային ուսումնասիրության կարիք ունեն, որոնց մասնագիտական գնահատական է անհրաժեշտ:

-Ո՞րն է   հեռավար աշխատանքի, կրթության, դրական և բացասական կողմերը։

-Դրականը, միանշանակ, այն է, որ վերացվում են աշխարհագրական սահմանները, եթե կա ծրագրերին մասնակցելու նյութական միջոցների, ժամանակի, տեղաշարժման խնդիր, ապա սրանով դրանք մեծ մասամբ լուծվում են: Հեռավարի դրական կողմերից է նաև այն, որ դու հնարավորություն ունես նույն օրվա ընթացքում մի քանի ծրագրի մասնակցելու: Ավելի քիչ ծախսատար է: Բացասական կողմերից է այն, որ հեռավարը երբեք չի կարող էմոցիոնալ, արդյունավետության  և մյուս առումներով փոխարինել կենդանի շփմանը: Հոգեբանական առումով, գործիքակազմի, տեխնիկական հարցերով, ինչպես նաև զուտ մարդկային տեսանկյունից հեռավարը շատ ավելի հեռու է, սառը և քիչ վստահելի: Ֆիզիկական առողջության տեսանկյունից ևս խոցելի է:

-Պալատի  շահառուներն  ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին նաև համացանցում։ Խոսենք ձեր վերջին նախաձեռնությունների մասին, մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության ծրագրերի մասին։

-Երբ հայտարարվեցին աջակցության ծրագրերը, ակնհայտ դարձավ, որ շատ շահառուներ սկսեցին շփոթվել, քանի որ գործընթացն ուղղակիորեն կապված էր առցանց գրանցման կամ տվյալների ստուգման հետ: Սա մի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ յուրաքանչյուրս ճանաչում էինք մեր բնակավայրի մոտ առնվազ 1 խոցելի խմբի մարդու, ով ուներ օգնության կարիք և չէր կարող տնից դուրս գալ: Այսպիսով, սկսեցինք մի կամավորական ծրագիր իրականացնել, որի շրջանակներում օգնում էին շահառուներին գրանցվել, խոցելի խմբի մարդկանց համար գնումներ կատարել: Բացի սրանից, երբ արդեն հնարավոր էր դուրս գալ տնից, մենք կյանքի կոչեցինք հակաԲԱԿտերիալ ծրագիրը, որի շրջանակներում բակերում մաքրման աշխատանքներ էինք իրականացնում՝ խրախուսելով բնակիչների մասնակցությունն ամենօրյա մաքրման աշխատանքներին: 

Սրանից զատ տարբեր մշակութային, կրթական ծրագրեր են իրականացվել, ակտիվ գործել է երիտասարդական մեդիա հարթակը, իրականացվել է օնլայն երիտասարդական ճամբար, ինչպես նաև ավելացել է Պալատի շահառուների թիվը:

-Որո՞նք են արտակարգ իրավիճակի դրական կողմերը երիտասարդների համար։

-Ներհայեցումը և վերաարժևորումը…. 

Սա կարևոր էր, որ երիտասարդներն իրենց կյանքում շատ բաներ վերանայեին և վերարժևորեին….

-Ի՞նչ դասեր, հետևություններ քաղեցիք այս ամենից։

 -Նոր գործիքներ,
Նոր տեխնոլոգիաներ,
Վերաիմաստավորված արժեքներ ու հարաբերություններ:

 

Հարցազրուցը վարեց Լուսինե Խաչատրյանը,
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)



Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ: