понедельник

Անորոշ իրավիճակ ու վախ՝ վաղվա նկատմամբ

Հայաստան վերադարձած արցախցիներն ունեն կեցության խնդիրներ

«Ես արդեն վախով եմ մտածում վաղվա մասին, տան համար ինչ որ իր գնելու մտադրություն եւ ցանկություն այլեւս չունենք, ապրում ենք ներկա օրով»,-ասում է բազմազավակ մայր, 33-ամյա Տատյանան, որն Արցախի մեծ ու կահավորված նոր բնակարանը թողել է ադրբեջանական կողմին ու ընտանիքով հազիվ հասել Հայաստան։ Ոչ միայն Տատյանան, այլեւ արցախցի շատ մայրեր ու հայրեր, ցավոք, անվստահությամբ են լցված ապագայի նկատմամբ։ Հայաստանում, թե այլուր նրանք նոր տուն ունենալու մասին վախով են մտածում չէ՞ որ դժվարությամբ եւ քրտինքով վաստակած, ձեռք բերած ունեցվածքն ամիսներ առաջ ամբողջովին թողել ու հեռացել են կարոտով։ Հոգեբանական այս խնդիրը խորքային է, բնորոշ վերադարձած բոլոր արցախցիներին, ապագայի նկատմամբ նրանց վախն ու մտահոգությունն անտանելի է։

Վերադարձած արցախցիների մեծ մասն Հայաստան է եկել մեկ պայուսակով, իրենց հետ բերել առաջին անհրաժեշտության իրեր, կարեւոր փաստաթղթեր։ Նրանք Հայաստանում որոշակի գույք, իրեր ստացել են բարեգործական կազմակերպություններից, անհատներից, պետական աջակցության արդյունքում։ Ովքեր չեն հասցրել անհրաժեշտ փաստաթղթեր բերել, ավելի մեծ դժվարությունների են հանդիպել։ Պատմում են, որ փաստաթղթի բնօրինակ ստանալու համար հաճախ Երեւան եւ Ստեփանակերտ են իրենց կանչում, օրերով սպասում։ «Առանց այդ փաստաթղթերի մեզ պետական աջակցություն չեն տալիս, բացի այդ, զոհված զինվորի ծննդյան վկայական են պահանջում, որն ինձ հետ չեմ կարողացել բերել։ Ստիպված 20 հազար դրամ գումար պիտի ծախսեմ, որ գնամ, հասնեմ Ստեփանակերտ, արխիվին հարցում անենք, որպեսզի այդ թուղթն էլ բերեմ, իրենց տամ»,-պատմում է որդեկորույս հայրը։

Պատերազմի օրերին Արցախից Հայաստան էր վերադարձել շուրջ 150 հազար քաղաքացի։ Մեծ մասը վերադարձել է։ Մինչ այժմ նրանցից մոտ 25 հազարն  է շարունակում ապրել Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, որոնց առաջնային խնդիրը մնում է աշխատանք ու սեփական տանիք չունենալը։ Արցախից ժամանած քաղաքացիների գերակշիռ մասը հաշվառվել է տարածքային զբաղվածության կենտրոններում, նրանք փորձում են ընդունվել աշխատանքի, բայց գործընթաղը երկար է տեւում։ Ասում են՝ Հայաստանում գործ գտնելն ահագին դժվար է։

Եթե Արցախում 12 ամիս շարունակ նրանք զբաղմունք են ունեցել՝ զբաղվել հողագործությամբ, այգեգործության, անասնապահությամբ, երբեմն էլ ձմռան ամիսներին Ռուսաստանում աշխատել, ապա Հայաստանում գումար վաստակելը չափազանց դժվար է։ Ինչպես իրենք են ասում «Զբաղված ենք պարապությամբ։ Առաջ մենք պետությունից ոչ մի բան չէինք ակնկալում, գլուխներս կախ՝ աշխատում ու ապրում ենք, բայց հիմա անորոշ վիճակ է, ոչ գործ կա, ոչ զբաղմունք»։ Հենց այս պատճառով վերադարձած արցախցիների գերակշիռ մասն արտագնա աշխատանքի մեկնելու մասին է մտածում, նրանք Հայաստանից Ռուսաստան մեկնելու եւ շինարարության բնագավառում աշխատելու փորձեր են անում։

Ամսական 68 հազարական դրամ եւ միանվագ 300 հազար դրամ պետական աջակցությունը նրանք մաս-մաս վճարում են որպես բնակարանի վարձ։ Նախորդ տարեվերջից ինչպես Գյումրիում, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքներում 15-20 տոկոսով բարձրացել է տների ու բնակարանների վարձակալության գումարը, հատկապես, երբ բնակարանն ու տունը կահավորված  է լինում։

Գյումրի տեղափոխվել են այն արցախցիները, որոնք 1996-1997 թվականներից Արցախում են բնակվել, տուն կառուցել, հողամաս գնել, այգի հիմնել ու աշխատել։ Մի մասը բարեկամ-ազգականների տանն է տեղավորվել, մյուսներն ապրում են վարձով։ Արդեն հաշվարկել են պետական աջակցության չափը եւ հասկացել, որ անհնար է այլեւս վճարել բնակարանի վարձ։ «Եթե աշխատաքն լինի, մի կերպ կկարողանանք վճարել այդ վարձը, բայց եթե չկա աշխատանք, միայն պետական աջակցությամբ հնարավոր չէ բնակարանի վարձ տալ»,-ասում են նրանք։ Հայաստանում ապագա որոնող ընտանիքները պետությունից միայն բնակարան, սեփական տուն են խնդրում, ասում են՝ մնացածը մի կերպ իրենք կկարողանան ստեղծել, ինչպես դա արել են  90-ականներին՝ Արցախում։

Արցախյան պատերազմում մոտ 33 հազար երեխայի եւ երիտասարդի կրթության իրավունք խախտվել է։ Պատերազմի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ։ Հայաստան վերադարձած արցախցի դպրոցականների կրթության իրավունքի իրացման խնդիրներով զբաղվել են նաեւ պետական դպրոցներն ու մարզպետարանները։ Նրանց թեպետ ապահովել են գրենական պիտույքներով, դասագրքերով, այնուհանդերձ, հոգեբանական, մասնավորապես, հարմարվելու, միջավայրին ընտանալու խնդիրները դեռեւս առկա են եւ դրանք ամբողջովին չեն հաղթահարվել։ Դպրոցականները պատմում են, որ արցախցի փոքրիկների մոտ առկա  է հարմավելու բարդույթ, առանձնանալու, չինտեգրվելու խնդիր, որոնք ոչ բոլոր դպրոցների աշխատակազմերն են կարողանում օգնել հաղթահարել։

 

Նյութի հեղինակ՝ Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ 
Հասմիկ Համբարձումյան

 

Комментариев нет:

Отправить комментарий