Վակունիս գյուղական համայնքը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում։ Այն տեղաբաշխված
է հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից
գտնվում է 46 կմ հեռավորության, իսկ Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։
Համայնքը բարձրլեռնային է, ունի 15727,3 հա տարածք, որից 2466,3 հա՝ գյուղատնտեսական
նշանակության, իսկ 12878,8 հա՝ անտառային հողեր են։ Համայնքում ընդգրկված են նաեւ Խաչինտափ,
Չորմանք եւ Շամք գյուղերը։
Մինչեւ 2020 թվականի արցախյան պատերազմը Վակունիսում բնակվել է շուրջ 60 մարդ, եղել 16 տնտեսություն։ Բնակչությունը
հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։
2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանի 103 գյուղ՝ այդ թվում
Վակունիսը, հայաթափվել եւ անցել Ադրբեջանի հսկողության տակ։
Քաշաթաղի շրջանից բնակիչների գերակշիռ մասը տեղափոխվել է Երեւան եւ Գյումրի։ Գյումրի
են վերադարձել հիմնականում նրանք, որոնք 1996-1997 թվականներից տարբեր պատճառներով
Գյումրուց տեղափոխվել էին Արցախ։ Լինելով բնիկ գյումրեցիներ՝ նրանք այսօր իրենց, նաեւ
երեխաների ապագան կապում են միայն Գյումրու հետ։
3 օր հարեւանի նկուղում՝ մթության եւ վախի մեջ մնալուց հետո 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրի է վերադարձել Աննա Քյուրքչյանն իր անչափահաս 4 երեխաների հետ։ Ամուսինը՝ Սեւակը, այդ ընթացքում եղել է ՌԴ-ում, արտագնա աշխատանքի է մեկնած եղել։ Ասում է՝ հենց իմացել է պատերազմի սկսման մասին, ՌԴ-ից եկել է Երեւան, ապա մեկնել մարտական դիրքեր։ Ռազմական գործողությունների ավարտից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 17-ին Երեւանում նրան մեքենա են տրամադրել Վակունիս գյուղից տան գույքը Գյումրի տեղափոխելու համար։ Սակայն սեփական տունը տեսել է թալանված վիճակում։ «Ոչ մի բան չէին թողել։ Ամբողջ տունը թալանված էր, դա տեսել է նաեւ մեքենայի վարորդը։ Հետո այդ մասին զանգել, ասել եմ մեր գյուղապետին։ Մեր երկու գյուղացիներն էլ են տեսել, որ իմ տունը թալանված է»,-ավելացնում է Սեւակը։
Տիկին Աննան գյուղից դուրս գալիս՝ իր հետ վերցրել է անձնագիրը, երեխաների համար
մի քանի շոր, ուրիշ ոչինչ։ Արցախում 10 տարի ստեղծածը թողել-հեռացել է՝ մտածելով, որ
ռազմական գործողությունների ավարտից հետո նորից կվերադառնա։
Ամուսինները գյումրեցիներ են։ Գյումրիում նրանք ապրել են վարձով։ 2010 թվականին
տեղեկանալով, որ Արցախում տուն, հողակտոր են տրամադրում, երեք անչափահաս երեխաների
հետ հեռացել են ծննդավայրից։ Նրանց կրտսեր դուստրը՝ Լուսինեն, ծնվել է Արցախում։ Այստեղ
ընտանիքն հատկացրել են տուն, հողատարածք։ Տունը
որոշակիորեն վերանորոգել են, ապա որոշել՝ 10 տարի բնակվելուց եւ սեփականության վկայագիր
ստանալուց հետո այն վերստին վերանորոգել, բայց այդպես էլ չեն հասցրել։
Գյուղում ամուսինները զբաղվել են գյուղատնտեսական աշխատանքներով, տիկին Աննան միաժամանակ
աշխատել է դպրոցում՝ որպես գրադարանավար, իսկ ամուսինը մեկնել նաեւ արտագնա աշխատանքի։
Տունը կահավորել են, գնել գույք, ապրուստ ձեռք բերել։ Սեւակն հարցնում է․ «Տասը տարվա մեջ ի՞նչ չենք ստեղծել ու առել»։
Ամեն ինչ թողնելով Արցախում՝ ընտանիքը Գյումրու ԱՆի թաղամասում բնակվում է վարձով։
Տան գույքը սեփականատիրոջն է։
«10 տարի ապրել, ստեղծել ենք․․ ստեղծիր, դիր, նորից էստեղ քեզ
հարցնեն ի՞նչ ես ունեցել, մենք հո՞ հավերժ չենք կարող ամեն տասը տարի ստեղծենք ու թողնենք։
Քանի տասը տարի ստեղծենք ու կատուցենք, գոնե
կորցրածի կեսը մեզ վերադարձնեն ու մի տուն տան, ուրիշ ոչինչ»,-ավելացնում է Սեւակը։
Ընտանիքն ամեն ամիս տան վարձակալության համար վճարում է 40 հազար դրամ, ձմռան ամիսներին
գազի վարձավճար՝ 30 հազար, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ 20 հազար դրամ։ «Ճիշտ է՝ կօգնեն,
բայց ես էլ չեմ նստել, սպասել, թե երբ կօգնեն»,-նկատի ունենալով պետական աջակցությունը՝
ավելացնում է Սեւակը։
Ընտանիքն ապրում է պետական աջակցությամբ, ստանում նաեւ ընտանեկան նպաստ։ Ամուսինները
Գյումրիում աշխատանք չունեն։ Տիկին Աննան Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մասնակցում
է տորթերի պատրաստման դասընթացի, որպեսզի վկայական ստանա եւ նույն ոլորտում աշխատանք
փնտրի։ Նրանք գրանցվել են զբաղվածության մարզային կենտրոնում, բայց դեռ հարմար աշխատանք
չեն առաջարկել։
Երիտասարդ ամուսինները որոշել են՝ չեն վերադառնալու Արցախ, մնալու եւ ապրելու են
Գյումրիում։ «Մենք չենք նեղվի, այստեղ էլ պիտի հարմարվենք։ Մենք շնորհակալ ենք, դժգոհ
չենք, առաջինը՝ ողջ-առողջ ենք, եթե ապահով լիներ այնտեղ, կգնայինք, կապրեինք։ Ես Գյումրիից
տեղ չեմ էրթա, բնիկ էստեղից եմ, ամեն ինչ ձեռքիցս գուքա»,-ասում է ամուսինը։
Տան ավագ երեխան սովորում է Գյումրու տնտեսագիտական վարժարանում, մյուսները եւս
դպրոցահասակ են, հաճախում են հարեւանությամբ գտնվող թիվ 11 հիմնական դպրոց։
Տան կրտսերը՝ Լուսինեն, սովորում է 4-րդ դասարանում, ուզում է վարսավիր դառնալ, այդպես է որոշել։ Գոհ է դպրոցի ուսուցիչներից, դասընկերներից, ասում է՝ լավ են տրամադրված։
Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը
Комментариев нет:
Отправить комментарий