пятница

Մարդկային պատմություններ. Ու մենք ապրում ենք, ապրում՝ ամեն մեկս մեր սրտում մի վիշտ փաթաթած...

Առավոտ էր, բայց ոչ սովորական ու հանգիստ առավոտներից մեկը։
Արթնացա հեռուստացույցի ու տանեցիների բարձր ձայներից։
Դեռ կիսաքուն, աչքերս հազիվ բացելով՝ գնացի հյուրասենյակ, հյուրեր ունեինք, աղոտ եմ հիշում նրանց խոսակցությունը, միայն մի բառ էր տպավորվել իմ մեջ այն էր՝ պատերազմ։ Տեղումս քարացա, շուրջս ամեն ինչ փոխվեց, հետո սիրտս արագ-արագ խփեց, թվում էր՝ պատերազմ է գոռում։
Ինչ քաոս, ինչ լաց ու անհանգստություն էր պաշարել բոլորին։
Մեկը՝ որդի, մյուսը՝ ամուսին, եղբայր, լավ ընկեր և կամ սիրած էակ ունեին սահմանին։
Ես էլ սկսեցի մտածել մտերիմներիս մասին, ովքեր սահմանին էին։
Ախր շատ էին նրանք, այնքան շատ...
Հերթով մտաբերում էի նրանց անունները՝ ինքս ինձ անվերջ կրկնելով, որ լավ է լինելու։

Մի օր էլ քայլում էի, պատերազմի մասին շշուկները քաղաքից հավաքելով, և հանկարծ հիշեցի հին ու բարի ընկերներիցս մեկին՝ Հրայրին։
Հրաշալի մարդ էր, իսկական ընկեր, սրտացավ և հոգատար, կամեցող և բարի, հայրենիքին նվիրված զավակ։
Հետը խոսել ուզեցի, վաղուց չէինք զրուցել, կարոտ զգացի, ցավոք չկարողացա կապ հաստատել։
Այդ պահին  ինձ պաշարեցին այն մտքերը, որ նա էլ է առաջնագծում, երկբայեցի, ախր Քառօրյային առաջնագծայիններից էր եղել, ինչևէ, կասկածներս մեջս թաղելով՝ շարժվեցի առաջ։
Օրերը լուսանում ու մթնում էին աղոթքներով՝ ամեն վայրկյան բոլորից լավ լուրեր սպասելով։
Դժոխային օրեր էինք ապրում, բայց բոլորս հավատով սպասում էինք, որ վերջապես կավարտվի։
Անհանգիստ էի, չնայած եղբայրներս զանգել էին, գիտեինք՝ լավ էին։ Երեկոյան իմացանք վատթարագույնը. Հրայրս զոհվել էր։
Լուրն իմանալուն պես ներսս փոթորկվեց, զգացի ծանր ու դառնացած կարոտ, չհասցրի խոսել, պիտի խոսեի...
Ապրիլյանը նրան խնայեց, բայց այս պատերազմում հերոսաբար ընկավ։
Ամենածանր գիշերն էր, գլխումս պտտվում էին նրա խոսքերը, կատակները, թե ինչպես էր ինձ բարկացնելու համար ասում, որ հենց գնացի համալսարան, կմոռանամ հին ընկերներիս, իսկ ես նրան հակառակն էի համոզում, ասելով՝ լավագույններին չեն մոռանում։ Այսօր չկա իմ լավագույնը, բայց ես նրան հավերժ հիշելու եմ ու պատմելու նրա մասին։
Թվում էր՝ սա վերջն է, ուժասպառ էի եղել, չէի կարողանում դասերին մասնակցել, ներսս դատարկվել էր։
Ժամանակի ընթացքում կարողացա հավաքվել, ուժ գտնել։
Հասկացա, որ հերոսների չապրած օրերի գնով եմ ես հիմա ապրում, ու պիտի արժանապատիվ ապրեմ, լավ գործերով լցնեմ կյանքը։ Պիտի ապրեմ ու որդուս Հրայր կոչեմ։
Ու պիտի ապրենք, ամեն մեկս մեր սրտում մի վիշտ փաթաթած...


Նյութի հեղինակ՝ Սիլվա Մխիթարյան
Հոդվածը ստեղծվել է Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան՝ <<Լրագրության ժամանակակից տենդենցներն ու մարտահրավերները>> դասընթացի արդյունքում:


1 комментарий: