Որևէ պատկերացում չեմ ունեցել
ու երբևէ չէի մտածում, որ Արցախ եմ գնալու և առավել ևս ապրելու եմ այնտեղ: Այդ ամենն
անակնկալ և հապճեպ ստացվեց. նույնիսկ չէի հասցրել
այդ մասին երկար մտածել: Արցախի մասին առաջին անգամ լսել էի դպրոցական տարիքում, երբ
Արցախյան պատերազմն էր ու միշտ դրական կարծիքներ էի լսել: Ըստ դրանց, ինքս իմ մեջ պատկերացրել
եմ, որ գնալու եմ իմ քաղաքի`Գյումրու նման ինչ-որ քաղաք ապրելու:
Գյումրուց մինչև Ստեփանակերտ ամբողջ ճանապարհին հորդառատ անձրև էր գալիս: Եվ երբ հասա Արցախ, մի քանի օր պետք է մնայինք Ստեփանակերտում: Ճիշտն ասած ես զարմացել էի, որ քաղաքը պատերազմից հետո այդպես արագ վերականգնվել էր և ուներ գեղեցիկ, բարեկարգ տեսք: Պատկերացումներս Ստեփանակերտում արդարացված էին, բայց երբ հասանք այն վայրը, որտեղ հիմնական բնակություն էինք հաստատելու՝ Կիչան, բոլոր դրական ակնկալիքներս հօդս ցնդեցին:
Պատերազմն ավարտվել էր տասը տարի առաջ, բայց զգացվում էր պատերազմի շունչը, քանի որ առաջնագիծը եղել էր մեր բնակարանից մեկ կմ հեռավորության վրա: Այդ օրն առավոտից առատ ձյուն էր գալիս, որը տվյալ ամսվա և տվյալ վայրի համար տարօրինակ էր: Այն մնաց շուրջ մեկ ամիս և երկար ժամանակ չհալվեց: Այստեղ չկային ապրելու համար տարրական պայմաններ: Առաջին և երկրորդ օրերը ստիպված էի տաքանալ արդուկով, քանի որ չկար գազօջախ։
Հիշում եմ, երբ հասանք այն տունը, որտեղ ապրելու էինք, ես մեքենայից իջեցրեցի իմ բոլոր գեղեցիկ կոշիկները: Եվ շատ զարմացա, որ ամուսնուս քեռին ասաց. «Աղջիկ ջան, իզուր ես այսքան կոշիկներ բերել, քեզ այստեղ ընդամենը մեկ զույգ ռեզինե, հարմարավետ, երկար կոշիկներ են պետք, կալոշ»:
Տպավորիչ էր նաև, որ դուրս եկա բակ, տեսա մի քանի գոմեշ և վայրի խոզեր, որոնք ես նախկինում տեսել էի միայն նկարներում և հեռուստացույցով: Իսկ տեղի բնակիչների համար դա սովորական էր`ամենօրյա երևույթ: Բավականին դժվար էր նաև կապ հաստատել Հայաստանի իմ բարեկամների հետ, քանի որ բջջային հեռախոսով զանգելու համար անհրաժեշտ էր բարձրանալ մոտակա սարը և փորձել կապ հաստատել, և դա ոչ այդքան հաճախ էր սատցվում: Իսկ այնտեղ ապրող մարդիկ միմյանց հետ խոսում էին պատշգամբից պատշգամբ գոռալով: Չնայած այդ դժվարություներին, Արցախի յուրօրինակ բնությունը և պատմամշակույթային բացառիկ կոթողները, տարածաշրջանի բոլոր թերությունները վերածում էին հիացմունքի ու զարմանքի:
Այն ճամփորդելու համար հիասքանչ վայր է, որը մեծ հետաքրքրություն և զարմանք կառաջացնի զբոսաշրջիկների մոտ: Մարտակերտի շրջանը կհիացնի զբոսաշրջիկներին իր պատմամշակույթային գեղեցիկ կոթողներով՝ Գանձասարով, Վանքասարով, Տիգրանակերտի ամրոցով։
Մեկ տարի ապրելուց հետո, ես և ամուսինս որոշեցինք վերադառնալ Հայաստան: Մեզ հաճախ են ասում, թե որ այնտեղ մնայինք, ամուսինս բարձր պաշտոնի կհասներ և միգուցե ուրիշ կարգավիճակով կգայինք Հայաստան, բայց այդ պահին մեզ համար կարևորը մեր առաջնեկ երեխան էր, նրա ապագան և բարեկեցիկ մանկությունը, իսկ պաշտոնը և այլ կարգավիճակը երկրորդական էին:
Ճիշտ է, 44-օրյա պատերազմից հետո մեր գյուղը շարունակում է մնալ Արցախի տարածքում, բայց ցավում եմ, որ մի շարք հին հայկական պատմամշակույթային կոթողներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այդ ամենով հանդերձ, ուրախ եմ, որ ունեցել եմ հնարավորություն ապրելու և իմ աչքերով տեսնելու այդ հիասքանչ տարածաշրջանը:
Комментариев нет:
Отправить комментарий