четверг

Գյումրի ինֆոտունն այցելեց Գուսանագյուղի Homo Legens գրադարան. սկսած գործը կիսատ չենք թողնում

 Հոկտեմբերի 27-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտուն ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Արմեն Պետրոսյանն ու ծրագրի համակարգող Լուիզա Զաքեյանն այցելեցին Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ֆինանսավորված Մարդամեջ-2021 ծրագրի շրջանակներում հիմնված Homo Legens գրադարան, որտեղ անցկացվեց սեմինար համայնքի կանանց ու աղջիկների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում Գուսանագյուղի 14-59 տարեկան իգական սեռի 13 ներկացուցիչներ:

Հանդիպում-սեմինարի նպատակն էր բացահայտել համայնքի կանանց ու աղջիկների ուժեղ կողմերը, բարձրացնել ինքնագնահատականն ու ինքնավստահությունն իրենց ուժերի նկատմամբ, ինչպես նաև այլ գյուղական համայնքների հաջողակ կանանց օրինակների միջոցով բարձրացնել մոտիվացիան մասնակիցների մոտ։

Հանդիպման սկզբում ներկայացվեց կանանց և տղամարդկանց գենդերային հավասարության մասին, ապա տեղի ունեցավ ծանոթացման վարժություն. «Ո՞վ եմ ես, Ի՞նչ եմ ուզում այս կյանքից, Ինչո՞վ եմ ուզում զբաղվել, Ի՞նչն է ինձ մոտ ամենից լավ ստացվում»:

Որից հետո քննարկվեց՝ ինչու որոշ աղջիկների ու կանանց հաջողվում է  դառնալ հաջողակ գործարարներ և առաջնորդներ, որոնք ի վիճակի են փոխել շրջակա աշխարհը, իսկ մյուսներն այդպես էլ չեն կարողանում տեղից շարժվել. մոտիվացիայի պակաս, խոչընդոտող հանգամանքներ:

Ապա ներկայացվեց հաջողակ մարդկանց գաղտնիքներն ու խորհուրդները, ինչպես նաև օրինակներով ներկայացվեցին Շիրակի մարզում հաջողության հասած կին գործարարների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ՏԻՄ ներկայացուցիչների գործունեությունն ու անցած ճանապարհը:

Գյումրի ինֆոտունը հետևողականորեն շարունակում է գրքեր հավաքել Գուսանագյուղի Homo Legens գրադարանի համար: Այս այցի ժամանակ գրադարան է տարվել 150 անուն հայ և արտասահմանյան գրականության հայալեզու թարգմանությամբ գրքեր, որոնք մեծ սիրով նվիրատվել էր «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը:

Գրքահավաքի  ժամանակ կուտակվել էին այնպիսի գրքեր, որոնք խունացած էին, ընթերցանության  համար ոչ պիտանի, ինչպես նաև ընթերցասերների շրջանակում ապահանջարկ չվայելող: Նման գրքերը հանձնվեցին մակուլատուրա, որից ստացված գումարով՝ 4000 դրամով, հիմք դրվեց Homo Legens ընթերցասերների ճամբար-2022-ին: Ինչպես նաև ֆեյսբուքի միջոցով կազմակերպել էինք որոշակի գրքերի վաճառք, ունենք Սանկտ Պետերբուրգից մի հայ երիտասարդի արձագանք, ցանկանում է այդ գրքերը գնել ու դրանով աջակցել ճամբարի շարունակականությանը:

понедельник

Լավն այն համայնքապետն է, որը ծաղիկ է դարձնում իր համայնքը, որպեսզի մեղուները գան և ոչ թե այն համայնքապետը, որն աղբի է վերածում իր համայնքը, որ ճանճերը լցվեն

 «Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակըբնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» վերլուծական զեկույցի ներկայացում

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվերով «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը հետազոտական ընդգրկուն վերլուծություն է իրականացրել «Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակը, բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» թեմայով: Վերլուծության հեղինակ Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է մարզի խոշորացված 4 համայնքների (Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ) ներուժն ու դրանց զարգացման հնարավորությունները:

Վերլուծական զեկույցը ներկայացվեց Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղ բնակավայրում: Հանդիպմանը ներկա էին գյուղապետեր, վարչական ղեկավարներ, բնակիչներ նշված 4 համայնքների բնակավայրերից: Ի դեպ, ուսումնասիրված 4 համայնքները ընդգրկում են 44 գյուղական բնակավայր:

Մինչ վերլուծությունը ներկայացնելը, բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ տարվել է ծավալուն, շատ լուրջ հետազոտական վերլուծություն, որը վերաբերում է մարզի հյուսիսային համայնքներում առկա գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին: Ոլորտների մասին մանրամասն և՛ ուսումնասիրություն է կատարվել, և՛ գյուղերի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ ներկայացվել: Շատ արժեքավոր այս վերլուծությունը, ըստ Սեյրան Մարտիրոսյանի, կարող է դառնալ մարզի հյուսիսային համայնքների զարգացման ծրագիր: Նրա խոսքերով, առջևում էլ ՏԻՄ ընտրություններն են, որոնք արդեն կամաց-կամաց վերածվում են ոչ թե հենց այնպես ընտրությունների, այլ նախանշաններ կան, որ ՏԻՄ ընտրությունները կդառնան իրոք ծրագրերի մրցույթ և ոչ անհատների: 44-օրյա պատերազմից հետո պիտի ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք մեր գործին, գնահատենք, թե ինչ ռեսուրսներ ունենք և դրանք ինչպես արդյունավետ օգտագործենք, որպեսզի եթե ներդրողներ գան մարզ, կարողանանք ճիշտ ներկայացնել մեր հնարավորությունները: Փորձագետները վստահ ասում են, որ մեզ միշտ ինչ-որ բան խանգարում է դեպի առաջընթաց գնալ, դա գիտելիքի պակասն է, համախմբված աշխատելու փորձի բացակայությունը, ոլորտը լավ չպատկերացնելը և այլն: Ըստ նրանց, եթե գյուղատնտեսության ամեն ոլորտում քայլեր արվեն, ապա մեծ առաջընթաց կարելի է ունենալ:

Վերլուծական զեկույցի հեղինակ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Սարապատ համայնքի հետ իրենք ունեն հաջողված ծրագիր՝ հատապտուղների աճեցում, որը դարձել է  համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղադրիչ:

«Մարզի հյուսիսային միավորված համայնքներում կան շատ մեծ հնարավորություններ, աշխարհում կան շատ մեծ փողեր, ու դրանք ճիշտ ուղղորդելու, Հայաստան բերելու համար մեխանիզմներ են պետք, նոր գաղափարներ, որպեսզի կարողանանք դրսից դոնորներ բերել հյուսիսային շրջաններ: Շիրակի մարզը ներգրավված է նաև կլիմայի փոփոխության ազգային ծրագրում, Շիրակի և Տավուշի մարզերի համար մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության պլան, որպեսզի Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների միջոցով դիմեն կանաչ կլիմայական միջազգային հիմնադրամին ֆինանսական աջակցության խնդրով: Ի դեպ, այս հիմնադրամի բյուջեն մի քանի միլիարդ դոլար է»,-նշում է Գևորգ Պետրոսյանը: Ասում է` արդեն սովորական է դարձել այն, որ հենց ուզում ես համայնքների համար լավ գործ անել, ասում են, թե փող չկա, բայց «Լավն այն համայնքապետն է, որը ծաղիկ է դարձնում իր համայնքը, որպեսզի մեղուները գան և ոչ թե այն համայնքապետը, որը աղբի է վերածում իր համայնքը, որ ճանճերը լցվեն»,-համեմատություն է անում Գևորգ Պետրոսյանը: