вторник

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance) պատշաճ համապատսխան միջոցառումներով՝ կողմնորոշվելով դեպի ուսումնական հաստատություններ, դեպի լայն հասարակայնություն:
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվել է անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դրսևորումների դեպքերի կտրուկ աճ: Այդ անհանգստություն առաջացնող միտումը մասամբ սնում է տարբերությունների սահմանման աճող միտումը ո′չ թե հասարակական կարծիքների և շահերի տեսանկյունից, այլ ինքնուրույնության:
Արդյունքում. առանձին մարդիկ և համայնքներ դառնում են բռնության և դաժանության թիրախներ՝ ելնելով միայն նրանց էթնիկական, կրոնական, ազգային և այլ ինքնօրինակությունից: Նման սպառնալիքներ` լինեն դրանք լայնամասշտաբ ցեղասպանություն կամ ամենօրյա ստորացում՝ նախատրամադրվածության տեսքով, պետք է անհանգստություն առաջացնեն յուրաքանչյուր մարդու մեջ: 
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի աջակցել հանդուրժողականության, բազմակարծրության, փոխադարձ հարգանքի և խաղաղ գոյակցության սկզբունքներին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք վերացնել կարծրատիպերը և խեղաթյուրված պատկերացումներն ու հանդես գանք խտրականության զոհերի պաշտպանության օգտին:

Հանդուրժողականության միջազգային օրն անհրաժեշտ է ի հաստատումն այն գաղափարի, որ բազմազանությունը` մարմնավորված մտքերում, հավատքներում և գործողություններում, արժեքավոր նվեր է, այլ ոչ սպառնալիք: Անհրաժեշտ է ձգտել հանդուրժողական համայնքների ստեղծմանը, որոնց կյանքում կարմատավորվի հիմնական իդեալը:

Հոկտեմբերի 19-ը Հայաստանի հրթիռահրետանային զորքերի օրն է

Հոկտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը, 1992 թ-ի հենց այդ օրն ավարտվել է Հայաստանի Զինվածը ուժերի հրթիռահրետանային զորքերի ձևավորումը: 

1990-ականներին երկրում նորից ստեղծվել էին արտադրական հզորություններ, որոնց հաշվին հնարավոր էր դարձել ապահովել ՀՀ Զինված ուժերի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի ու հրետանային համակարգերի որոշ տեսակների զինամթերքի պահանջարկը։ Նաև կազմակերպվել էր շարժական ու թեթև ականանետերի ու դրանց զինամթերքի արտադրությունը։

пятница

Այսօր Ժպիտի միջազգային օրն է

Այսօր ոչ միայն ցանկալի, այլ նաեւ պարտադիր է ժպտալ, որովհետեւ ամբողջ աշխարհը նշում է  Ժպիտի (Ժպտալու) միջազգային օրը: Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) նշվում է ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը:
“State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն էլ ենթադրել, որ սկսնակ նկարչին իրենց պատվիրած «ժպիտը» կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում:
Հարվի Բելը «սմայլիկը» նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին արդեն ավելի քան 50 տարի:): Հետագայում ժպտացող այս կերպարը բազմաթիվ «քույրեր եւ եղբայրներ» է ձեռք բերել` լացող, տխրող, ծիծաղող, համբուրող…
Նշենք, որ Բելը, ով չէր գրանցել հեղինակային իրավունքները, կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 50 դոլար, շատերն էլ օգտագործել են «սմայլիկը»` հեղինակային իրավունքները վերագրելով իրենց: Նկարիչը, ում չի հետաքրքրել հարուստ եւ հայտնի լինելը, այնուամենայնիվ, մի քանի տարի անց  գրանցում է հեղինակային իր իրավունքները:
«Սմայլիկ» կոչվող ժպտացող դեղին պատկերը չենք էլ նկատում, թե օրը քանի անգամ ենք օգտագործում համացանցից, հեռախոսներից օգտվելիս: Սակայն դեղին ժպիտի ստեղծման պատմությունը քչերը գիտեն: Ժպտալու միջազգային օրն առավել շատ օգտագործվող «սմայլիկ»-ի հեղինակն է Հարվի Բելը:

Այսօր ժամը 12:00-14:00-ին Գյումրու «Գյումրի Ինֆոտունը», «Գյումրու Երիտասարդական բանկն» և Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղն իրականացնում են «Ժպտա և փոխանցիր» ակցիան: Այնպես, որ եթե ցանկանում եք այս ակցիայի մասնակիցը լինել, ապա նշված ժամերին կհանդիպենք Գյումրու Սայաթ-Նովա և/կամ Ռիժկովի ճեմափողոցում:

среда

Ուսուցչի միջազգային օր

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ պաշտոնական տոնացույցում ամրագրվեց Ուսուցչի օրը, որը նշվում է հոկտեմբերի 5-ին:Տվյալ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1966թ.-ի այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակին առնչվող ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը: Վերջինն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետությունում:

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը և Գյումրի ինֆոտունը շնորհավորում են ձեզ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Հենց դուք, սիրելի ուսուցիչներ, բացահայտում եք մանուկների մեջ թաքնված տաղանդն ու հակումները, օգնում եք հարթել իրենց կյանքի ճանապարհը, աշխատում եք կրթական որակի բարձրացման ուղղությամբ, հասնում դրական արդյունքների:
Դուք սովորեցնում եք աշակերտներին ինքնուրույն մտածել, ընդունել որոշումներ և կրել պատասխանատվություն սեփական ընտրության կայացման գործում:
Սիրելի մանկավարժներ, ձեր կյանքի լավագույն տարիները դուք նվիրել և շարունակում եք նվիրել ազնիվ ու ազգանվեր գործի:
Այն, ինչ դուք անում եք արժանի է մեծ երախտագիտության, հարգանքի և գնահատանքի:
Ցանկանում ենք ձեզ քաջ առողջություն, հաջողություն և երախտապարտ աշակերտներ:
Շնորհավոր ձեր տոնը:

понедельник

Մաքսային արժեքի որոշման գործընթացը «թափանցի՞կ» է

Նյութի հեղինակ՝

Վանուհի Գասպարյան,
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների
պաշտպանության հայկական կենտրոնի
 Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի իրավաբան

ՀՀ իշխանություններն առիթով և անառիթ պնդում են, թե իրենց գործունեությունը ամենատարբեր ոլորտներում թափանցիկ է և հաշվետու, որ այդ առումով մենք համապատասխանում ենք միջազգային չափանիշներին:
Մեկ ոլորտի օրինակով փորձենք ցույց տալ, որ գործնականում դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Մաքսային ոլորտում որպես խնդրահարույց և առանցքային խնդիր դեռևս մնում է «Գործարքի գնի» մեթոդի կիրառության խնդիրը. մաքսային մարմինները, առավել հաճախ, «Գործարքի գնի» մեթոդ չեն կիրառում մաքսային արժեք որոշելիս և առաջնորդվում են այսպես կոչված «Հսկիչ գներով»:
Խնդիրը մասնավորապես առաջանում է Եվրասիական տնտեսական միությունից (այսուհետ՝ ԵԱՏՄ) ավտոտրանսպորտային միջոց ներմուծելու ժամանակ: Այդ խնդրով Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ (այսուհետ՝ Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղ) դիմող քաղաքացիները դժգոհում եմ, որ մինչ մեքենա գնելը և ՀՀ ներմուծելը, իրենք որևէ կերպ չեն կարող տեղեկանալ թե ի՞նչ մաքսային արժեքով է հաշվարկվելու, որը և դժվարացնում է նախապես ծախսերի հաշվարկ կատարելու գործընթացը:
Հիշեցնենք, որ 2016թ-ի մարտի 30-ից հետո ԵԱՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներմուծելու դեպքում 20% ավելացած արժեքի հարկը չի գանձվում /Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 3հ. 3/1 կ գ ենթակետ/: Սակայն, փոխարենը՝ 10-օրյա ժամկետում ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք պարտավոր են վճարել բնապահպանական վճար: Իսկ բնապահպանական վճարի հաշվարկի հիմքում ընկած է մաքսային արժեքի հաշվարկը, որը և անհասանելի է հասարակ քաղաքացու համար:
Այսպես.
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքից՝ «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերով:
Հայաստանի Հանրապետության  մաքսային  սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է արժեքային (ադվալորային)  մաքսային վճարների հաշվարկման, արժեքային ձևով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և մաքսային վիճակագրության վարման նպատակով:
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Գոյություն ունեն մաքսային արժեքի որոշման 6 մեթոդներ: Դրանք են`
  1. մաքuային արժեքի որոշումն` ըստ գործարքի գնի մեթոդի,
  2. մաքuային արժեքի որոշումն` ըuտ նույն ապրանքների գործարքի գնի,
  3. մաքuային արժեքի որոշումն` ըuտ համանման ապրանքների գործարքի գնի,
  4. Հայաuտանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային արժեքի որոշում,
  5. մաքuային արժեքի որոշումն` ըuտ հաշվարկային արժեքի,
  6. մաքuային արժեքի որոշման պահուuտային մեթոդ:
Այս մեթոդներից, ըստ էության, միայն մեկն է (մաքuային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդ) որոշվում և հայտարարագրվում հայտարարատուի կողմից: Միաժամանակ մաքսային օրենսգրքով (87 հոդված) սահմանված է նաև, որ մաքսային մարմինները իրավունք ունեն ներկայացված փաստաթղթերի անարժանահավատ լինելու դեպքում (որը մաքսային մարմնի կողմից չհիմնավորված է և ոչ իրավաչափ) չընդունել այս մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը` որպես հիմք մաքսային վճարներ հաշվարկելիս, որի դեպքում կիրառվում են մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները` ըստ վերոնշյալ հերթականության:
Մաքսայինի բարեփոխումների շրջանակում, մոտ 3 տարի առաջ, Պետեկամուտների կոմիտեի կայքում (customs.am) տեղադրվեց հաշվիչ համակարգ, որով հնարավոր էր գրեթե հստակ հասկանալ, թե ինչքան կկազմի ներկրվող մեքենայի մաքսային արժեքը։ Մի երկու ամիս հետո կայքից ցուցակը հանվեց։ Դրա փոխարեն քաղաքացիներին առաջարկեցին զանգով տեղեկանալ։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ դա քաղաքացիներին հայտնի լինի, որ նախապես հաշվարկեն իրենց եկամուտներն ու ծախսերն ու որոշեն՝ ներմուծումը ձեռնտո՞ւ է, թե ոչ:
Այդ հարցի պարզաբանման նպատակով Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղը 2016թ-ի հուլիսի 21-ին պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե և խնդրել նաև կցել հաստատված փաստաթղթի պատճենը, որում նշված է հսկիչ գնի մեթոդով որոշված մաքսային արժեքը և հաշվարկման կարգը (որը սակայն ՊԵԿ-ի պատասխանին կցված չէր և որևէ անդրադարձ էլ չէր արված):
Որպես հիմնավորում ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ա.Աֆրիկյանի կողմից 27.07.2016-ի գրությամբ հայտնվել է, որ «այդ հարցի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխարհի որևէ պետության մաքսային արժեքների կողմնորոշիչ չափանիշներ չի հրապարակվում»: Ուստի և որոշվել է այդ տեղեկությունները հանել կայք-էջից:
Ինչ վերաբերում է մաքսային արժեքների չափանիշներին, գրությամբ հայտնվել է. «Ցանկացած քաղաքացի կարող է այցելել ԱՄՄՁՄ մաքսատան (ավտոմաքսատուն) և ամփոփ տարբերակով, կոնկրետ պահի դրությամբ փոփոխություններով հանդերձ, մաքսատան շենքում, դրա համար հատուկ հատկացված վայրում՝ պատին փակցված ստենդի միջոցով, մաքսատան աշխատանքային ժամերի ընթացքում, ծանոթանալ ավտոմեքենաների մաքսային արժեքների չափանիշներին»:
Իրականությունն այն է, որ այցելել բառը ներկայումս ունի նոր իմաստ, կիրառություն, այն է՝ այցելել կայք: Կարծում եմ, որ ակնառու է տարբերությունը, երբ Սյունիքի, Տավուշի կամ Գեղարքունիքի բնակիչը սեփական տանն այցելում է համապատասխան կայք, կամ այցելում է Երևան այդ տեղեկությունը ստանալու համար: Այդպիսի այցելությունը կարող է դառնալ մի քանի օր տևող ճանապարհորդություն՝ միջոցների վատնումով:
Նշված տեղեկատուն, որը գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան «Նորագավիթ» մասնաճյուղում, մեքենա ներկրելու ցանկություն ունեցող ոչ բոլոր քաղաքացիների համար է հասանելի, որովհետև այդ տեղեկատուն սպասարկում է հիմնականում նրանց, ովքեր արդեն մեքենան ներկրել են և մաքսազերծման գործընթաց անցնելու համար արդեն մուտք են գործել մաքսատան տարածք։
Գրությամբ նաև հայտնվել էր, որ «ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքեների վերաբերյալ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները մաքսային արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ նաև ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից՝ զանգահարելով 060-54-44-44 հեռախոսահամարով»:
Նշեմ, որ թեժ գծի օգնությամբ միայն Մաքսային օրենսգրքի և Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին օրենքի որոշ հոդվածների հղումներ կարողացանք ստանալ, այլ ոչ թե մեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվություն:
Վերոգրյալից ելնելով, պետք է փաստել այն, որ շարքային քաղաքացին չի կարող տիրապետել այդ ամբողջ տեղեկատվությանը և կարճ ժամկետներում հնարավորություն ունենալ իր իրավունքները պաշտպանել մաքսային մարմիններում:
Զարմանալի է, որ համապատասխան պետական մարմինները, որոնք պատասխանատու են ապրանքների մաքսային արժեքի որոշման ոլորտում թափանցիկ և հրապարակային իրավական ընթացակարգերի համար, քաղաքացիներին ստիպում են կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք չեն համապատասխանում պետական ծառայություններ մատուցելու ժամանակակից պահանջներին: Հուսով ենք, որ այդ մարմինները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն բնակչությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ:




четверг

Ուսումնական տարվա սկիզբն ազդարարված է

Սեպտեմբերի 1-ը՝ ըստ Հանրապետության տոների և հիշատակի մասին օրենքի 12-րդ հոդվածի, նշվում է որպես Գիտելիքի օր:
Օրը կարևոր և հատկանշական է ոչ միայն ուսուցիչների և աշակերտների համար,  այլ նաև այն փոքրիկների, ովքեր առաջին անգամ պետք է նստեն աշակերտական աթոռին: Նրանց համար ամեն բան նոր է. ‹‹հրաժեշտ›› տալ բակին, անվերջ թվացող խաղերին և սկսել ժամանակի մեծ մասը տրամադրել կրթվելուն:
Նրանք բոլորն ունեն երազանք, նպատակ, արդեն որոշել են իրենց ապագա մասնագիտությունը, սակայն, այդ ամենին հասնելու համար նրանց առջևում տասներկու երկար ու ձիգ տարիներ են սպավում:
Ուսումն ու դպրությունը պետք է անչափ կարևոր տեղ զբաղեցնեն բոլորի կյանքում: Գիտելիքը և մարդկային հանճարն մշտապես եղել են յուրաքանչյուր երկրի առաջադիմության և հզորության առաջնային աղբյուրը: Կրթվելով այսօր՝ վաղը կունենանք կայուն ապագա մեր երկրի համար:

Գյումրի ինֆոտունը շնորհավորում է բոլոր դպրոցականերին և ուսանողներին, մաղթում անսպառ գիտելիքներ, իմաստություն և մեծ ձեռքբերումներ ուսման մեջ:

среда

Այց-մոնիտորինգ-խորհրդատվություն Գյումրի ինֆոտանը

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրներ: 
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։
Ծրագրում ներգրավված է նաև Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի Գյումրի ինֆոտունը, որտեղ այց-մոնիտորինգ-խորհրդատվություն անցկացվեց ծրագրի ղեկավար Վ.Ավանեսյանի և փորձագետ Ա.Մարգարյանի կողմից: Մոնիտորինգի ընթացքում քննարկվեցին հարցեր կապված սոցիալ-նորարարական հավաքներ Մարդամեջ-2015-ի և 2016-ի «Սոցիալական ջոկատ», «Էստի համեցեք», «Youth home», «Patrast.am» նախագծերի հետ:
Միաժամանակ Վ.Ավանեսյանի կողմից ներկայացվեց «Ֆիլմերի ցուցադրություն և քննարկումների կազմակերպում» սեմինար՝ ֆիլմերի դիտման-քննարկման փուլերի հաջորդականությունը, իսկ «Ամուր ընկույզ» ֆիլմի օրինակով ներկաները գործնականում իրականացրեցին ակտիվ քննարկում:
Վերջում փորձագետ Ա.Մարգարյանը «Մեկ հասարակություն մեկ իրավունք» շն
որհանդեսով ավարտեց օրվա միջոցառումների շարքը: