суббота

Հեռուստատեսության միջազգային օր


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1998թ. մարտին Հեռուստատեսության միջազգային օր (World Television Day) է հռչակել նոյեմբերի 21-ը՝ ի հիշատակ 1996թ. Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովի անցկացման ամսաթվի։ Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։
2002թ-ին Հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «Հեռուստատեսության միջազգային օրվան նվիրված ամենամյա տոնակատարություններն անցկացվում են, որպեսզի ուշադրություն հրավիրեն երկրի խաղաղության, առաջխաղացման ու զարգացման գործում հեռուստատեսության դերի վրա»: Նա ասել է, որ հեռուստատեսությունը ռադիոյի եւ ինտերնետի հետ միասին պետք է հոգ տանի, որ չդառանա  անհանդուրժողականության, կարծրատիպերի, անմարդկային նյութերի տարածման միջոց:
Թեև տոնը նշվում է ոչ շատ վաղուց. ԹՎ պատմությունը սկսվել է մոտ 100 տարի առաջ:

среда

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և «Ա.Դ.Սախարովի անվան մարդու 
իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը» հրավիրում են Ձեզ մասնակցել

Երիտասարդական Բանկ ծրագրին

Եթե Դուք՝

16- 25 տարեկան եք, և ուզում եք, որ

Ձեր կարծիքը լսելի լինի,

Մասնակցել Ձեր համայնքի բարելավմանը,

Նախաձեռնել դրական փոփոխություններ,

Ձեռք բերել առաջնորդի և ակտիվ քաղաքացու հմտություններ,


Պատրաստ եք գործ ունենալ իրական գումարների հետ,

Ապա  միացե՛ք

Երիտասարդական Բանկ ծրագրին

Ինչպե՞ս մասնակցել.

Ծրագրին մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար հրավիրում ենք Ձեզ 
մասնակցել ծրագրի մեկնարկային միջոցառմանը, որը տեղի կունենա
Նոյեմբերի 20-ին, ժամը 16:00-ին «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում», Մ.Մկրտչյան 38ա շենք, բն.1:

 Տեղեկությունների համար կարող եք զանգել` 5 69 17 հեռախոսահամարով:


пятница

Հայկական մամուլի օր

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:«Ազդարարը» առաջին հայկական պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին:«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը:
Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:
Տպագրվում էին նաև լուրեր Ռուսաստանից, ինչպես օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին:
«Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։
«Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ «Ազդարարի» գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։

четверг

Սպիտակ ձեռնափայտի միջազգային օր

Սպիտակ ձեռնափայտի օրը (International White Cane Safety Day) յուրահատուկ է իր տեսակի մեջ: Այսօր տոն չէ, այլ հիշեցման օր, որի նպատակն է հիշեցնել ու տեղեկացնել ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց խնդիրների մասին:

Բայց ինչու՞ է օրն անվանվել Սպիտակ ձեռնափայտի միջազգային օր: Պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1921 թվականից: Բրիտանական Բրիսթոլ քաղաքում ապրում էր երիտասարդ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ջեյմս Բիգսը: Նա դժբախտ պատահարից հետո կորցրել էր տեսողությունը: Եվ նրա առաջ խնդիր էր դրված. սկսել նոր կյանք: Պետք էր ինքնուրույն հաղթահարել բոլոր բարդությունները, որոնք կկանգնեին նրա առաջ՝ նոր կյանք սկսելու ճանապարհին: Եվ առաջինը ձեռնափայտի օգնությամբ ինքնուրույն քայլելն էր ամենասովորական վայրերում՝ տանը, քաղաքում, այգիներում ու փողոցներում: Սակայն Ջեյմսը շուտով հասկացավ, որ սև ձեռնափայտով նրա խնդիրը չեն նկատում ո՛չ հետիոտները, ո՛չ էլ վարորդները: Իսկ հանձնվելու փոխարեն նա որոշեց այն ներկել սպիտակ: Եվ ձեռնափայտը շուտով դարձավ տեսանելի, այն սկսեցին նկատել: Հետևաբար այս լավ միտքը մեծ տարածում գտավ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում՝ նախ Անգլիայում, ապա ամբողջ Եվրոպայում, Ամերիկայում…
Փաստորեն, այս փոքրիկ համարձակ քայլը սկիզբ դրեց մեծ գաղափարի: Արդյունքում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ը հայտարարել Սպիտակ ձեռնափայտի միջազգային օր, որն առաջին անգամ նշվել է 1964 թվականին ԱՄՆ-ում:

Ձեռքերի լվացման համաշխարհային օր

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերի լվացման համաշխարհային օր (Global Handwashing Day), այն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված սանիտարական տարվա շրջանակներում:
ՄԱԿ-ի եւ ԱՀԿ-ի փորձագետները պնդում են, որ ողջ աշխարհում ձեռքերը չլվանալու խնդիրն անհամեմատ ավելի լուրջ է, քան շատերին կարող է թվալ: Հենց չլվացված ձեռքերի միջոցով են մի շարք ծանր հիվանդությունների, մասնավորապես՝ գրիպի, վիրուսային թոքաբորբի, սնկային հիվանդությունների, դիֆտերիայի, աղիքային ու աչքի ինֆեկցիաների եւ նույնիսկ հեպատիտի հարուցիչներն օրգանիզմ ներթափանցում: Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ երկրներում չլվացված ձեռքերը երեխաների մոտ կարող են հսկայական թվով մահվան դեպքերի պատճառ դառնալ: ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից տրամադրված տվյալների համաձայն, աշխարհում ամեն օր փորլուծության պատճառով շուրջ 5 հազար երեխա է մահանում: Փորլուծության պատճառն առավել հաճախ չլվացված ձեռքերն ու դրանց միջոցով օրգանիզմ անցած ինֆեկցիաներն են, այնպես որ հիշյալ մահվան դեպքերի մեծ մասը կարելի է ընդամենը ձեռքերը լվանալով կանխարգելել:
ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետները ձեռքերի լվացումն անվանել են «առողջությունը պահպանելու գլխավոր միջոց»:
Մի շարք երկրներում Ձեռքերի լվացման համաշխարհային օրը մեծ աղմուկով եւ ճոխությամբ է նշվում, իսկ ՄԱԿ-ի աջակցությամբ էլ բազմաթիվ մասշտաբային ակցիաներ են կազմակերպվում, որոնց գլխավոր նպատակը մեկն է՝ չլվացված ձեռքերի եւ դրանց պատճառով առաջացող հիվանդությունների խնդրի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավել:
Ըստ փորձագետների, ձեռքերը ճիշտ լվանալն օգնում է 50 տոկոսով նվազեցնել աղեստամոքսային, մարսողական հիվանդությունների մահացության ռիսկը: Սակայն ոչ բոլորն են լվացվում այնպես, որ վերացնեն վտանգավոր միկրոբներն ու բակտերիաները: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց միայն 5 տոկոսն է լվացվում այնպես, որ միկրոբներն ու բակտերիաները վերանան, մնացյալ (5 տոկոսը՝ չգիտի ձեռքերը լվանալու ճիշտ ձևը: Ձեռքերը ճիշտ լվանալու համար պետք է լվացվել 40-60 վայրկյան, սրբվել սրբիչով այնքան մինչև ձեռքերը լավ չորանան, ծորակի փականը փակել սրբիչով:

Գյուղացի կանանց միջազգային օր

1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում, որոշվել է հոկտեմբերի 15-ն ընդունել Գյուղացի կանանց միջազգային օր:  
Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն: 
Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` 'հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը: Ինչպես գիտենք, Հայաստանի գյուղերում ևս ջրի տեխնոլոգիայի, բժշկական որակյալ ծառայությունների ու ցածր տոկոսադրույքներով վարկերի ահռելի պակաս կա:

пятница

Փոստի համաշխարհային օր

Հոկտեմբերի 9-ը փոստի աշխատակիցների համաշխարհային օրն է: Այն միջազգային նաև նշվում է ՄԱԿ-ի համակարգում։
Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։ 1878 թվականին միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր։ 1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1874 թվականին այդ օրը ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը:
Տոնի մասին որոշումը կայացվել է 1969 թվականին Տոկիոյում Փոստատարների համաշխարհային միության կոնգրեսի ժամանակ:
Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսած անցկացվում է Նամակի միջազգային շաբաթ:
Աշխարհում առաջին փոստային նամականիշերն ի հայտ են եկել 1840թ-ին Անգլիայում: