«Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակը, բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» վերլուծական զեկույցի ներկայացում
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվերով «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը հետազոտական ընդգրկուն վերլուծություն է իրականացրել «Շիրակի մարզի հյուսիսային միավորված համայնքներում գյուղատնտեսության ներկա վիճակը, բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» թեմայով: Վերլուծության հեղինակ Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է մարզի խոշորացված 4 համայնքների (Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ) ներուժն ու դրանց զարգացման հնարավորությունները:
Վերլուծական զեկույցը ներկայացվեց Սարապատ խոշորացված համայնքի կենտրոն Թորոսգյուղ բնակավայրում: Հանդիպմանը ներկա էին գյուղապետեր, վարչական ղեկավարներ, բնակիչներ նշված 4 համայնքների բնակավայրերից: Ի դեպ, ուսումնասիրված 4 համայնքները ընդգրկում են 44 գյուղական բնակավայր:
Մինչ վերլուծությունը ներկայացնելը, բնակիչների հետ հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ տարվել է ծավալուն, շատ լուրջ հետազոտական վերլուծություն, որը վերաբերում է մարզի հյուսիսային համայնքներում առկա գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին: Ոլորտների մասին մանրամասն և՛ ուսումնասիրություն է կատարվել, և՛ գյուղերի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ ներկայացվել: Շատ արժեքավոր այս վերլուծությունը, ըստ Սեյրան Մարտիրոսյանի, կարող է դառնալ մարզի հյուսիսային համայնքների զարգացման ծրագիր: Նրա խոսքերով, առջևում էլ ՏԻՄ ընտրություններն են, որոնք արդեն կամաց-կամաց վերածվում են ոչ թե հենց այնպես ընտրությունների, այլ նախանշաններ կան, որ ՏԻՄ ընտրությունները կդառնան իրոք ծրագրերի մրցույթ և ոչ անհատների: 44-օրյա պատերազմից հետո պիտի ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք մեր գործին, գնահատենք, թե ինչ ռեսուրսներ ունենք և դրանք ինչպես արդյունավետ օգտագործենք, որպեսզի եթե ներդրողներ գան մարզ, կարողանանք ճիշտ ներկայացնել մեր հնարավորությունները: Փորձագետները վստահ ասում են, որ մեզ միշտ ինչ-որ բան խանգարում է դեպի առաջընթաց գնալ, դա գիտելիքի պակասն է, համախմբված աշխատելու փորձի բացակայությունը, ոլորտը լավ չպատկերացնելը և այլն: Ըստ նրանց, եթե գյուղատնտեսության ամեն ոլորտում քայլեր արվեն, ապա մեծ առաջընթաց կարելի է ունենալ:
Վերլուծական զեկույցի հեղինակ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Սարապատ համայնքի հետ իրենք ունեն հաջողված ծրագիր՝ հատապտուղների աճեցում, որը դարձել է
համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղադրիչ:
«Մարզի հյուսիսային միավորված համայնքներում կան շատ մեծ հնարավորություններ, աշխարհում կան շատ մեծ փողեր, ու դրանք ճիշտ ուղղորդելու, Հայաստան բերելու համար մեխանիզմներ են պետք, նոր գաղափարներ, որպեսզի կարողանանք դրսից դոնորներ բերել հյուսիսային շրջաններ: Շիրակի մարզը ներգրավված է նաև կլիմայի փոփոխության ազգային ծրագրում, Շիրակի և Տավուշի մարզերի համար մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության պլան, որպեսզի Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների միջոցով դիմեն կանաչ կլիմայական միջազգային հիմնադրամին ֆինանսական աջակցության խնդրով: Ի դեպ, այս հիմնադրամի բյուջեն մի քանի միլիարդ դոլար է»,-նշում է Գևորգ Պետրոսյանը: Ասում է` արդեն սովորական է դարձել այն, որ հենց ուզում ես համայնքների համար լավ գործ անել, ասում են, թե փող չկա, բայց «Լավն այն համայնքապետն է, որը ծաղիկ է դարձնում իր համայնքը, որպեսզի մեղուները գան և ոչ թե այն համայնքապետը, որը աղբի է վերածում իր համայնքը, որ ճանճերը լցվեն»,-համեմատություն է անում Գևորգ Պետրոսյանը: