вторник

Պատասխանատվության միջոցները ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած դրույթները խախտելու դեպքում

Հուշաթերթ N4
     Շարունակում ենք ներկայացննել հուշաթերթեր, որոնցում ընդգրկված են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են սահմանում ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները խախտելու դեպքում:

·       Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 400.000-600.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.1 հոդված):

·        Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը առաջացնում են տուգանքի նշանակում` 100.000-200.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.8 հոդված):

·        Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, առաջացնում է տուգանքի նշանակում 1.000.000-2.000.000 ՀՀ դրամի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 2.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.10 հոդված):

·        Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.11 հոդված):


·       Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000-300.000 ՀՀ դրամի չափով (ՎԻՎ օրենք 40.13 հոդված):

Հուշաթերթը պատրաստվել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի   Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий