среда

Հարցազրույց Լիլիթ Գորգինյանի հետ՝ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ


Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող
Անուշ Հարությունյանը
-Բարև Ձեզ տիկին Գորգինյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, այսօրվա հարցազրույցի թեման վերաբերում է ԸԿԵԻՊ բաժնի ստեղծմանը, գործունեությանը և ոլորտում նախատեսված առաջիկա փոփոխություններին։Այսպիսով առաջին հարցը՝
1Ե՞րբ է ստեղծվել բաժինը և ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Բաժինը ստեղծվել է 2006թ-ին, որի նպատակն էր ՀՀ բոլոր մարզերում ունենալ այնպիսի մարմին, որը կզբաղվի՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովմամբ։
2Ի՞նչ բարդությունների հետ եք առնչվել բաժնի գործունեության ընթացքում։
-Բարդությունները շատ-շատ են եղել՝ թե՛ ներքին, թե՛  արտաքին դժվարություններ ու կար նաև բարդություն  ընկալման հետ կապված։ Քանի որ այն ժամանակ բաժինը դեռ նոր էր և բարդ էր կնոկրետ գործառույթների իրականացումը, սակայն ժամանակի հետ ամեն բան սկսեց իր հունով գնալ։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին բարդությունների դրանք հիմնականում կապված էին կարծրատիպերի ու մարդկանց ոչ միանշանակ վերաբերմունքի հետ։
3Մինչ այսօր ի՞նչ ծրագրեր են իրականցվել՝ որոնց մասին կցանկանաք խոսել։
-Շատ-շատ ծրագրեր են իրականցվել 2006թ-ից ի վեր։ Պետական ռազմավարության մեջ ընդգրկված բոլոր ծրագրերը՝ որոնք վերաբերում են՝ ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը, բոլոր ծրագրերը տեղայնացվել են և իրականցվել են մարզում։ Բնականաբար ծրագրերը պարբերաբար փոփոխվել են ելնելով պետության քաղաքականությունից։ Օրինակ՝ երբ բաժինը դեռ նոր էր բացվել մենք ունեինք մանկատներ, հետո որոշեցին փակել մանկատները, հիմնավորելով ՝ որ երեխաները պետք է մեծանան ընտանիքներում ու մանկատները վերափոխվեցին գիշերօթիկ խնամքի  հաստատությունների։ Իսկ հիմա մենք  գտնվում  ենք ապաինստիտուցիոնալիզացիայի փուլում, երբ գիշերօթիկ խնամքի հաստատություներն ու հատուկ դպրոցներն են վերակազմակերպվում։ Այսինքն՝ այսօր մենք կանգնած ենք լուրջ փոփոխություների շեմին, առավել ևս որ այդ փոփոխությունների իրականցնողներից մեկն էլ բաժինն է։ Բաժնի դերակատարումն է նաև հասցնել՝ կառավարություն, նախարարություն այն խնդիրները, որոնց առկայությունը բացառում կամ առաջադրում է ոլորտային համապատասխան փոփոխությունների կարիքը։ Մենք բացի պետական քաղաքականության իրականացումից՝ համագործակցում ենք նաև շատ Հասարակական կազմակերպոթյուների հետ ու որպես պետական մարմին ունենում ենք մեր մասնակցությունը ՀԿ-ների ծրագրերի իրականացման մեջ։
Մեր խնդիրներից է նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռումը և  գենդերային քաղաքականության պատշաճ իրականցումը։
4Խոսեցիք տղամարդկանց և կանաց հավասար հնարավորությունների և գենդերային քաղաքականության մասին, կոնկրետ մեր մարզում ինչպիսի՞ պատկեր է, և ի՞նչ խոչընդոտներ կան գենդերային քաղաքականության իրականցման ճանապարհին։  
-Առաջին հերթին դրանք կարծրատիպերն են՝ հիմնավորված կարծրատիպերը, բայց երբ մարդկանց հետ աշխատում ենք դրանք կոտրվում են, որովհետև բացատրում ենք, որ գենդերային քաղաքականությունը դա կնոջ և տղամարդու սոցիալական հավասարությունն է։ Շատ սխալ ապատեղեկատվություն տարածվեց, դրա տակ մտցվեց սեռական փոքրամասնությունների իրավունքները ևն, ևն, ինչը խաթարեց դրա ճիշտ գաղափարախոսությունը։ Բայց գենդերային քաղաքականությունը դա տղամարդու և կնոջ սոցիալական հավասարության իրացումն է, նրանց հավասար հնարավորությունների ընձեռումը, կօգտվեն, թե չեն օգտվի այդ հավասարությունից դա իրենց իրավունքն է, բայց պետությունը պիտի ապահովի այդ հնարավորություները և բաց դաշտ ստեղծի հնարավորությունների իրացման համար։ Օրինակ՝ երբ ամուսնալուծություն է տեղի ունենում կինը կորցնում է իր բնակության վայրը  ու երեխաների հետ հայտնվում է դրսում ու քանի որ չի ունեցել ՝ մասնագիտություն, աշխատանք, միայն այն պատճառով որ ընտանիքում ապրած ժամանակահատվածում խաթարված է եղել իր՝ կրթություն ստանալու, աշխատելու իրավունքը ու ինքը հայտնվում է «մերկ» սոցիալական պահանջների առջև, ու այստեղ մեկ այլ խնդիր էլ կա բացի կին լինելուց նա նաև մայր է՝ ով ունի խնդիրների «փունջ», որոնցից առաջնայինը իր երեխաների շահերի պաշտպանությունն է,սակայն  իր խաթարված իրավունքների արդյունքում  այս դրվագում նախ և առաջ  ինքն ունի առաջնային  աջակցության կարիք ։
5Դա կարո՞ղ ենք դիտարկել բռնության  դրսևորում։
-Միանշանակ՝ այո։ Բռնությունը ինքնին օդից չի լինում, դրանք կուտակված որոշակի խորքային խնդիրների դրսևորումներից որևէ մեկի արտահայտումն է։
6Վերջին շրջանում շատ է խոսվում բռնության ու բռնության ենթարկված անձանց իրավունքների մասին,  մարզում ինչպիսի՞ վիճակագրություն է։ Եվ
ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բռնության դեմ պայքարելու համար։
-Ասեմ, երբ ամենասկզբում բռնության մասին խոսվում էր ընդհանրապես լռություն էր տիրում, որ չկա բռնություն, բայց բռնություն կա՛  ու մարզում բավական շատ է։ Անգամ  կարող ենք ասել որ բոլոր ընտանիքներում  կա։ Նույնիսկ մեր ընտանիքներում են պարբերաբար դրսևորվում բռնության որոշակի տեսակներ, օրինակ՝ հոգեբանական տեսակը, երբ որևէ անհամաձայնություն է և այն լուծվում է ոչ թե փոխհամաձայնության գալու տարբերակով, այլ իմպերատիվ կանե՛ս կամ չե՛ս անի եղանակով։ Բայց այս պարագայում  խնդիրը դրվագային է և խորքային ազդեցություն չունի, բայց այն ընտանիքներում որտեղ դա խորքային է՝ ինչպես այս դրվագում, երբ հայրը ալկոհոլիկ է, բնականաբար ինքը ընտանիքից է տանելու այդ գումարը, ու խմելուց հետո օգտագործում է՝ հայհոյանքներ որպես հոգեբանական բռնություն, ծեծ, սեռական բռնություն կնոջ նկատմամբ, երեխաների կարիքների  անտեսում։ Այս պարագայում կարո՞ղ ենք ասել որ չկա նման բան, իհարկե կա՛  ու մենք շարունակաբար բախվում ենք այդ խնդրին։ Վերջին շրջանում մեզ հաճախ են սկսել դիմել բռնության ենթարկված անձինք, ուղղակի ցավոք սրտի ռադիկալ որոշումներ կայացնելիս նրանք միշտ երկմտում են, հիմա երբ օրենքը կա ու նրանք կարող են դիմել ոստիկանություն ու ոստիկանությունը ունի բավարար լծակներ խնդրի լուծման համար,  նրանք դիմում են  ու  երբեմն  բախվում մեկ այլ խնդրի, երբ այնտեղից հանգստացնում ու ճանապարհում են, ասելով՝ կհաշտվեք, ոչինչ ևն  ու դա բերում է միևնույն խնդրի շարունակական կրկնության։ Այսինքն բռնությունը կա իր բոլոր դրսևորումներով և դրա վառ ապացույցը այն երեխաներն են, որոնց հետ մենք աշխատում ենք՝ վարքային տարբեր խնդիրներ ունեցող, ընտանիքները լքող, երեխաներ, որոնք ուղղակի փախչում են ընտանիքներից ու աշխատանքի ընթացքում պարզ է դառնում որ նրանք հասկացված չեն իրենց ընտանիքներում, իրենց պահանջմունքները բավարաված չեն  ու մենք անընդհատ առնչվում  ենք նմանատիպ խնդիրների։
Ինչ վերաբերում է դրանց դեմ պայքարելուն կարծում եմ որ մարդը առաջինը ինքը պիտի գիտակցի ու պաշտպանի իր իրավունքը, հատկապես մայրերը որոնք պարտավորվածություն ունեն ապահովելու երեխաների զարգացման տարբեր էտապների բնականոնությունը։ Ու մենք ձգտում ենք հասնել այնտեղ որ իրենք մեզ դիմեն ու մինչև վերջ հետամուտ լինեն իրենց խնդրի լուծմանը։ Նմանատիպ դեպք պատահեց Արարատում ՝ երբ գյումրեցի տղամարդը սպանեց իր կնոջը որտեղ չորս երեխաներ կային, այդ ընտանիքը մշտապես մեր տեսադաշտում էր եղել ու մենք նույնիսկ ոստիկանության հետ այցելել ենք այնտեղ ու բազմիցս հորդորել որ դիմի ոստիկանություն, սակայն նա  վախենալով չի դիմել, հատուցելով սեփական կյանքով։
7Դուրս է գալիս որ մարդիկ չգիտեն իրենց իրավունքները, թե՞ հասարակության արձագանքից են վախենում։
-Ե՛ վ այն, և՛  այն․ մարդիկ իրազեկված չեն, վախենում են, ի դեպ բռնության ենթարկված մարդիկ էլեմենտար վախ ունեն, վստահություն չունեն պետական մարմինների նպատմամբ, հայրական տան արձագանքից, որ չեն ընդունի առավել ևս երեխաների հետ։ Խնդիրները շատ են, սական մենք շարունակական աշխատանքներ ենք տանում վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ ու կարծում ենք անընդհատ տարվող աշխատանքները կհասցնեն ցանկալի արդյունքի ։
8Եկեք անդրադառնանք ոլորտում առկա մեկ այլ խնդրի։Ինչպե՞ս եք վերաբերվում  համընդհանուր ներառական կրթության ներդրմանը, արդյո՞ք ճիշտ է  այն ու բոլոր հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն ունեն հավասար պայմաններով մասնակցելու դասապրոցեսին։
-Միանշանակ կողմ եմ ու դրական եմ վերաբերում, բայց ռեսուրսների առկայության դեպքում։ Չի կարելի խոսել համընդհանուր ներառման մասին, ոչ մի ռեսուրս ու համապատասխան ծառայություն չունենալով։ Եթե ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար դժվարությունը միայն շենքային պայմանների հարմարեցումն է, ապա մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար  նաև մասնագիտական լուրջ վերապատրաստումներ է ենթադրում։Առանց այս փուլերը անցնելու ուղղակի հնարավոր չէ հասնել համընդհանուր ներառական կրթության գաղափարին, որովհետև այստեղ մեկի իրավունքի պաշտպանությունը կարող է հանգեցնել մյուսի իրավունքների խախտմանը։ Կարևորը բալանսը պահելն է ու այդ գաղափարի իրագործման համար անհրաժեշտ   քայլերի ու մեխանիզմների ճիշտ հաջորդականության պահպանումը։
9Որո՞նք են ոլորտային խնդիրները որ կան այսօր ու ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումը։
-Այսօր հատկապես սուր է գիշերօթիկների ու հատուկ դպրոցների փակման հարցը ու երեխաներ վերադարձը ընտանիք։ Սխալ է երեխային տանել մի վայր՝ ադապտացնել այդ միջավայրին ու կրկին հետ վերադարձնել այն ընտանիք որտեղից նա դուրս էր եկել մի  շարք գնահատված ռիսկերի առկայության պայմաններում։ Կարևորը հատկապես այս խնդրի հետևանքով առաջացած հարցերին համահարթեցված լուծում չտալն է ու կատարել անհատական աշխատանք երեխաներից յուրաքանչյուրի հետ, որպեսզի խնդիրը որը ցանկանում էինք լուծել ավելի մեծ խնդիրների առջև չկանգնեցնի։
10Եվ վերջում ո՞րն է բաժնի տեսլականը որին ձգտում է հասնել բաժինը իր աշխատանքների վերջնական արդյունքում։
-Մեր  տեսլականը այն է, որ ՝ բոլոր երեխաները մեծանան իրենց ընտանիքներում, ցանկացած խնդիր հնարավոր լինի լուծել կոնստրուկտիվ ու բռնության բացառման եղանակով, ունենանք  որակյալ ծառայություններ մատուցող կառույցներ, որոնց նպատակը կլինի ընտանիքների հզորացումը, ունենանք այնպիսի հասարակություն որտեղ պաշտպանված կլինի յուրաքանչյուրի իրավունքը։ Այլ տարբերակ չկա։
-Շնորհակալ եմ տիկին Գորգինյան հետաքրքիր հարցազրույցի համար։


Комментариев нет:

Отправить комментарий