четверг

Ֆեյքերի բացահայտման հայտնի և ոչ հայտնի մեթոդներ

Հոդվածի հեղինակ՝
Ալեքսանդր Մարտիրոսյան

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված շատացել են ֆեյքերը՝ ֆեյսբուկյան կեղծ հաշիվները, որոնց օգտատերի կողմից իրականացվում է քարոզ, հակաքարոզ, մանիպուլյացիա, անձնական տվյալների հավաքագրում և այլ գործողություններ, որոնք մասնակիորեն ոչ իրավաչափ են և էթիկային դեմ։ Զուգահեռ տեղի է ունենում տեխնոլոգիաների աճ ՝ պայմանավորված երկրաչափական պրոգրեսիայով, ինչի արդյունքում էլ սերնդի աքսելերացիան դեպի տեխնիկան, օնլայն պլատֆորմերը և հայաստանյան ամենամեծ տարածումն ունեցող ֆեյսբուկ սոցիալական մեդիան մեծանում է օրեցօր։
Ելնելով այս և մի շարք այլ կարևոր նախապայմաններից, շատ եմ կարևորում հանրության իրազեկվածության մակարդակը կեղծ և իրական օգտատերերի տարբերակման տեսանկյունից, որի համար կան ինչպես բոլորին հայտնի՝ պարզ տարբերակներ և գործիքներ, այնպես էլ ոչ այնքան տարածված՝ խորամանկ և էլ ավեի արդյունավետ տարբերակներ։
Այժմ, որպես մեդիա փորձագետ կկիսվեմ ձեզ հետ մի քանի պարզ և արդյունավետ տարբերակներով ու գործիքներով, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։


Երբ դուք ստանում եք ընկերության առաջարկ անծանոթից, նրա իրականության հետ համապատասխանելիության ստուգման համար հարկավոր է կատարել հետևյալը՝
  • Ստուգեք օգտատիրոջ գլխավոր լուսանկարները, փորձեք հասկանալ դրանք հայտնի ինչ-որ մեկի լուսանկարնե՞ր են, թե՞ ոչ, կամ առհասարակ նկարներում առկա՞ է մարդ, մարդու դեմք։ Եթե լուսանկարներով դժվար է կողմնորոշվելը, ապա դիտեք լուսանկարների հավանումները և մեկնաբանությունները, որովհետև ֆեյք չլինելու դեպքում հավանականությունը մեծ է, որ այդտեղ կհայտնաբերեք օգտատիրոջ հարազատների և ծանոթների կողմից հրապարակված էմոտիկոններ, տեքստեր և այլն։ Դրանց բացակայության դեպքում մեծանում է հավանականությունը, որ օգտատիրոջ հաշիվը կեղծ է։
  • Ստուգեք ընդհանուր ընկերների ցանկը, բայց մի երաշխավորվեք այն հանգամանքով, որ ընկերության առաջարկ ուղարկողի հետ ունեք ընդհանուր ընկերներ, որոնց ճանաչում եք, որովհետև հավանական է, որ հենց ձեր ընկերները առանց վերլուծելու և կարևոր առանձնահատկություն տալու շատ հանգամանքների ու մանրուքների ընկերանում են ֆեյքերի հետ։ Փորձեք հասկանալ, արդյո՞ք ձեր ընկերների լուսանկարներում կամ գրառումներում որևէ տեղ նշված կա այդ օգտատերը, թե՞ ոչ։
  • Եթե ձեզ ընկերության առաջարկ ուղարկող օգտատերը չափահաս է, ապա փորձեք ճշտել, թե ո՞ր բնակավայրում է նա ապրում, այնուհետև մուտք գործեք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայքը, այնուհետև անցում կատարեք ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի համակարգ ու անուն, ազգանուն, բնակավայրի միջոցով փորձեք ճշտել, արդյո՞ք կա նման չափահաս, ընտրելու իրավունք ունեցող բնակիչ ՀՀ-ում, թե՞ ոչ։
  • Եթե ֆեյսբուկում չկա օգտատիրոջ համայնքը, ապա փորձեք դիտել իր ընկերների բնակության համայնքները։ Հավանականությունը մեծ է, որ ամենաշատ կրկնվող համայնքի ներկայացուցիչ էլ համարվում է օգտատերը։ Եթե օգտատիրոջ ընկերների համայնքները խիստ տարբեր են և գրեթե չեն կրկնվում, ապա մեծ է հավանականությունը, որ այն կեղծ հաշիվ է։
  • Փորձեք ներբեռնել օգտատիրոջ լուսանկարը, այնուհետև վերբեռնել այն գուգլի ֆոտո որոնման համակարգ, զուգահեռ՝ որոնման տեքստային դաշտում գրելով նաև օգտատիրոջ անուն-ազգանունը և կատարել որոնում։
  • Ֆեյսբուքում հնարավոր չէ թաքցնել ֆեյսբուկյան հաշվի բացման տարեթիվը, ինչը ևս կարևոր է հաշվի իսկությունը հասկանալու համար։ Բացման ամսաթիվը տեսնելու համար հարկավոր է մտնել «Մասին» բաժինը։
  • Մտեք օգտատիրոջ հաշվի «Մասին» բաժինը և փորձեք գտնել կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, բլոգ, ավարտած դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատավայրը։
  • Փորձեք գտնել դասընկերներին, կուրսեցիներին, գործընկերներին, եթե «Մասին» բաժնում ֆիքսված է դպրոցը, համալսարանը կամ աշխատավայրը։ Նանց գտնելու համար հարկավոր է քլիք անել հաստատության անվան վրա, որը ֆեյսբուքում սովորաբար գրվում է ավելի մուգ տառատեսակով։ Հետո մուտք գործեք նույն հաստատությունը ավարտած կամ նույն հաստատությունում աշխատող այլ օգտատիրոջ հաշիվ և ճշտեք, արդյո՞ք այդ մարդու հետ ընկեր է նա, թե՞ ոչ, կամ ունեն համատեղ լուսանկարներ, գրառումներ և այլն։
  • Դուք կարող եք դիտարկել նաև օգտատիրոջ գրառումները և տարածած տեղեկությունները, որոնց բովանդակությունից ելնելով նույնպես հնարավոր է հասկանալ ֆեսյբուկյան հաշվի նպատակը։
  • Փորձեք նույն անուն-ազգանունով և/կամ լուսանկարով գտնել այդ նույն օգտատիրոջը սոցիալական այլ ցանցերում, այնուհետև տվյալների համեմատությամբ ճշտեք․ նույն մա՞րդն է այն, թե՞ ոչ։
  • Օգտատիրոջ էջի ընտրանքի բաժնից փորձեք գտնել, արդյո՞ք օգտատերը մասնակցել է որևէ իվենթի, թե՞ ոչ, եթե այո, ապա բացեք իվենթը և ստուգեք դրանում հառկա հետմիջոցառումային լուսանկարները և փորձեք գտնել օգտատիրոջը միջոցառման վայրում։
  • Եթե հասկանում եք, որ այս տարբերակները չեն աշխատում, ապա պարզապես գրեք հաղորդագրություն օգտատիրոջը, տվեք մի քանի հարց վերոնշյալների վերաբերյալ և ճշտեք դրանց իսկությունը։ Սա թերևս ամենահեշտ տարբերակն է, բայց ամենավերջինը՝ բոլոր փորձվածներից հետո։

Վերջիվերջո, եթե որևէ տարբերակ չի հաջողվում և դրական արդյունք չի տալիս, ապա հորդորում եմ չընդունել ընկերության առաջարկը և բլոկի միջոցով ֆեյսբուքին տեղեկացնել, որ օգտատերը գործում է ֆեյսբուկյան ֆեյք հաշվով։

Չմոռանաք այցելել նաև այս կայքը, տեղադրել օգտատիրոջ անուն-ազգանունը և ֆեյսբուկյան հաշվի հղումը ու տեսնել, թե ի՞նչ է հավանել օգտատերը, ի՞նչ մեկնաբանություններ է թողել այստեղ, այնտեղ և ամենուր ու լիքը այլ մանրամասներ, որոնք ֆեյսբուկի միջոցով չեք կարող իմանալ։

Եթե դուք նույնպես ունեք ֆեյքերի բացահայտման այլ օպտիմալ և արդյունավետ մեթոդներ, ապա կիսվեք դրանցով և առավել տեղեկացված դարձրեք ձեր ընկերներին։


Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարի հղումը՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий