пятница

Մեդիագրագիտության դասընթացներ ուսուցիչների և դասավանդողների համար


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղողներին և դասավադողներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՄՍՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։ ՄՆԿ և ԿԳՄՍՆ համատեղ հուշագրով ամրագրել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը, նախարարությունը նաև երաշխավորել է ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը:
Դասընթացների առաջիկա հնարավորությունները
Մարտի 23-26 – Մեդիագրագիտության գարնանային դպրոց հասարակագիտական առարկաների ուսուցիչների համար
Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 1
Գարնանային դպրոցական արձակուրդի ընթացքում քառօրյա վերապատրաստման դասընթացին արող են դիմել ՀՀ միջին և ավագ դպրոցներում հասարակագիտություն և պատմություն դասավանդող բոլոր ուսուցիչները, որոնք հետաքրքրված են թեմայով և մտադիր են սովորածը ներառել իրենց առարկայի դասվանդման մեջ։
Մեդիագրագիտությունը ակտիվ քաղաքացու կարևոր հմտություններից է խոսքի ու տեղեկատվության ազատությունը, մեդիայի միջոցով իրավունքների իրացումն ու իշխանությունների աշխատանքի վերահսկողությունը, քննադատական մտածողությունն ու ինֆորմացիոն հոսքերում ճիշտ կողմնորոշվելն այն թեմաներից են, որոնք քննարկվելու են դասընթացի ժամանակ։
Դասընթացն անցկացվելու է Երևանում։
Ապրիլի 21-23 – Մեդիագրագիտությունը ոչ ֆորմալ կրթության ձևաչափում
Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 27
Դասընթացը ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կամակերպությունների դասընթացավարների համար է, որոնք մտադիր են մեդիագրագիտությունը ներդնել իրենց կազմակերպության ուսումնական ծրագրերում, տարածել գիտելիքն ու հմտությունները իրենց շահառուների շրջանում։ Դասընթացն անցկացվելու է Երևանում։
Հուլիսի 6- 10 – Մեդիագրագիտության ամառային դպրոց ուսուցիչների համար
Դիմումների վերջնաժամկետը՝ հունիսի 1
Հնգօրյա ամառային դպրոցի նպատակն է օգնել ուսուցիչներին ներառել մեդիագրագիտությունը տարբեր առարկաների դասավանդման մեջ և/կամ ներդնել այն դպրոցում խմբակի, ակումբի ձևաչափերով։
Ամառային դպրոցի ընթացքում ուսուցիչները
·         կծանոթանան մեդիագրագիտության հիմնական սկզբունքներին և գործիքներին, դրանց դասավանդման մեթոդաբանությանը,
·         մասնագետների հետ կքննարկեն մեդիայի պատմությունն ու ներկա դաշտը, մասնագիտական կանոններն ու օրենսդրական կարգավորումները, մեդիայի տեսակների առանձնահատկություններն ու փոխակերպումները,
·         կսովորեն գտնել, վերլուծել, ստուգել տեղեկությունները,
·         կկազմեն մեդիագրագիտության դասավանդման դպրոցական ծրագրեր՝ տարբեր ձևաչափերով։
Դպրոցն անցկացվելու է Երևանից դուրս՝ ճամբարի ձևաչափով։
Մասնակցության պայմաններ
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
·         ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
·         բ)  համառոտ նկարագրություն, թե որ դասընթացով եք հետաքրքրված և ինչու, ինչ ձևաչափով եք նախատեսում կիրառել մեդիագրագիտությունը (300 բառի սահմանում):
Փաստաթղթերն ուղարկել ՄՆԿ դասընթացների համակարգող Մարինե Քոչարյանին mkocharyan@mediainitiatives.am էլ հասցեով՝ նամակի վերնագրում նշելով, դասընթացի անվանումն ու ժամկետը:
Բոլոր դասընթացներն անվճար են, կազմակերպիչները հոգում են մասնակիցների տեղափոխման և գիշերակացի ծախսերը դրանց անհրաժեշտության դեպքում։ Ավարտին մասնակիցները ստանում են վկայագիր։
Ուսուցիչների գարնանային ու ամառային դպրոցների մասնակիցների համար կհայտարարվի փոքր դրամաշնորհների մրցույթ՝ նոր ուսումնական տարում իրենց դպրոցներում մեդիագրագիտության ծրագրեր ներդնելու համար (մինչև 250.000 դրամի չափով)։
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Հայտարարության սկզբնաղբյուրը կարող եք տեսնել այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий