«Գիրք կարելի է նվիրել ամեն օր, գիրք պետք է կարդալ ամեն օր» հանդիպում-քննարկումը Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը՝
կայացավ...
Գրքի մասին խոսել-քննարկելու համար հավաքվելը ճապոնական թեյախմության պես մի բան է: Հոգևոր ներսդ լցվում է մի հաճելի ջերմությամբ, ինքդ քեզանից հեռանում ես ու մոտենում, զգացականդ նորոգվում է, միտքդ սավառնում՝ հեղինակից հեղինակ մի նոր թափով: Քննարկում էինք գիրքը՝ իր ներս ու դրսով, իր անշոշափելի նյութականությամբ, իր ապրած-չապրածով, իր ասած-լռածով, լավ ու վատով, ձևով ու բովանդակությամբ: Երկու բառով ասած՝բացում էինք գրքի ակնահաճո ու սրտահաճո երեսները: Ու զրույցը շիկանում էր հենց նման հակասությունները քննարկելիս, մտքերի բախման արդյունքում, որն առաջնորդում էր դեպի մեկ այլ գրքավիճակի, մեկ այլ բացապարզման: Այդ շիկացումն այնքա՜ն նման էր բաժակի մեջ կրկին տաք թեյ լցնելուն:
Հ.Գ. Ես չէի դիմանա, եթե կատակով չասեի, թե ինձ համար հայտնաբերել եմ, որ գրադարանի գիրքը նման է ուրիշի կնոջ. վերցնում ես, զգուշությամբ կարդում, խուսափում ես որևէ հետք թողնել ու պիտի վերադարձնես սահմանաված ժամանակին, աչքդ դեռ կարոտ նրան՝ թերթ առ թերթ: Այստեղ տղամարդ ներկաներն ընդվզեցին, նշելով, որ ուրիշի կինը, այնուամենայնիվ շա՜տ անուշ է…
Եվս մեկ Հ.Գ. Ինչքան էլ խոսես, գրքի թեման միշտ կիսատ կմնա, թերևս նրա ֆենոմենն ու դեպի իրեն կրկին ձգելու մոգականությունն հենց դրանում է՝ ամբողջանալու ձգտման մեջ: Ուստի մասնակիցների խնդրանքով և պնդմամբ որոշվեց, որ նման հանդիպում-քննարկումները լինելու են ավելի հաճախակի ու շարունակական…
Մի վերջին Հ.Գ. Իսկ այս կենտրոնում զրույցներն ավարտվում են ինտելեկտուալ հարցերով, մրցանակային հաճելի անակնկալներով...
Գրառումը՝ Լուսինե Աղաջանյանի
Комментариев нет:
Отправить комментарий