среда

«Աշակերտները շատ ավելի հանդուրժող են, քան մեծերը». Հարցազրույց «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ


«Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյան 

-     -  Պարոն Ղազարյան, Կո՞ղմ եք արդյոք համընդհանուր ներառականությանը, թե՞ ամեն դեպքում ճիշտ էր մի քանի ներառական դպրոցներ ունենալը:
-         Նախ, ողջունում եմ համընդհանուր ներառական կրթության իրականացումը, սակայն ըստ իս մի փոքր շտապողականություն է ցուցաբերվել համընդհանուր ներառման անցնելու հարցում: Արդյո՞ք մարզի բոլոր դպրոցներն են պաստրաստ դրան և արդյո՞ք աջակցության խմբում ներգրավված մասնագետների խնդիր չկա մարզում: Կարծում եմ, կա և ավելին շատ դպրոցներ դեռևս ապահովված չեն տարրական պայմաններով ներառական կրթություն իրականցնելու համար, հարմարեցված պայմաններ ԿԱՊԿՈՒ աշակերտների համար, ռեսուրս-սենյակներ, հարմարեցված սեղան, աթոռ, հարմարեցված սանհանգույց և այլն, իհարկե, նշված խնդիրները մեր դպրոցում առկա են: Կողմ եմ համընդհանուր ներառմանը, սակայն ցանկալի կլինի, որ համընդհանուր ներառման անցնելուց առաջ ավելի մանրամասն մշակվեին բոլոր այն դրույթները, որոնցով պետք է առաջնորդվեն ուսուցիչները, տնօրենները: Օրինակ՝ գնահատման չափորոշիչներ, համընդհանուր ներառման միջավայրի ձևավորում:

- Ի՞նչ եք կարծում, ուսուցչի օգնականի ինստիտուտը կայացա՞ծ է դպրոցներում: Ինչքանո՞վ են ուսուցիչները, ուսուցչի օգնականները պատկերացնում իրենց գործառույթները: Ինչո՞վ են օգնելու, ինչ գործառույթներ են կայացնելու ուս. օգնականները:
- ԿԱՊԿՈՒ սովորողներին մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մանկավարժական աշխատողներն ունեն իրենց պարտականությունները, այդ թվում նաև ուսուցչի օգնականները: Ուսուցչի օգնականի ինստիտուտը հանրակրթական դպրոցներում ներդրվում է համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում, որի հիմնական նպատակը բոլոր սովորողների համար որակյալ կրթության ապահովմանը աջակցող մանկավարժական դիսցիպլինար (առարկայական) որոշակի խնդիրների շուրջ համապատասխան ծառայությունների տրամադրումն է: Ուսուցչի օգնականի պարտականությունները հստակեցված են համապատասխան փաստաթղթով: Նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը, օժանդակում է ուսուցիչներին, այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում, մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին, մասնակցում է դպրոցի մեթոդմիավորումների աշխատանքներին: Մեր դպրոցում և ուսուցիչները  և ուսուցչի օգնականը տիրապետում են իրենց գործառույթներին և համատեղ կազմում են դասի աշխատանքային պլանը, աշակերտի ԱՈՒՊ-ը որը շուրջտարյա գործընթաց է:


- Չե՞ք կարծում, որ դպրոցներում կա իրազեկման խնդիր՝ սեմինարներն ու վերապատրաստումները սակավաթիվ են, ինչի արդյունքում անհատական ուսումնական պլաններում (ԱՈՒՊ) ուսուցիչների մասնակցությունը թերի է, թեև այդ խնդիրն արդեն կարգավորվում է:
- Իրազեկման խնդիրներ միշտ կան և դա շարունակականություն պահանջող գործառույթ է, անկախ նրանից, թե որքանով ենք պատրաստ ներառական կրթություն իրականացնելուն, գտնում եմ, որ շատ ավելի նպատակային կլինի փորձի փոխանակման գործառությունների շրջանակներում հաճախակի լինեն միջդպրոցական, միջհամայնքային այցեր, գործնական պարապմունքներ և, ինչ խոսք, սեմինարներ պարապմունքներ, վերապատրաստումներ, որոնք էլ ավելի կնպաստեն համընդհանուր ներառական կրթությանը: Ավելի նպատակային կլինի նորաստեղծ տարածքային աջակցության կենտրոնի և դպրոցների համատեղ աշխատանքային մեթոդների ստեղծումը, որը երկուստեք օգտակար կլինի, որի շահառուն հանդիսանում է ԿԱՊԿՈՒ աշակերտը: Նոր ԱՈՒՊ-ների հետ կապված ցանկալի են վերապատրաստումներ, քանի որ կան բազմաթիվ անպարզ հարցեր:

 - Իսկ ի՞նչ եք կարծում Հայաստանում անհատական օգնականի ներդրման մասին, ինչո՞վ դա կօգնի դպրոցին:
- Երևի, ի նկատի ունեք անհատական օգնական ԿԱՊԿՈՒ սովորողների համար, ովքեր կաջակցեն և կօգնեն սովորողի տեղաշարժին, եթե կա կարիք սանհանգույցներից օգտվելու կամ տարաբնույթ խնդիրների առաջացման պարագայում, համարում եմ անհրաժեշտ նման օգնականների ներդրմանը, եթե դպրոցն ունի նմանօրինակ սովորողների խնդիր: Ցանկալի է, որ Հայաստանում ներդրվի անհատական օգնականի հաստիքը:

-         Ինչպե՞ս կարելի է հաղթահարել բախումները հատուկ կարիքներ ունեցող և մնացյալ աշակերտների ծնողների միջև: Արդյո՞ք առկա են նման խնդիրներ ձեր դպրոցում:
-         Մեր դպրոցում այլևս նման խնդիրը հաղթահարված է, քանի որ դպրոցը ներառական կրթությունը իրականացնում է դեռևս 2011 թվականից, բայց չի բացառվում, որ կլինեն նման խնդիրներ, որն ուղղակի ծնողների հետ ոչ պատշաճ աշխատանքի արդյունք է: Ոչ, մեր դպրոցում նման խնդիրներ չկան, քանի որ արդեն 8 տարի է ինչ իրականացնում ենք ներառական կրթությունը, խնդիրները լուծվել են շատ վաղուց՝ զրույցների և մոնիտորինգների շնորհիվ:

-         Արդյո՞ք արդիական չեք համարում այն հարցը, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին դպրոց բերելու համար պետք է հատկացվի տրանսպորտային միջոց:
-         Ոչ միայն արդիական է, այլ օրվա հրամայական, ինչպես հարմարեցված տրանսպորտային միջոցների առկայությունը, այնպես էլ հասարակական վայրերում հարմարությունների բացակայությանը, թանգարաններ, կինոթատրոններ, չէ՞ որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխան համարվում է դպրոցի աշակերտ և ունի արտադասարանական և արտադպրոցական խմբակներին ու դպրոցի ուսումնադաստիարակչական միջոցաումներին մասնակցելու լիարժեք իրավունք: Այո, ցանկալի է այդ հարցը լուծել ի օգուտ ծնողի և աշակերտի:

-         Դպրոցական համայնքի անդամները (ուսուցիչներ, աշակերտներ) ընկալու՞մ են ներառական կրթությունը որպես կրթության որակի արժեքային բարձրացում:
-         Կարծում ենք, որ արդեն այո, ընկալում են, քանի որ մեր դպրոցում այն իրականացվում է շուրջ 8 տարի:

-         Որո՞նք են հիմնական խնդիրները/ռիսկերը, որոնց բախվում են դպրոցները և ինչպե՞ս են դրանք լուծվում:
-         Բախումներ լինում են, քանի որ դեռ ներառական համակարգում կան բազմաթիվ բացեր, օրինակ՝ գնահատման համակարգը՝ (և՛ ընթացիկ, և՛ տարեկան), բացակայությունների հարցը:

-         Որքանո՞վ են հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներն ինտեգրված դպրացական կյանքում:
-         Մեր դպրոցում ԿԱՊԿՈՒ երեխաները ինտեգրված են դպրոցական կյանքին, սակայն լիարժեք ինտեգրված չեն արտադպրոցական միջոցառումներին, էքսկուրսիաներին ելնելով միջավայրի ոչ բավարար հարմարեցումներից:

-         Որքանո՞վ են աշակերտները հանդուրժող հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ:
-         Աշակերտները շատ ավելի հանդուրժող են, քան մեծերը: Երեխաները անսահման սեր ու հարգանք են տածում ԿԱՊԿՈՒ երեխաների հանդեպ, իսկ մեծահասակների մոտ կա իրազեկման կարիք:  

Հարցազրուցավար՝
Մարիա Կարապետյան

Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)

Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:


Լուսանկարը՝ Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

Комментариев нет:

Отправить комментарий