среда

Հույս ունեինք, որ մի քանի օրից պիտի վերադառնայիք մեր տները

Գյումրի-Երևան ուղևորությունն այս անգամ տարբերվեց մնացածից. մենքենայում ինձ ուղեկցում էր տիկին Կարինեն իր ամուսնու հետ. գնում էին Երևան՝ ամուսնու աչքի վիրահատության համար պայմանավորվածություն ձեռք բերելու: Ուղևորության ամբողջ ընթացքում տիկին Կարինեն պատմեց իր կյանքի ու ապրած դժվարությունների մասին:

Տիկին Կարինեի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել Արցախի Վազգենաշեն գյուղից, պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին: Ամուսինն ու ավագ որդին՝ 25-ամյա Ժորան, պատերազմի ընթացքում մնացել են Արցախում՝ պաշտպանելու իրենց հողն ու տունը:

Արմատներով գյումրեցի է տիկին Կարինեն, 24 տարեկանում ամուսնացել է և տեղափոխվել Աշտարակի Ոսկեվազ գյուղ: Ամուսնու մահից հետո ավագ որդու հետ տեղափոխվել է Արցախ: Որոշ ժամանակ անց ամուսնացել է պարոն Համլետի հետ: Համատեղ ամուսնությունից 2009թ-ին ծնվել է Գևորգը, որն այժմ 11 տարեկան է, երկու տարի անց ծնվել են «ջուխտակ» (տիկին Կարինեն այդպես է անվանում երկվորյակներին) աղջիկները: «Աստված գիտեր, որ աղջիկ երեխա չէի սիրում դրա համար պատժեց. մեկից երկուսին տվեց, էն էլ ահավոր չար: Աղջիկներիցս մեկին նայում եմ, իմ մանկությունն է աչքիս առաջ գալիս» ասում է ու ծիծաղում, հետո շարունակում. «Ինձ նման տանջված կլինեն, տղաները գիտես՝ սարի նման կանգնած են թիկունքիդ»:

Սեպտեմբերի 28-ի գիշերը տիկին Կարինեի մոտ տպավորվել է շատ հստակ. «Ժամը 3:30-ի մոտ էր, հացի խմոր էի հունցել, պատրաստվում էի թխել, որ առավոտ շուտ գնայի դաշտ՝ գործի: Հա կրակոցների ձայներ էի լսում, մտածում էի՝ մե՞ր տղեքն են պարապում, թե՞ թուրքերն են»: Հետո դաշտում, այլևս ձայներ չի լսել:

Այդ առավոտյան Գևորգը ժամը 05:30-ին պետք է այծերին տաներ արոտի, 08:30-ին վերադառնար տուն ու պատրաստվեր դպրոց գնալու: Բայց կրակոցների ձայներից վախեցել է տանից դուրս գալ ու մնացել է տանը:

«Նույնն օրն արդեն եկան, ասին՝ անվտանգ չէ գյուղում մնալը, տեղափոխվեք Հայաստան, չէի ուզում տունս թողնել ու դուրս գալ, ախր անասուններիս էլ էրեխեքիս պես սիրում էի, որ պահում ես, չես կարող չսիրել: Գյուղում թողեցի 40 այծ, 3 կով, սագեր, հավեր…» Սկզբում անասուններին թողել են հարևանի մոտ, բայց մեկ շաբաթ անց, ավագ որդին զանգել ու ասել է, որ հարևաններն այլևս չեն կարողանում պահել անասուններին: Տիկին Կարինեն էլ ասել է՝ բրախեք, թող գնան: Տանը թողել են ամեն ինչ. ձմեռվա համար նախատեսված պարկերով ալյուր, կարտոֆիլ և այլ մթերք, հագուստեղեն, գույք, ավագ որդու ավտոմեքենան: Հույս են ունեցել, որ մոտ ապագայում պետք է վերադառնան:

7 հոգանոց ընտանիքը (սկեսուրը, 4 երեխաները , տիկին Կարինեն ու ամուսինը)  ժամանակավոր ապաստանել է Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Փոխհատուցված գումարով անմիջապես ավագ որդուն ավտոմեքենա են գնել: Տիկին Կարինեն նշում է. «…ինքը սովոր էր ավտոյի, վիզը ծուռ չէի թողնելու»: Թերթում է հեռախոսը, մեկ առ մեկ ցույց է տալիս երեխաների նկարները… Պարզվում է 11-ամյա Գևորգը Գյումրի ինֆոտան կողմից իրականացրած «Մշակութային ինտեգրում» ծրագրի մասնակիցներից  մեկն է: Ժպտում ենք՝ նշելով, որ  Գյումրին փոքր քաղաք է:

Տիկին Կարինեն հույս է հայտնում, որ կգտնվի մի բարերար ու Գյումրուն մոտ գյուղական համայքներից մեկում իրենց տուն կնվիրի:

Նա փորձում է կյանքին թեթև նայել, երևի, որ չգժվի ու հնարավորինս բնական տանի կյանքի կողմից հասցված հարվածները:


Նյութի հեղինակ՝  Լուիզա Զաքեյան

вторник

Անցյալում Ստեփանակերտն է, ներկայում եւ ապագայում՝ Գյումրին

Ժիր ու աշխույժ Նարեն սիրում է մարդկանց հետ շփվել, խոսել իր հաջողությունների ու ապագայի մասին։ Հպարտանում է՝ նկարչական աշխատանքներ ունի, դրանցից մի մասը պահել է խմբակի աշխատասենյակում, մյուսները՝ բերել տուն։

«Նկարել եմ մեր տունը, արեւը, հետո ֆլոմով ներկել եմ»,-ցույց տալով աշխատանքներից մեկը՝ Նարեն շտապում է մյուս գործով եւս հիանալ։ «Ես եմ, ինձ եմ նկարել»,-ծիծաղում է նա։

Որոշել է՝ մարդկանց օգնելու եւ բուժելու համար բժիշկ է դառնալու, երազանք ունի։ Անցնում է մի քանի րոպե, դիմում է մորը՝ տիկին Արմինեին, ասելով«Բայց մա, կարո՞ղ է ես դասատու դառնամ»,-ծիծաղում ենք, Նարեն՝ լուռ ժպտում։


Տիկին Արմինեն ամուսնու եւ երկու դուստրերի հետ Ստեփանակերտից Գյումրի հասել է պատերազմի 3-րդ օրը։ Տեղափոխվելուց մեկ շաբաթ հետո երեխաներն հաճախել են Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց, որը տնից մեկ-երկու փողոց վերեւ է, քույրերը ոտքով են հասնում։ «Երբ եկանք, մամայիս ասացի, որ ինձ դպրոց տանի»,-ասում է ավագ դուստրը՝ Անուշը, նա սովորում է 5-րդ դասարանում, իսկ քույրը՝ 2-րդ։


Տիկին Արմինեի դուստրերն ուրախանում են՝ մշտապես ստանում են բարձր գնահատականներ, Անուշն օրագիրն է բերում, ստացած գնահատականները ցույց տալիս։ Նարեն եւս հպարտանում է՝ դպրոցում բոլոր առարկաները սիրում է, լավ է սովորում։ Նրանք դասերից հետո գնում են պարապմունքների՝ նկարչություն, պար, դիզայն, համակարգիչ, մոնտաժ։ Անկեղծանում են՝ Գյումրին իրենց դուր է գալիս, պարապմունքներն ու դասերն հետաքրքիր են անցնում։

6 ամսում քույրերը նոր ընկերներ են ձեռք բերել, բայց կարոտում են Ստեփանակերտին, իրենց հին տանն ու ընկերներին։

«Անուշը երբեմն լաց  է լինում, ասում՝ էնտեղի դպրոցն եմ ուզում, շատ է ուզում վերադառնալ Ստեփանակերտ»,-խոստովանում է տիկին Արմինեն։

Ընտանիքի մայրն ասում է, որ չեն կարողացել տան գույքը բերել, Գյումրիում՝ վարձու բնակարանում սեփականատերն է հիմնականում տրամադրել գույք՝ հեռուստացույց, մահճակալներ։ Երեխաներին խաղալիքներով, տաք շորերով օգնել են բարերարները, պետական աջակցություն եւս ստացել են։ «Ես Ստեփանակերտում վաճառող էի աշխատում, նաեւ մասնավոր պարապում։ Անգլերենի մասնագետ եմ»,-պատմում է տիկին Արմինեն։ Նա ծնվել եւ մեծացել է Գյումրիում, ծննդավայրում ստացել բարձրագույն կրթություն, ապա 2009 թվականին մեկնել Արցախ, որտեղ նույն տարում ամուսնացել է։ «Ամուսինս բնիկ ղարաբաղցի է։ Մենք վարձով էինք ապրում։ Ամսական տալիս էինք 35 հազար դրամ, նորմալ ապրում էինք։ Ես գոհ եմ եղել մարդկանց վերաբերմունքից։ Սկեսրայրս ապրում էր գյուղում, պատերազմի հետեւանքով տունն ավերվել է, հիմա պիտի սարքեն այդ տունը»,-ավելացնում է նա։

Տիկին Արմինեն Գյումրիում ապրում է երկհարկանի շենքի առաջին հարկի բնակարանում։ Ամսական վճարում է 40 հազար դրամ վարձ։ Ամուսինը մեկնել է Ստեփանակերտ, աշխատում է շինարարության ոլորտում։ «Հիմա Ստեփանակերտում տան վարձերը բարձր են։ Մենք մինչեւ պատերազմը վճարում էինք 35 հազար դրամ վարձ, հիմա ամսական դարձել է 120 հազար դրամ։ Էնտեղ նորմալ աշխատանք էլ չկա, որ գնանք, աշխատենք, դրա համար Գյումրիում ենք ապրում, բայց ամուսինս էնտեղ է աշխատում։ Ես գրանցվել եմ զբաղվածության կնետրոնում, բայց դեռ աշխատանք չունեմ»,-ավելացնում է տիկին Արմինեն։

Երկու դուստրերն էլ գոհ են դպրոցից, ուսուցիչներից, ասում են՝ իրենց ամեն ինչով օգնում են, իսկ բաց թողնված դասեր չունեն, ամեն ինչ հասցնում են։ 


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը

понедельник

Մշակութային ինտեգրում. Արցախցի պատանիները Loft Gyumri-ում

Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտունն ապրիլի 22-ին «Մշակութային ինտեգրում» ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված և Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում ապաստանած պատանիներին ու հաստատության սաներին այս անգամ հրավիրել էր իրենց ժամանցն ապահովելու և ծրագրի ավարտական շնորհանդեսին ներկա գտնվելու Loft Gyumri-ում:

Այս հանդիպումը մնացածից տարբերվում էր նրանով, որ արցախցի երեխաներն ու գյումրեցիներն արդեն հասցրել էին լավ ընկերներ դառնալ։ Մասնակիցներն  այնքան սրտատրոփ էին սպասում միջոցառման սկսվելուն, որ անգամ չէին ցանկանում հանել վերարկուները: Հանդիպումը սկսվեց  անակնկալ տեսահոլովակով, այն բոլոր մասնակիցների մասնակցությամբ էր՝ համեմված հետաքրքիր ու հումորային դրվագներով, որը պատրաստվել էր Գյումրի ինֆոտան կողմից «Մշակութային ինտեգրում» ծրագրի ընթացքում արված լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա:


 Տեսահոլովակ-շնորհանդեսը շատ դուր եկավ մասնակիցներին ու լայն ժպիտներ առաջացրեց նրանց դեմքին։ Առաջին իսկ վայրկյանից ջերմ ու ուրախ մթնոլորտ հաստատվեց: Տեսահոլովակի ավարտից հետո տեղի ունեցավ ծրագրին մասնակցած պատանիներին մասնակցության վկայագրեր հանձնելու պահը, որը նույնպես կատարվեց շատ հետաքրքիր եղանակով. մասնակիցները հայ մեծ գրողներից բանաստեղծություններ ու մեջբերումներ էին անգիր ասում և դրանից հետո նոր ստանում իրենց վկայագրերը։


Արարողությունն ավարտելուց հետո մասնակիցներն օգտվեցին տարածքում առկա սեղանի խաղերի տեսականուց, խաղացին պինգ-պոնգ, Playstation:  Որից հետո օգտվեցին պատրաստված հյուրասիրությունից. որտեղ բանիվ, այնտեղ հացիվ:  Համեղ հյուրասիրությունից հետո Արմեն Պետրոսյանն ապահովեց հրաշք օրվա ինտելեկտուալ ժամանցը՝ Կահուտ խաղով:  Մասնակիցների շրջանում նոր բացահայտումներ եղան, խաղն անցավ շատ ակտիվ, ազարտային մրցության ու ընկերական միջավայրում: Խաղի ավարտից հետո որոշվեց չեմպիոնը՝ Մեխակ Միրզոյանը, և պարգևատրվեց «ոսկե» մեդալով։


Ինտելեկտուալ հատվածի ավարտից հետո սկսվեց մշակութային, ազգային, հայրենասիրական հատվածը.  տաղանդավոր մասնակիցները հայրենասիրական երգեր երգեցին, անեկդոտներ պատմեցին, հանելուկներ առաջարկեցին: Հանդիպումն ինքնին եզակի էր նրանով, որ վերջինն էր մասնակիցների համար ծրագրի շրջանակներում, բայց ոչ վերջինն իրենց ընկերական այլ հանդիպումների համար, քանի որ բոլոր մասնակիցներն արդեն հասցրել էին փոխանակվել հեռախոսահամարներով և միմյանց անձնական էջերը գտել էին ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մասնակիցների տրամադրություներից ու կարծիքներից պարզ էր, որ միջոցառումը հաջողված ու ստացված էր։


Մասնակիցները հրաժեշտ տվեցին մեկմեկու՝ նորից հանդիպելու ակնկալիքով և խոստումով։

 

Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի կամավոր և
Գյումրի ինֆոտան անդամ Շարվիկ Պետրոսյանը