вторник

Անցյալում Ստեփանակերտն է, ներկայում եւ ապագայում՝ Գյումրին

Ժիր ու աշխույժ Նարեն սիրում է մարդկանց հետ շփվել, խոսել իր հաջողությունների ու ապագայի մասին։ Հպարտանում է՝ նկարչական աշխատանքներ ունի, դրանցից մի մասը պահել է խմբակի աշխատասենյակում, մյուսները՝ բերել տուն։

«Նկարել եմ մեր տունը, արեւը, հետո ֆլոմով ներկել եմ»,-ցույց տալով աշխատանքներից մեկը՝ Նարեն շտապում է մյուս գործով եւս հիանալ։ «Ես եմ, ինձ եմ նկարել»,-ծիծաղում է նա։

Որոշել է՝ մարդկանց օգնելու եւ բուժելու համար բժիշկ է դառնալու, երազանք ունի։ Անցնում է մի քանի րոպե, դիմում է մորը՝ տիկին Արմինեին, ասելով«Բայց մա, կարո՞ղ է ես դասատու դառնամ»,-ծիծաղում ենք, Նարեն՝ լուռ ժպտում։


Տիկին Արմինեն ամուսնու եւ երկու դուստրերի հետ Ստեփանակերտից Գյումրի հասել է պատերազմի 3-րդ օրը։ Տեղափոխվելուց մեկ շաբաթ հետո երեխաներն հաճախել են Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց, որը տնից մեկ-երկու փողոց վերեւ է, քույրերը ոտքով են հասնում։ «Երբ եկանք, մամայիս ասացի, որ ինձ դպրոց տանի»,-ասում է ավագ դուստրը՝ Անուշը, նա սովորում է 5-րդ դասարանում, իսկ քույրը՝ 2-րդ։


Տիկին Արմինեի դուստրերն ուրախանում են՝ մշտապես ստանում են բարձր գնահատականներ, Անուշն օրագիրն է բերում, ստացած գնահատականները ցույց տալիս։ Նարեն եւս հպարտանում է՝ դպրոցում բոլոր առարկաները սիրում է, լավ է սովորում։ Նրանք դասերից հետո գնում են պարապմունքների՝ նկարչություն, պար, դիզայն, համակարգիչ, մոնտաժ։ Անկեղծանում են՝ Գյումրին իրենց դուր է գալիս, պարապմունքներն ու դասերն հետաքրքիր են անցնում։

6 ամսում քույրերը նոր ընկերներ են ձեռք բերել, բայց կարոտում են Ստեփանակերտին, իրենց հին տանն ու ընկերներին։

«Անուշը երբեմն լաց  է լինում, ասում՝ էնտեղի դպրոցն եմ ուզում, շատ է ուզում վերադառնալ Ստեփանակերտ»,-խոստովանում է տիկին Արմինեն։

Ընտանիքի մայրն ասում է, որ չեն կարողացել տան գույքը բերել, Գյումրիում՝ վարձու բնակարանում սեփականատերն է հիմնականում տրամադրել գույք՝ հեռուստացույց, մահճակալներ։ Երեխաներին խաղալիքներով, տաք շորերով օգնել են բարերարները, պետական աջակցություն եւս ստացել են։ «Ես Ստեփանակերտում վաճառող էի աշխատում, նաեւ մասնավոր պարապում։ Անգլերենի մասնագետ եմ»,-պատմում է տիկին Արմինեն։ Նա ծնվել եւ մեծացել է Գյումրիում, ծննդավայրում ստացել բարձրագույն կրթություն, ապա 2009 թվականին մեկնել Արցախ, որտեղ նույն տարում ամուսնացել է։ «Ամուսինս բնիկ ղարաբաղցի է։ Մենք վարձով էինք ապրում։ Ամսական տալիս էինք 35 հազար դրամ, նորմալ ապրում էինք։ Ես գոհ եմ եղել մարդկանց վերաբերմունքից։ Սկեսրայրս ապրում էր գյուղում, պատերազմի հետեւանքով տունն ավերվել է, հիմա պիտի սարքեն այդ տունը»,-ավելացնում է նա։

Տիկին Արմինեն Գյումրիում ապրում է երկհարկանի շենքի առաջին հարկի բնակարանում։ Ամսական վճարում է 40 հազար դրամ վարձ։ Ամուսինը մեկնել է Ստեփանակերտ, աշխատում է շինարարության ոլորտում։ «Հիմա Ստեփանակերտում տան վարձերը բարձր են։ Մենք մինչեւ պատերազմը վճարում էինք 35 հազար դրամ վարձ, հիմա ամսական դարձել է 120 հազար դրամ։ Էնտեղ նորմալ աշխատանք էլ չկա, որ գնանք, աշխատենք, դրա համար Գյումրիում ենք ապրում, բայց ամուսինս էնտեղ է աշխատում։ Ես գրանցվել եմ զբաղվածության կնետրոնում, բայց դեռ աշխատանք չունեմ»,-ավելացնում է տիկին Արմինեն։

Երկու դուստրերն էլ գոհ են դպրոցից, ուսուցիչներից, ասում են՝ իրենց ամեն ինչով օգնում են, իսկ բաց թողնված դասեր չունեն, ամեն ինչ հասցնում են։ 


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամ
Հասմիկ Համբարձումյանը

Комментариев нет:

Отправить комментарий