понедельник

Մշակութային ինտեգրում. Արցախցի պատանիները Loft Gyumri-ում

Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտունն ապրիլի 22-ին «Մշակութային ինտեգրում» ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված և Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում ապաստանած պատանիներին ու հաստատության սաներին այս անգամ հրավիրել էր իրենց ժամանցն ապահովելու և ծրագրի ավարտական շնորհանդեսին ներկա գտնվելու Loft Gyumri-ում:

Այս հանդիպումը մնացածից տարբերվում էր նրանով, որ արցախցի երեխաներն ու գյումրեցիներն արդեն հասցրել էին լավ ընկերներ դառնալ։ Մասնակիցներն  այնքան սրտատրոփ էին սպասում միջոցառման սկսվելուն, որ անգամ չէին ցանկանում հանել վերարկուները: Հանդիպումը սկսվեց  անակնկալ տեսահոլովակով, այն բոլոր մասնակիցների մասնակցությամբ էր՝ համեմված հետաքրքիր ու հումորային դրվագներով, որը պատրաստվել էր Գյումրի ինֆոտան կողմից «Մշակութային ինտեգրում» ծրագրի ընթացքում արված լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա:


 Տեսահոլովակ-շնորհանդեսը շատ դուր եկավ մասնակիցներին ու լայն ժպիտներ առաջացրեց նրանց դեմքին։ Առաջին իսկ վայրկյանից ջերմ ու ուրախ մթնոլորտ հաստատվեց: Տեսահոլովակի ավարտից հետո տեղի ունեցավ ծրագրին մասնակցած պատանիներին մասնակցության վկայագրեր հանձնելու պահը, որը նույնպես կատարվեց շատ հետաքրքիր եղանակով. մասնակիցները հայ մեծ գրողներից բանաստեղծություններ ու մեջբերումներ էին անգիր ասում և դրանից հետո նոր ստանում իրենց վկայագրերը։


Արարողությունն ավարտելուց հետո մասնակիցներն օգտվեցին տարածքում առկա սեղանի խաղերի տեսականուց, խաղացին պինգ-պոնգ, Playstation:  Որից հետո օգտվեցին պատրաստված հյուրասիրությունից. որտեղ բանիվ, այնտեղ հացիվ:  Համեղ հյուրասիրությունից հետո Արմեն Պետրոսյանն ապահովեց հրաշք օրվա ինտելեկտուալ ժամանցը՝ Կահուտ խաղով:  Մասնակիցների շրջանում նոր բացահայտումներ եղան, խաղն անցավ շատ ակտիվ, ազարտային մրցության ու ընկերական միջավայրում: Խաղի ավարտից հետո որոշվեց չեմպիոնը՝ Մեխակ Միրզոյանը, և պարգևատրվեց «ոսկե» մեդալով։


Ինտելեկտուալ հատվածի ավարտից հետո սկսվեց մշակութային, ազգային, հայրենասիրական հատվածը.  տաղանդավոր մասնակիցները հայրենասիրական երգեր երգեցին, անեկդոտներ պատմեցին, հանելուկներ առաջարկեցին: Հանդիպումն ինքնին եզակի էր նրանով, որ վերջինն էր մասնակիցների համար ծրագրի շրջանակներում, բայց ոչ վերջինն իրենց ընկերական այլ հանդիպումների համար, քանի որ բոլոր մասնակիցներն արդեն հասցրել էին փոխանակվել հեռախոսահամարներով և միմյանց անձնական էջերը գտել էին ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մասնակիցների տրամադրություներից ու կարծիքներից պարզ էր, որ միջոցառումը հաջողված ու ստացված էր։


Մասնակիցները հրաժեշտ տվեցին մեկմեկու՝ նորից հանդիպելու ակնկալիքով և խոստումով։

 

Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի կամավոր և
Գյումրի ինֆոտան անդամ Շարվիկ Պետրոսյանը

Комментариев нет:

Отправить комментарий