Կառուցած մի տունն ավերվեց երկրաշարժի հետեւանքով, իսկ երկրորդը պատերազմը խլեց
Հոր մահճակալի մոտ սեղանին դրված է որդու մեծ լուսանկարը, կողքին մոմեր են, ծաղիկներ, աղոթագիրք։ 20-ամյա Ռաֆիկը պատերազմ մեկնել է հենց առաջին օրը, զորացրվել էր 6 ամիս առաջ։ Այդ ընթացքում հասցրել էր բանակ ճանապարհել կրտսեր եղբորը։ Ջրականի թեժ մարտերին է նահատակվել Ռաֆիկը՝ հոկտեմբերի 2-ին։
Հոկտեմբերի 6-ին հորը տեղեկացնում են որդու մահվան բոթը։ 20-ամյա Ռաֆիկի աճյունը տեղափոխում եւ հուղարկավորում են Գյումրիում։ «Ես ասելի էի՝ Շիրակ, իրենք հասկացել էին՝ Գյումրի։ Երբ բերեցին, ասացի՝ իմ քաղաքն է Գյումրին, այստեղ էլ կհուղարկավորեմ որդուս, բայց ես սկզբում նկատի էի ունեցել Արցախի Շիրակ գյուղը»,-ասում է հայրը։
Պատերազմի առաջին օրերին Արցախի Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղից է Գյումրի վերադարձել Սամվել Հարությունյանը։ Ծնունդով
գյումրեցին ընտանիքի հետ Արցախում բնակվել
է 1997 թվականից։ Պատմում է՝ 88-ի երկրաշարժի հետեւանքով կորցրել է տուն-տեղը,
հազիվ փրկվել, նոր բնակարան, սակայն, այդպես էլ չի ստացել։ «Մինչեւ հիմա տուն չեմ ստացել,
50-ամյակի վրա եմ ապրել, 7-րդ շենքում։ Հերթագրված էի, 2013 -ին ինձ ավտոմատ հանեցին
Լեննականի գրանցումից, սեցին՝ ըդպես է, ես այդ ժամանակ արդեն Լեննական չէի ապրի»։
1990-ականներին հաճախ է գնացել Արցախ, իսկ 1997 թվականից արդեն հաստատվել, ժամանակավոր
տուն կառուցել, ծառ տնկել, այգի հիմնել, զբաղվել հողագործությամբ։ Շիրակ գյուղում ընտանիքները
շատ չեն եղել, վերջին տարիներին հազիվ 7-8 ընտանիք է ապրել։
«Մատերիալ տվեցին, ես իմ ձեռքով տուն սարքեցի, ժամանակավոր էր, էնքան, որ բնակվանք։ Ինչղոր սարքեցի, էդպես էլ թողեցի, եկա։ Ամեն ինչ թողեցի թուրքին՝ մեքենաներ, կահույք, հեռուստացույցներ, ինչ կար-չկար մնաց էնտեղ։ 250 կգ նուռ էի հավաքել, պտղատու այգի ունեի՝ ծիրանի, խնձորենի, բոլոր ծառերը ես էի տնկել՝ 48 ծառ։ Էդպես կապրեինք, կինս մահացել է 3-4 տարի առաջ։ Իմ տուն-տեղս թուրքին թողնելու դիմաց մեզ պիտի փոխհատուցում անեին, բայց ոչ մի բանից տեղեկություն չկա, գիտեմ չիդեմ՝ պտի էնեն»,-ասում է Սամվել Հարությունյանը։ Պտղատու այգու բերք ու բարիքը չկա այլեւս, փոխարենն այգու պահ տված լուսանկարներն են։ «Ես էնտեղ իմ այգով կզբաղվեի, հիմա էստեղ ինչո՞վ զբաղվեմ»,-հարցնում է նա ու պատմում՝ գյուղում առաջարկել են տուն, ինքն էլ անկեղծացել է՝ Գյումրուն մոտ լինի, որ կարողանա ոտքով հաճախ գնա-գա որդու գերեզմանին։ «Զանգեցին, գյուղում տուն առաջարկեցին, համաձայնվա, բայց սեցի, որ Գյումրուն մոտ էղնի․․․պատասախնեցին, որ հարցը նիստի քննարկմանն են դրել։ Իսկ դրանից առաջ տուն էին առաջարկում Մասիսին մոտ․․․»,-ավելացնում է։
Երկու որդիների հետ Սամվել Հարությունյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ բնակվում է
Գյումրու թիվ 3 հատուկ դպրոցում, մինչ այդ Գյումրիում վարձով են բնակվել, ֆինանսական
խնդիրներն այլեւս թույլ չեն տալիս վարձ վճարել։ Կրտսեր որդին ծառայում է Արցախում,
իսկ միակ դուստրն ապրում է Կապանում։
Հայրը պատմում է՝ զոհված որդու հատուցման գումարը դեռեւս չեն ստացել, փաստաթղթային
խնդիր են ունեցել, հետո կարգավորել։ Հաշվարկել է՝ ապրիլի կեսերին, հավանաբար, հատուցումը
կստանան։
Ծախսերը շատ են, ապրելը՝ դժվար․ անկեղծանում է որդեկորույս հայրը․ ամեն անգամ Ստեփանակերտից փաստաթուղթ է հարկավոր, իսկ այն ձեռք բերելու համար ճանապարհածախս է պահանջվում։
Նյութը պատրաստեց Գյումրի ինֆոտան անդամ Հասմիկ Համբարձումյանը
Комментариев нет:
Отправить комментарий